«Տերմինալը չի գործում, և կարելի է ասել՝ դատական ակտն էլ ՊԵԿ-ը չի կատարում». Մեղրիի համայնքապետ
Ապրիլի 21-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցել էր Սյունիք և հանդիպել սյունեցիների դիմադրությանն ու բողոքներին, դրան հաջորդեց իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից մարզի մի շարք համայնքապետերին բերման ենթարկելը։
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոչ միայն բերման ենթարկեցին, այլև որոշակի «ստուգումներից» հետո փակեցին նրա ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսակետի հարևանությամբ գործող մաքսային հսկողության գոտին՝ տերմինալը, որտեղ կատարվում է Մեղրիի և Քաջարանի վերաբերյալ բեռների մաքսազերծումը։
168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասաց, որ տերմինալը մինչև այսօր շարունակում է չգործել։
«Իմ տեղեկություններով, Վարչական դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, այդպիսի գաղափար կա, եթե հայցը ֆինանսական կորուստներ է նախատեսում ընկերության համար, դատարանը մինչև վճռի ընդունումը կարգադրում է, որպեսզի վերջինս շարունակի գործունեությունը։ Այդ հանձնարարականն ուղարկել են Պետական եկամուտների կոմիտե, սակայն այնտեղից չեն կատարում։ Այսինքն՝ տերմինալը չի գործում, և կարելի է ասել՝ դատական ակտն էլ ՊԵԿ-ը չի կատարում»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Նրա խոսքով՝ տերմինալի չգործելն իրականում լուրջ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում գործող բիզնեսների համար։
«Այդ տերմինալը սպասարկում էր Մեղրիի և Քաջարանի տարածաշրջանի բիզնեսին, այդ թվում՝ Ագարակի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներին, խոշոր ներկրումներ կային։ Հիմա, գործող օրենսդրությամբ, նրանք պետք է գնան Կապանի տերմինալ, մաքսազերծվեն, նորից վերադառնան Մեղրի, Քաջարան։ Բացառության կարգով Մեղրիի մաքսակետում՝ ժամանակավոր առայժմ, տարածաշրջանի բեռների մաքսազերծումը կետում իրականացնում են, բայց ժամանակ առ ժամանակ մաքսակետի ղեկավարությունն ասում է, որ Երևանից արգելել են, այլևս հնարավոր չէ այնտեղ անել, ու ուղարկում են Կապան։ Հետո տեսնում են, որ խոշոր ընկերությունները բողոքում են, երկու անգամ նման միջադեպ եղել է, բեռները հավաքվել են, չեն տարել Կապան, մաքսակետում կուտակել են և հայտարարել, որ լրացուցիչ գումար չունեն, դե, նրանք էլ ստիպված նահանջել են, ու բեռներն այդ կետում մաքսազերծել են»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ իշխանությունը ցանկանում է այդ տերմինալը հանել, որպեսզի գործարար Խաչատուր Սուքիասյանն այնտեղ հիմնի սեփական տերմինալը, և հարցին՝ այս պահին դրա հետ կապված որոշակի գործընթացներ իրականացվո՞ւմ են, Մխիթար Զաքարյանը պատասխանեց, որ արդեն ինչ-որ շինարարության սկիզբ են դրել։
«Քանի որ այդ շինարարության հետ կապված փաստաթղթերն ամբողջական չեն, համայնքապետարանի կողմից նրանց առաջարկվել է, որպեսզի դադարեցնեն շինարարությունը, փաստաթղթերն օրինական ունենալուց հետո միայն շարունակեն շինարարությունը»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստում քննարկեցին և ընդունեցին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկում էին վերացնել ճանապարհային հարկի համար տրված արտոնությունը։ Ըստ իշխանական պատգամավորների՝ օրենքի կարգավորումը տրվել է մեկ տնտեսվարողի համար:
Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այդ ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և հայտարարեց, որ 2017 թվականի վերջին Սյունիքի համայնքապետերից մեկը նամակով դիմել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն, իսկ կառավարությունն էլ հավանության է արժանացրել այդ գաղափարը: