«Եթե Վահե Ղալումյանն այդպես է մտածում, համոզված եմ՝ իր մարզպետ եղբայրն էլ նույն տրամաբանության մեջ է. այդ խոսակցությունը նույն տեղից է դուրս գալիս». Լավրենտի Միրզոյան

«Տավուշ» հայրենակցական միության նախագահ, լեզվաբան, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանին զայրացրել ու զարմացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի այն հայտարարությունը, թե Տավուշի մարզում կան «ադրբեջանական անկլավներ և ադրբեջանական տարածքներ»։

Ըստ լեզվաբանի, այն գյուղերը, որոնք թվարկել էր իշխանական պատգամավորը, ամբողջությամբ հայկական գյուղեր են, որտեղ Խորհրդային Միության տարիներին ապրել են նաև ադրբեջանցիներ։

«Պատգամավորի թվարկած գյուղերն ադրբեջանական չեն, դրանք ամբողջովին հայկական են, դրանք երբևէ ադրբեջանական չեն եղել ու չեն էլ լինելու։ Բարխուդարլուն փոքր գյուղ էր, նախկին համայնավարության տարիներին մարդիկ գալիս-կանգնում էին։ Տավուշի նախկին մարզպետը հայտարարում էր, թե Ադրբեջանին հանձնվող որևէ գյուղ չկա, բայց տարբեր տեղեկատվություն են տարածում, թե մարզից մի քանի գյուղ հանձնում են, իսկ Վահե Ղալումյանն էլ հայտարարում, թե դրանք ադրբեջանական են։ Ի՞նչ ադրբեջանական, նա դեռ չի հասցրել հաց ուտել, սկսում է մտածել՝ հողը ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։ Մենք մտահոգ ենք այս անորոշ վիճակից, բայց նաև պատրաստակամ, որ որևէ մեկը չհամարձակվի Տավուշից մեկ մետր հող հանձնել։

Շամշադինի շրջանը, որն այսօր կոչվում է Բերդի խոշորացված համայնք, խորհրդային տարիներին ապրել են միայն հայեր, ընդ որում՝ այն երեք կողմից շրջափակված էր ադրբեջանցիներով։ Բա այդ նույն պատգամավորն ինչո՞ւ չի ասում, որ եղել է Ղազախը՝ Շամշադինի գավառը, որը լրիվ հայկական է, այն հիմնադրել են հայերը՝ 1883 թվականին։ 1918 թվականին Ղազախը հանձնեցին ադրբեջանցիներին, իսկ շամշադնեցիներին քշեցին սարերը, որն այսօրվա Տավուշի տարածաշրջանն է ընդգրկում»,- 168.amի հետ զրույցում ասաց Լավրենտի Միրզոյանը։

Ըստ նրա, Խորհրդային Միության ժամանակ թուրքերն անօրինական ձևով Տավուշի մարզի Արգեձոր համայնքի ամբողջ տարածքը գրավել էին, հիմնել էին անասնաֆերմա և աստիճանաբար զավթում էին շրջակա բոլոր տարածքները։ Նրանց դեմ սկսել էր պայքարել ու բողոքել այն ժամանակվա Շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Ավագյանը, որին աշխատանքից հեռացրել էին, որպեսզի նա չկարողանար շարունակել իր պայքարը։

«Սա թուրքերի քաղաքականությունն է, մինչդեռ ինչ-որ հայ պատգամավորը, որը, ով գիտի, երևի իսկի Շամշադինում էլ չի եղել, նման հայտարարություն է անում՝ ասելով, թե դրանք ադրբեջանական տարածքներ են։ Չինարի գյուղից մինչև մարզկենտրոն 92 կիլոմետր է, սարեր ու ձորեր են, թշնամին միշտ վախեցել է հարձակվել Տավուշի վրա, քանի որ մշտապես ծանր հարված է ստացել, հիմա երևի ուզում են այս ճանապարհով զավթեն Տավուշը։ Պետք չէ այնպես անել, որ տավուշեցիները լքեն իրենց բնակավայրերը, այլ հակառակը՝ անեն քայլեր, որ մարդիկ այնտեղ ամրանան։ Նախկին մարզպետը մի բան է ասում, պատգամավորը՝ մեկ այլ բան, ականատեսները՝ բոլորովին այլ բան»,- հավելեց Լ. Միրզոյանը։

Նա դժվարացավ բնորոշել պատգամավոր Վահե Ղալումյանի քայլը, որով նա նման հայտարարություն էր արել, սակայն նրան խորհուրդ տվեց խորանալ ընդհանուր հարցի էության մեջ և ասել ճշմարտությունը, որ դրանք հայկական տարածքներ են։

Միաժամանակ նա նշեց, որ իշխանական պատգամավորն իր այդ հայտարարությամբ մտահոգություններ է առաջացրել տավուշեցիների շրջանում, անորոշ վիճակում են և չգիտեն, թե ինչ է սպասվելու իրենց։

«Նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն ասում էր, թե անհանգստանալու բան չկա, որևէ տարածք, որևէ գյուղ թշնամուն չի հանձնվելու, հիմա նա նախարար է, ու չեմ հասկանում, երկու ամսում բան փոխվե՞ց։ Հիմա էլ իշխանական պատգամավորն ասում է, թե հայկական տարածքներն ադրբեջանական են, էհ, այդպես ինչպե՞ս կլինի։ Այդ պատգամավորը երևի լենինյան քարտեզների մասին է խոսում, որտեղ մեր ամբողջ Հայաստանը ծվեն-ծվեն են արել ու նվեր տվել Ադրբեջանին։ Այսօր անհնարին է, որ կարողանան կեղծել պատմությունը, աշխարհն էլ է հասկանում, որ սրանք զուտ հայկական տարածքներ են, բայց լռում է։ Եթե ընդամենը 1918 թվականին է քարտեզի վրա երևացել Ադրբեջանը, ինչպե՞ս են ասում, թե Արցախը ադրբեջանական տարածք է, իսկ Երևանն էլ ադրբեջանական հնագույն քաղաք է։ 103 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը, չգիտես ինչպես, արդեն դարձել է հնագույն երկիր, ավելին՝ ասում են, թե հավերժական քաղաք Հռոմից 29 տարով հին է, ավելի լավ է փաստերն ուսումնասիրեն»,- ասաց Լ․ Միրզոյանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր տավուշեցիները պետք է կանգնեն ու պատկան մարմիններին հարցնեն՝ ինչ է կատարվում։

«Եթե Վահե Ղալումյանն այդպես է մտածում, համոզված եմ, որ իր եղբար մարզպետն էլ նույն տրամաբանության մեջ է, որովհետև այդ խոսակցությունը նույն տեղից է դուրս գալիս։ Եթե հանկարծ իշխանությունն այս տրամաբանությամբ գնա, ապա Շամշադինը մեկուսանալու է, որովհետև Պառավաքարի հատվածի ճանապարհն ադրբեջանական կողմից կրակի տակ է, սարի ճանապարհը՝ Ճամբարակ-Բերդ հատվածը նույնպես։ Հիմա փոխանակ այս ճանապարհների մասին մտածեն, անհիմն հայտարարություններ են անում։ Վերանանք իրականությունից ու ենթադրենք, թե դրանք ադրբեջանական են, պետական մտածողություն ունեցող պաշտոնյան կասե՞ր, որ դրանք ադրբեջանական են»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը մայիսի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, գյուղերի փոխանակման կամ հանձնման մասին չէ։

«Ես տեսել եմ մամուլում գոյություն ունեցող փաստաթուղթը։ Ես իրավասու չեմ այդ ամենը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև փաստաթուղթն ինձ չի ուղղված, և փաստաթղթի մասին այնքանով գիտեմ, որքանով դուք գիտեք։ Եթե չեմ սխալվում, այդ փաստաթուղթն ամբողջական տարբերակն է։ Փաստաթղթում գյուղերի հանձնման մասին բան չկա։ Դրանով հանձնաժողով է ստեղծվում, որի գործունեությունը միտված է նրան, որ լուծի սահմանային խնդիրներ։

Գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի, խոսքը վերաբերում է հանձնաժողովի ստեղծման մասին։ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որոնք գտնվում են մեր հսկողության տակ, և կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են… Խոսքն անկլավների մասին է՝ Ոսկեպար, Բարխուդարլու, և այլն, քարտեզով դա ադրբեջանական տարածք է նշված։ Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք»,- ասել էր իշխանական պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս