«Ադրբեջանի հետ սահմանազատում կարող է լինել միայն այն դեպքում, երբ տեղի ունենա տարածքների դեօկուպացիա և Արցախի կարգավիճակի հստակեցում․ այս օրակարգը կարող է քննարկվել իրանական կողմի հետ». Վարդան Ոսկանյան

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ մայիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան, որին կհաջորդի նրա այցը Բաքու։

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը որքանո՞վ է կապված Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, Հայաստանն ի՞նչ կարող է սպասել Զարիֆի այցից, և հարևան երկրի արտգործնախարարի հետ հայկական կողմն ի՞նչ օրակարգ պետք է քննարկի։ Այս հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Ըստ Վարդան Ոսկանյանի, Հարավային Կովկասի տարածաշրջանը, հատկապես Հայաստանն Իրանի արտաքին քաղաքական օրակարգում բավականին առաջնահերթ տեղ ունի՝ մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի վերջին պատերազմի հետևանքները չեն կարող որևէ պարագայում գոհացուցիչ լինել Իրանի համար։

«Իրանը դեմ-հանդիման է կանգնել նոր մարտահրավերների, որոնք վերաբերում են երկրի կենսական շահերին ու անվտանգությանը։ Այս համատեքստում շատ օրինաչափ է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության, և ոչ միայն, շահագրգռվածությունը՝ ի մոտո ծանոթանալ վիճակին և փորձել գտնել լուծումներ՝ այդ իրավիճակներում իրանական շահերը հաշվի առնելով։ Իսկ այդ շահերը ենթադրում են մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգության խնդրին, որն Իրանի համար ըստ էության կարմիր գիծ է։ Հիշեցնեմ, որ պարոն Զարֆիը Հայաստան կատարած իր նախորդ այցի ժամանակ էր հայտարարել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի «կարմիր գիծն» է։ Իրանի խորհրդարանական դիվանագիտության ղեկավարը նույնպես ավելի բաց տեսքով հայտարարություն է կատարել»,- նշեց իրանագետը։

Նրա խոսքով՝ իրանցիները շահագրգիռ են, որպեսզի չստեղծվի որևէ «միջանցք», որը Թուրքիան Նախիջևանի միջոցով ցամաքով կկապի Ադրբեջանի հետ։ Հետևաբար՝ այս համատեքստում իրանցիները փորձում են ոչ միայն իրենց գործիքակազմով խաթարել դրա ստեղծումը, այլև առաջարկել այլընտրանքներ։

«Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորովին պատահական չէր, որ Իրանի տրանսպորտի նախարարն էլ շատ բարձր ակտիվություն է դրսևորում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ուղղությամբ, և մենք ունենք դրական ազդակներ Վրաստանից։ Ուստի իրանցիները փորձ են կատարում իրենց ունեցած ողջ գործիքակազմի սահմաններում, թե՛ տապալելու այն ծրագրերը, որոնք չեն բխում Իրանի շահերից, չեն բխում նաև Հայաստանի շահերից, թե՛ իրագործելու այն ծրագրերը, որոնք բխում են իրանական շահերից և համընկնում են հայկական շահերի հետ»,- հավելեց իրանագետը։

Նրա կարծիքով՝Հայաստան այցի շրջանակներում իրանական կողմն ունի իր օրակարգը։

«Զարաֆի այցն ինչ-որ տեղ կարելի է անվանել հանպատրաստից, քանի որ միայն այսօր տեղեկացանք, որ նման այց է սպասվում։ Ակնհայտ է, որ այցի հիմնական օրակարգը վերաբերելու է ոչ միայն երկկողմ՝ հայ-իրանական հարաբերություններին, այլև առհասարակ Հայաստան-Ադրբեջան հարթությունում առկա խնդիրներին։ Կարծում եմ՝ սահմանների սահմանազատման հարցերին անդրադառնալիս հայկական կողմը պետք է առաջնորդվի նաև իրանական կողմի հետ հարաբերությունները կառուցելիս՝ մեր Արտգործնախարարության դիրքորոշմամբ։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց կարող է լինել միայն այն դեպքում, երբ տեղի ունենա Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիա և Արցախի կարգավիճակի հստակեցում։ Հետևաբար՝ այս համատեքստում, եթե հայկական կողմից պետք է օրակարգ առաջարկվի, ապա այս օրակարգը կարող է քննարկվել իրանական կողմի հետ»,- նշեց Վ. Ոսկանյանը։

Շարունակելով՝ նա ընդգծեց, որ այս ամենից զատ՝ կա նաև այլ օրակարգ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգության բարձրացման գործում  իրանական հնարավոր մասնակցության խնդրին։ Հարցը չափազանց նուրբ է և պետք է տեղի ունենա այն համատեքստում, որ հայկական կողմը փորձի համադրել իրանական ու ռուսական կողմի անվտանգային շահերը տարածաշրջանում՝ դառնալով յուրօրինակ հարթակ Ռուսաստան-Հայաստան-Իրան եռակողմ  փոխգործակցության հարցում։

«Սակայն այս իշխանություններից ակնկալել, որ նրանք կառաջնորդվեն Հայաստանի շահերով, կարծում եմ՝ պատրանք է, որոշակի հույս է ներշնչում Արտգործնախարարության հատուկ կեցվածքն ու դիրքորոշումները, որոնց շրջանակը, հատկապես վերջին հայտարարության համատեքստում, բնականաբար, ընկալելի է»,- ասաց իրանագետը։

Ինչ վերաբերում է Իրանի արտգործնախարարի այցին Բաքու, Վարդան Ոսկանյանը նկատեց՝ պետք է հայկական կողմը հասկանա իրանական դիվանագիտության առանձնահատկությունը, որն աշխատում է՝ հաշվի առնելով Իրանի համար ամենառիսկային մի խնդիր՝ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները և այդ համատեքստում Իրանի վրա Միացյալ Նահանգների կողմից պարբերական ճնշումները՝ պատժամիջոցները։

«Իրանցիները փորձում են հարևան բոլոր պետությունների հետ պաշտպանել հարաբերությունների այնպիսի մակարդակ և ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ հնարավորինս քիչ կլինեն սպառնալիքները, հաշվի առնելով այն հիմնական սպառնալիքը, որը բխում է Միացյալ Նահանգներից։ Հիմա կարծես թե երկու երկրների հարաբերություններում դրական իմաստով որոշ տեղաշարժեր նկատելի են, սակայն սա դեռևս չի նշանակում, որ իրանցիները վստահ են, թե գործընթացը կգնա բացառապես դրական ուղիով։ Ուստի, գործնական տիրույթում ակնհայտ է, որ իրանական կողմը, անկախ հայտարարություններից,  փորձելու է իր ունեցած հնարավորությունների սահմաններում բարձրացնել Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես՝ Հայաստանի անվտանգության մակարդակը, դա վերաբերում է բոլոր տիրույթներին, այդ թվում՝ ռազմական։ Ինչ վերաբերում է  Ադրբեջանին, ապա բացառել որոշակի քաղցրախոսության դրսևորում չի կարելի, բայց ասեմ, որ իրանական շահերից չի բխում, որպեսզի այս տարածաշրջանում լինի ուժեղ Ադրբեջան և թույլ Հայաստան։

Հակառակը՝ իրանցիների շահերից է բխում, որ Հայաստանը հնարավորինս ուժեղ դիրքեր ունենա և լինի հզոր երկիր, որովհետև մենք ենք ստանձնում ադրբեջանաթուրքական ախորժակի զգալի հատվածը, այն ախորժակի, որը միտված է նաև Իրանի դեմ։ Մենք հիշում ենք Էրդողանի ոչ ողջամիտ հայտարարության, բանաստեղծության արտասանությունը, որն ուներ հակաիրանական բնույթ։ Իրանցիները շատ լավ հասկանում են, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին միավորումն  ըստ էության հակաիրանական գոյակցություն է, այլ խնդիր է, որ դիվանագիտական լեզվի մակարդակում շատ հաճախ դա ուղղակիորեն կարող է ի ցույց չդրվել։ Սպասենք, տեսնեք՝ ինչպիսի ուղերձներ, բանակցություններ կլինեն, դրանից հետո կարող ենք ավելի հեռուն գնացող հետևություններ անել»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս