Բաժիններ՝

«Մնում է՝ ոստիկանությունը աշխատի». մինչև 2 տարվա ազատազրկում՝ մեքենաների պետհամարանիշերի հափշտակման համար

Վերջին շրջանում հաճախակի դարձած հաշվառման համարանիշերի հափշտակության դեպքերը կարծես  անհանգստացրել են նաև Արդարադատության նախարարությանը: Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման է ներկայացվել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել հաշվառման համարանիշերի հափշտակության, ինչպես նաև շորթման համար: Այլ կերպ ասած՝ խստացվելու են արդեն իսկ առկա, ու վարորդների պնդմամբ՝ չգործող հետևանքները:

Նախագծի հեղինակները ևս հաստատում են փաստը, որ վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի հափշտակության, այնուհետև՝ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց պահանջի դեպքերը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  միայն Երևան քաղաքում 2020 թվականի և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում  արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի հափշտակության 306 դեպք: Դրանցից միայն 42 դեպքի առնչությամբ է հարուցվել  քրեական գործ, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշերը վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Այսինքն՝ քրեական գործեր են հարուցել շորթման համար:

Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի հափշտակության դեպքերով քրեական գործեր  չհարուցելու պրակտիկան պայմանավորված է գործնականում արարքի որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով:

«Քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշերը հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Թեև հատկանշական է այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է որոշակի գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն ՀՀ դրամի, այնուամենայնիվ, հափշտակության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը հանրորեն վտանգավոր հետևանքն է՝ սեփականատիրոջը հասցված իրական վնասը, որի չափը որոշվում է վերցրած, հանցավորինը կամ այլ անձինը դարձրած գույքի արժեքով…

 Բացի այդ, արարքի որակման առումով իրենցից որոշակի բարդություն են ներկայացնում նաև այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո հանցագործներն ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին:  Թեև ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաև քողարկված, և տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշերը հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո, որպիսի պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի՝ իրական կամ ռեալ լինելու հանգամանքի գնահատման խնդիր»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Այս ամենի արդյունքում նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը նախատեսել ՀՀ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի առարկաների շարքում (անձնագիր, կարևոր այլ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ), այդ հոդվածի շրջանակներում նախատեսել քրեական պատասխանատվություն տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի հափշտակության համար, և, հաշվի առնելով տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի շորթման դեպքերը, քրեական օրենսգրքում որպես արարքի օբյեկտիվ կողմի դրսևորում՝ նախատեսել նաև շորթումը:

Նախագծով առաջարկվում է հիշյալ արարքի համար սահմանել պատիժ՝ տուգանքով՝ 300-500 հազարի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

 «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն այնքան էլ լիահույս չէ, որ  այս նախագիծն ընդունելով՝  կնվազեն տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հափշտակության դեպքերը:

«Այո, պատիժ են խստացնում, բայց մնում է՝ ոստիկանությունն աշխատի»,- ասաց Տիգրան Քեյանը:

Հ.Գ. Եվ հարց է մնում, թե՞ ինչ ազդեցություն կարող է ունենալ քրեական պատասխանատվության սահմանումը, եթե այսօր էլ, երբ կան որոշակի մեխանիզմներ, ինչպես, օրինակ, ՔՕ 182-րդ հոդվածով նախատեսված շորթման համար քրեական պատասխանատվության սահմանումը, շահագրգիռ հանրության՝ վարորդների մի զգալի հատված չի դիմում իրավապահ մարմիններին՝ քաշքշուկների մեջ չընկնելու, վստահության պակասի կամ արդեն իսկ ունեցած անհաջող փորձի պատճառաբանությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս