«Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որոնք գտնվում են մեր հսկողության տակ․․․». Վահե Ղալումյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ փաստաթղթում, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է մայիսի 20-ի Կառավարության նիստի ժամանակ, չի հանդիպել այնպիսի կետի, որ Տավուշի ու Արարատի մարզի գյուղեր պետք է հանձնվեն թշնամուն։
«Ես տեսել եմ մամուլում գոյություն ունեցող փաստաթուղթը։ Ես իրավասու չեմ այդ ամենը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև փաստաթուղթն ինձ չի ուղղված, և փաստաթղթի մասին այնքանով գիտեմ, որքանով դուք գիտեք։ Եթե չեմ սխալվում, այդ փաստաթուղթն ամբողջական տարբերակն է։ Փաստաթղթում գյուղերի հանձնման մասին բան չկա։ Դրանով հանձնաժողով է ստեղծվում, որի գործունեությունը միտված է նրան, որ լուծի սահմանային խնդիրներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Ղալումյանը։
Հարցին՝ վստա՞հ է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ստորագրել մի փաստաթուղթ, որը 100 տոկոսով կբխի Հայաստանի շահերից, ինչպես իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը, Վահե Ղալումյանը պատասխանեց՝ հնարավոր է, ինչո՞ւ ոչ։
«Գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի, խոսքը վերաբերում է հանձնաժողովի ստեղծման մասին։ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որոնք գտնվում են մեր հսկողության տակ, և կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են… Խոսքն անկլավների մասին է՝ Ոսկեպար, Բարխուդարլու, և այլն, քարտեզով դա ադրբեջանական տարածք է նշված։ Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Վահե Ղալումյանը։
Այնուհետև նա լրագրողներից հետաքրքրվեց, թե գնացե՞լ են այդ գյուղեր, տեսե՞լ են։
Երբ լրագրողները նշեցին, որ այս գյուղերն իրենց համար հայկական են, Վահե Ղակլումյանը նկատեց՝ գուցե ստեղծվելիք հանձնաժողովն էլ այդպես որոշի։
«Մեր օրակարգում անկլավների հարցը չէ, այլ սահմանների ճշգրտման հարցն է, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատվի Ադրբեջանի հետ։ Պետք է բանակցենք, որ անեն։ Մինչև հիմա կռվել ենք, պետք է բանակցենք, որ հասկանանք»,- հավելեց նա։