Գնորդները կորցրել են հետաքրքրություններն անշարժ գույքի շուկայի նկատմամբ

Վերջին շրջանում դրսի գնորդները մեծապես պասիվացրել են մասնակցությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ինչը նախորդ 2 տարիներին դարձել էր շուկայի ակտիվացման հիմնական գործոններից մեկը։ Այդ երևույթը նկատվեց համավարակի սկզբնական շրջանում, բայց խորացավ հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո։

Այսօր էլ միտումը պահպանվում է։

Այլ երկրների քաղաքացիներն այս տարի կիսով չափ ավելի քիչ գույք են ձեռք բերել Հայաստանում, քան ձեռք էին բերել անցած տարի։ Խոսքը գույքի տարբեր տեսակների մասին է՝ բնակարան, հող, ավտոտնակ, արտադրական կամ հասարակական շինություններ։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա առաջին երեք ամիսներին օտարերկրացիները Հայաստանում գնել էին 509 անշարժ գույք։ Այս տարի գնել են ընդամենը 256-ը։

Անշարժ գույքի շուկայում հետաքրքրությունների նման կտրուկ նվազումը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Ղարաբաղյան պատերազմից հետո ի հայտ են եկել անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք ստիպել են շատերին փոխել իրենց մտադրությունները։ Հայաստանն այլևս նախկին անվտանգ երկիրը չէ, որտեղ փորձում էին իրենց ապագան կառուցել դրսի մեր հայրենակիցները։

Հիշեցնենք, որ անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները հիմնականում այլ երկրների քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցներն են։

Վերջին իրադարձություններից հետո նրանք այլևս նախկին ակտիվությունը չեն ցուցաբերում՝ Հայաստանում անշարժ գույք ունենալու համար։ Ընդհակառակը՝ մի մասն էլ սկսել է ազատվել ունեցած գույքից։

Օտարերկրացիներն այս տարի իրենց պատկանող կրկնակի ավելի շատ գույք են վաճառել, քան գնել են։

Գնել են 256-ը, վաճառել՝ 564-ը։ Վաճառված գույքը 2,2 անգամ ավելի է, քան գնվածը։

Անշարժ գույքը վաճառողների գերակշիռ մասը եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Վաճառված գույքի ավելի քան 81 տոկոսը բաժին է ընկել նրանց։ Մեծ մասը բնակարաններ են և հող։

Երեք ամսում ՌԴ քաղաքացիները Հայաստանում վաճառել են 280 բնակարան, ևս 158 միավոր հող։ Փոխարենը՝ գնել են ընդամենը 87 բնակարան և 28 միավոր հող։

Տարբերությունը հսկայական է ու ոչ միայն՝ բնակարանների ու հողի հետ կապված գործարքներում։ Եթե անցած տարվա առաջին 3 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները Հայաստանում գնել էին ընդհանուր առմամբ 340 անշարժ գույք, ապա այս տարի գնել են ընդամենը 139-ը։ Գրեթե 2,5 անգամ ավելի քիչ, քան 2020թ. առաջին եռամսյակում։

Մյուս երկրների քաղաքացիների շրջանում ևս նվազել են գույք ձեռք բերելու հետաքրքրությունները։

Գրեթե մեկ երրորդով կրճատվել են Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցողների կողմից մեր անշարժ գույքի շուկայում կատարված գույքի ձեռքբերման գործարքները։ Անցած տարի գնել էին 49 միավոր անշարժ գույք, այս տարի գնել են 34-ը։ Մեծ մասը՝ բնակարաններ։ 34 գործարքից 20-ը եղել է այդպիսին։ Գնվել է ևս 10 միավոր հող։

Եվրոպական պետությունների քաղաքացիները տարեսկզբի 3 ամիսներին կնքել են անշարժ գույքի գնման 29 պայմանագիր։ Նախորդ տարվանից գրեթե 22 տոկոսով պակաս։ Գործարքների մեծ մասն առնչվում է բնակարաններին։

Գործարքների կրճատումը բավական մեծ է ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՊՀ մյուս երկրների պարագայում։

ԱՊՀ քաղաքացիներն այս տարի Հայաստանում 38 տոկոսով քիչ գույք են գնել, քան 2020թ.։ Նախապատվությունը կրկին տրվել է բնակարաններին։

Օտարերկրացիներն ընդհանուր առմամբ Հայաստանում գնել են 162 բնակարան և բնակելի տուն։ Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել, նշենք, որ անցած տարվա առաջին 3 ամիսներին նրանց կողմից գնված բնակարանների քանակը հասնում էր 350-ի։

Իհարկե, կան նաև երկրներ, որոնց քաղաքացիներն այս տարի ավելի ակտիվ են եղել ձեռքբերման, քան վաճառքի գործարքներում։ Բայց նրանց մասնակցությունը գործարքներում մեծ չէ։ Շուկայի վրա էական ազդեցություն է թողնում առավելապես ռուսական քաղաքացիություն ունեցողների վարքագիծը։

Օտարերկրացիների մասնակցությունն անշարժ գույքի շուկայում դարձել է շուկայի պասիվացման գուցե ոչ շատ մեծ, բայց կարևոր գործոններից մեկը։ Ժամանակին արտաքին հատվածից թելադրված ակտիվությունը բավական լուրջ խթան հաղորդեց գործարքներին։ Այն դարձավ նաև անշարժ գույքի թանկացման հիմնական պատճառներից մեկը։ Սակայն անցած տարվա սկզբից այդ պրոցեսը կանգ առավ։ Անշարժ գույքի գները, որոնք ինչ-որ առումով նաև արհեստական գնագոյացման արդյունք էին, սկսեցին նվազել։

Այսօր դրանք ավելի ցածր են, քան մեկ տարի առաջ էին։ Պաշտոնական տվյալներով, Երևանի բնակարանային շուկայում վերջին 1 տարվա ընթացքում գները նվազել են 6 տոկոսով։ Մարզերում գնանկումը հասնում է 4,1 տոկոսի։

Սրանք դրամային արտահայտությամբ գնային փոփոխություններն են։ Բայց դա լիարժեք չի արտահայտում շուկայի իրական պատկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնագոյացումը կատարվում է գերազանցապես տարադրամով։

Դրամի արժեզրկումը հաշվի առնելու պարագայում՝ անշարժ գույքի գների նվազումը կարող է հասնել ընդհուպ 15 տոկոսի։

Այն անորոշություններն ու անկայունությունը, որն առկա է մեր երկրում, ամենևին էլ նպաստավոր չէ անշարժ գույքի շուկայի վերականգնման համար։ Նախորդ տարվա կտրուկ նվազումից հետո առաջիկայում ցուցանիշներում, անշուշտ, որոշակի աճ կարտահայտվի, բայց դա բավարար չի լինի կորցրածը հետ բերելու համար։

Շուկայի վրա շարունակում են իրենց ազդեցությունը պահպանել մի շարք էական գործոններ։ Խոսքն ինչպես՝ դրսից, այնպես էլ՝ ներսից թելադրվող պահանջարկի մասին է։ Սպառողական գների համեմատ եկամուտների ոչ համաչափ ավելացման հետևանքով ներքին միջավայրում խորացել է աղքատությունը՝ կրճատելով վճարունակությունը, այդ թվում՝ անշարժ գույքի շուկայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս