Բաժիններ՝

«Գոլդ» պետհամարանիշերի գողության դեպքում օգտագործողին կհատկացվի դրա կրկնօրինակը. Ոստիկանության նոր նախագիծ

Վերջին շրջանում ավտոմեքենաների հաշվառման սովորաբար մեծ պահանջարկ ունեցող, կամ, ինչպես վարորդներն են սիրում ասել՝ «գոլդ» համարանիշերի հափշտակության դեպքերն ավելի հաճախակի են դարձել: Օրեր առաջ 168.am-ը անդրադարձել էր Արդարադատության նախարարության՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում էր քրեական պատասխանատվություն սահմանել հաշվառման համարանիշերի հափշտակության, ինչպես նաև շորթման համար: Այլ կերպ ասած՝ նախատեսվում էր խստացնել արդեն իսկ առկա, բայց վարորդների պնդմամբ՝ չգործող կարգն ու օրենսդրությունը:

Շահագիրգիռ անձինք այդ նախագծին այդքան էլ լրջությամբ չէին վերաբերվում, նաև վստահ չէին, որ ոստիկանությունը հետևողական կլինի, «մնում է՝ ոստիկանությունն աշխատի»՝ ասում էին վարորդները:

Եվ հիմա էլ Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել, իր հիմնավորմամբ, մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունը կանխելուն ուղղված նախագիծ: «ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց պայմաններում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության և կորստի դեպքում այն օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը:

«Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն՝ տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի հեղինակների՝ հիմնավորման գործող կարգավորումներով համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում օգտագործողը զրկվում է կրկնօրինակը ստանալու հնարավորությունից, ստիպված է լինում ստանալ հերթական կամ մեծ պահանջարկ ունեցող այլ թվերի կամ այլ տառերի համադրությամբ համարանիշ՝ վճարելով գործող կարգավորմամբ նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար նախատեսված լրացուցիչ գումարը:

Ոստիկանությունն էլ է այն կարծիքին, որ հենց նման կարգավորման պատճառով են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը դառնում հափշտակության առարկա, քանի որ հափշտակողները, կարգավորմանը ծանոթ լինելով, այդ համարանիշերը վերադարձնելու համար դրա արժեքից որոշ չափով նվազ գումար էին պահանջում:

Վարորդների մեծ մասն էլ, քաշքշուկների մեջ չընկնելու, վստահության պակասի կամ էլ արդեն իսկ ունեցած անհաջող փորձի պատճառաբանությամբ՝ իրենց մեքենայի պետհամարանիշերի հափշտակության դեպքում չեն դիմում իրավապահներին ու կատարում են հափշտակողների պահանջները՝ նրանց հետ բանակցելով, երբեմն նաև հաջողելով ու իրենց պետհամարանիշը հետ ստանալու գինը փոքր-ինչ նվազեցնելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս