Բաժիններ՝

«Ես որպես ՀՀ քաղաքացի եմ հարցնում՝ 68.000 դրամով հնարավո՞ր է ապրել». Քաղաքացին ահազանգում է ՊՆ քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին

168.am-ի խմբագրություն ահազանգած Պաշտպանության նախարարության (ՊՆ)՝ քաղաքացիական ծառայության հաստիքներ զբաղեցնող մի խումբ քաղաքացիներ բողոքում էին  ՊՆ վարձատրության անհամաչափությունից:

«Վերջին 3 տարում 4 անգամ զինվորականների աշխատավարձերը բարձրացրին, իսկ քաղաքացիական հաստիքով աշխատողներինը ոչ միայն չբարձրացավ, այլև մի մասինն էլ պակասեց մոտ 35-40 %-ի չափով»,- ասաց ՊՆ աշխատակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ մոտ 10 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի օրոք, օրենք էր ընդունվել, ըստ որի՝ բազաների, պահեստների բանվորները կոչվում էին բարձման, բեռնաթափման աշխատանքների բանվորներ:

«Գոյություն ուներ տոննաժ հասկացությունը, որով մինչև 2020թ. հունվարը բանվորները վարձատրվում էին 103-109.000 դրամի չափով: Ներկայումս այդ տաժանակիր աշխատանքի համար մարդիկ ստանում են ընդամենը 68.000 դրամ աշխատավարձ: Հեղափոխությունից հետո, փաստորեն, մարդիկ 68.000 դրամով մեքենա են դատարկում ու բարձում»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս հավելեց, որ քանի որ բանակի սննդի մատակարարումը տվել են մասնավոր ընկերությանը,  պարենային գլխավոր բազայի աշխատակիցներին, օրինակ, ասել են՝ քանի որ արդեն իսկ իրենց աշխատանքը տոննաժին չի բավարարում, ուստի նախկին 103-109.000 դրամի չափով վարձատրություն չի լինելու, այլ 68.000 դրամ են ստանալու:

«Էդ 68.000 դրամով մարդիկ ո՞նց են ընտանիք պահելու: Սրա մասին Պաշտպանության նախարարությունում մտածե՞լ են: Նախկին իշխանությունների օրոք խոսակցություն կար, որ մեր աշխատավարձը հասնելու է 150-160.000 դրամի, բայց չհասցրեցին, իսկ նոր իշխանություններն էլ պակասեցրին կրկնակիի չափով: Այդ հաստիքներում բազմաթիվ մարդիկ են աշխատում՝ բանվորներ, հավաքարարներ, արհեստավորներ, հարկի հերթապահներ, սանիտարներ, ու նման չնչին աշխատավարձով»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացիներից մյուսը:

Վերջինս նշեց, որ ՊՆ-ի՝ զինվորական հաստիքներում ծառայող աշխատակիցները շատ հաճախ, երբեմն՝ նույնիսկ ամեն ամիս կամ երկու ամիսը մեկ անգամ ստանում են դրամական մեծ չափի խրախուսումներ, իսկ քաղաքացիական հաստիքով աշխատողներին չեն տալիս:

«Երեք տարվա մեջ ընդամենը 2 անգամ ենք խրախուսում ստացել, ամենաշատը՝ մեր աշխատավարձի 40 տոկոսի չափով: Բացի դրանից, ինչպես գիտեք, գոյություն ունեն բժշկական և սոցիալական ապահովագրության փաթեթներ: Այդ փաթեթները շատ ծայրահեղ իրավիճակում աշխատող փաթեթներ են, տհաճ է անգամ դրանցից օգտվելը: Ավելի լավ է՝ չլինեն, որովհետև դրանցով մարդ չի կարող բուժվել, օգտվել կարող ես միայն ծանր վիրահատությունների դեպքում, այն էլ՝ որոշ խնդիրներով»,- ասաց ՊՆ աշխատակիցը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ քաղաքացիական հաստիքով աշխատող ծառայողների վիճակը շատ ծանր է:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի եմ հարցնում՝ 68.000 դրամով հնարավո՞ր է ապրել: Մարդիկ ընտանիք, երեխաներ ունեն, վարկ ունեն, պարտք ունեն, ուտել են ուզում, հագնել… Ի վերջո, առիթ է լինում, չեն կարողանում որևէ խնջույքի կամ միջոցառման մասնակցել, հյուր չեն կարողանում ընդունել: Մեկը չկա՝ մեր խնդրի մասին բարձրաձայնի: Իրենք պատճառաբանում են, թե տոննաժ չկա, գործը քչացել է, փողն էլ՝ հետը, բայց չէ՞ որ աշխատողներն էլ են քչացել: Օրինակ, եթե նախկինում բանակում կարող էր լինել 5000 քաղաքացիական հաստիքով աշխատող մարդ, հիմա մնացել են 2.500-ը»,- նշեց խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ հավելելով, որ պարենային բազայում տարիներ առաջ աշխատել են 35-40 հոգի, հիմա մնացել են 10-12-ը, իրային բազայում 12-ից մնացել են 6-ը:

Մեր զրուցակիցները հատկապես շեշտեցին, որ անտեսված է ոչ միայն բանվորը, այլև բանակի քաղաքացիական ծառայողն առհասարակ:

«Այսօր հրահանգ կա, որ Պաշտպանության նախարարության բացերի, թերությունների մասին բարձրաձայնողներին աշխատանքից հեռացնեն: Բայց նույնիսկ դա չի խնդիրը: Մենք բողոքի ակցիաներ չենք անում, որովհետև չենք ուզում բանակին վնասել, բայց չէ՞ որ մենք էլ ապրելու խնդիր ունենք, ուսանող, դպրոցական երեխաներ, իսկ այդ ստորացուցիչ վարձատրությամբ որևէ հարց հնարավոր չի լուծել: Մենք էլ ճիշտ այնպես, ինչպես զինծառայողները, թև ու թիկունք ենք մեր բանակին: Նույն չարչարանքով ու նվիրվածությամբ ենք աշխատում, բայց ինչո՞ւ համարժեք վերաբերմունք չենք ստանում»,- տարակուսում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, հատկապես, եթե իրենց իրավունքների մասին բարձաձայնելու համար խնդիրներ ունենան:

Ըստ նրա՝ վերադասը պատճառաբանում է, թե կորոնավիրուս է, պատերազմ է, բյուջեում փող չկա, այդ դեպքում ինչո՞ւ այդ սահմանափակումները մյուսների վրա չեն տարածվում, ինչո՞ւ են հսկայական պարգևավճարներ, դրամական մեծ չափի խրախուսումներ ստանում:

«Կարկուտը ծեծած տե՞ղն է ծեծում: Թե՞ իրենցը ընտանիք է, երեխաներ են, մերը չէ՞: Բա ինչո՞ւ դա գեներալների վրա չի ազդում: Իրենց հա՛մ աշխատավարձն է բարձր, հա՛մ պարգևավճարները՝ բարձր ու հաճախակի, հա՛մ ապահովագրություններն է նորմալ: Նախարար Վաղարշակ Հարությունյանն ասում է՝ բարեփոխումներ ենք անում… Ի՞նչ բարեփոխում, եթե դու մարդկանց փող չես տալիս իրենց կատարած աշխատանքի դիմաց, ինչի՞ մասին է խոսքը: Այդքան մարդկանց գործազուրկ դարձրեցիք, էղածներին էլ կոպեկներ եք տալիս…»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս