«Հույս ունեն Հայաստանի տարածքից բան զիջել ու հարցը փակել, այդ մարդիկ պատերազմը բերում են Երևան, Գյումրի…». Արման Աբովյան
Մայիսի 12-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերի 200-ից ավելի ներկայացուցիչ հատել է անկախ Հայաստանի պետական սահմանը և, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, մայիսի 18-ի դրությամբ թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը շարունակում է մնալ նույնը, թեև, լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Ըստ ՊՆ-ի տարածած հայտարարության՝ ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են, և, որ ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի տարածքը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, վերլուծելով իրավիճակը Հայաստանի հարավային սահմանին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց՝ Սյունիքի շուրջ զարգացումների մասին բոլոր լուրջ վերլուծաբաններն ահազանգում են ամիսներ շարունակ, սակայն այս իշխանությունը բոլոր աղետներին ուշացած, հետահայաց արձագանք է տալիս։
«Սյունիքն այն նյարդային կետն է, որը եղել է պանթուրքական ծրագրի կարևորագույն բաղադրիչը։ Թուրքիան ու Ադրբեջանը հեռանկարում ունեն ցամաքային ճանապարհով իրար միանալու պլան, և այդ միավորումը, ըստ նրանց պլանի, տեղի է ունենալու Հայաստանի և ՀՀ քաղաքացիների կյանքի հաշվին, ու թեև ՀՀ իշխանությունը կարող էր կանխել մեր հաշվին կատարվող զարգացումները, այդպես չարեց, աղետին էլ արձագանքում է պոստ-ֆակտում»,- ասաց Արման Աբովյանը։
Հարցին՝ մեզ սպառնացող աղետներին պոստ-ֆակտում արձագանքելու իշխանության գործելաոճը չիմացությա՞ն, հատուկ տարվող քաղաքականությա՞ն, թե հանցավոր անփութության հետևանք է, Արման Աբովյանը պատասխանեց, որ չի կարողանում հասկանալ այս իշխանության տրամաբանությունը, երբ տարածաշրջանի քարտեզին նայելով՝ ակնհայտ է դառնում, որ Սյունիքն այն կետն է, որտեղ խաչվում են Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը։
«Իշխանությունը փորձում է խնդիրը տեսնել, հետո գնալ դրա հետևից, իսկ դա կործանարար մոտեցում է։ Հիմա նույնն են արել, 200 ադրբեջանցի զբոսնելով մտել է Հայաստանի սահմանը, իրենք մտնելուց հետո նոր դիմել են ՀԱՊԿ-ին։ Բայց չէ՞ որ ամիսներ շարունակ իրենց զգուշացնում են, որ պետք է մի բան անել, իսկ այս իշխանությունների հետպատերազմյան անիմաստ արտաքին քաղաքականության հետևանքով հիմա բոլորս կանգնել ենք բարդագույն իրավիճակի առաջ։ Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ադրբեջանն ու Թուրքիան լարում են սանձազերծելու և փորձելու են Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս բերել, չէին ընկալում, հիմա փաստի առաջ են կանգնել»,- ասաց Աբովյանը՝ շեշտելով, որ այս տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղելուն, ըստ ադրբեջանաթուրքական տանդեմի, հետևելու է թուրքական ներկայությունն ու ծավալումը։
«Հետևաբար, այն ուժերը, որոնք քարոզում են հակառուսական տրամադրություններ, նրանք փաստացի աշխատում են թուրք-ադբեջանական տանդեմի օգտին, որովհետև հենց այդ տանդեմն է խրախուսում լարումներ ռուս խաղաղապահների նկատմամբ, իսկ հիմա լարումները Սյունիքում, բախում առաջացնելով կպահանջեն, որ ՌԴ-ն դուրս հանի իր զորքը Արցախից։ Սա շատ խորամանկ մի նախագիծ է, որի հիմքում դրված է այն, որ այստեղ ձևավորվի կոնսենսուս, որ Ռուսաստանը մեզ չի օգնում, հետևաբար՝ ռուսական ուժերի մնալն անիմաստ է»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանեց Աբովյանը։
Ըստ պատգամավորի՝ այս վտանգավոր պլանի բոլոր տողատակերը շատ լավ հասկանում է ՀԱՊԿ-ն, ու այդ դաշինքի գործողությունների տեմպը վկայում է, որ ՌԴ-ն պատրաստ է և կկատարի իր պարտականությունները թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ՀՀ-ի հետ ունեցած առաձին դաշնակցային հարաբերությունների համատեքստոււմ, միևնույն ժամանակ ՌԴ-ն հասկացնում է՝ չի՛ մտնելու թուքր-ադրբեջանական գործակցության պլանի մեջ ու չի ներքաշվելու պատերազմի մեջ։
Խոսելով հակառուսական տրամադրությունների գեներացվող ալիքի մասին՝ Աբովյանը հիշեց ԵԱՀԿ համանախագահող երկիր Ֆրանսիայի առաջարկն առ այն, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացնի խաղաղապահ զորքերի տեսքով տարածաշրջանում ներկայություն ունենալու մասին, ապա Ֆրանսիան պատրաստ է մաս կազմել դրան։
«Բայց դա չի նշանակում, թե որոշ շրջանակներ պետք է հիմա էլ տարածեն, որ ՀԱՊԿ-ն մեզ չի օգնում և պետք է օգնություն խնդրենք Ֆրանսիայից։ Նախևառաջ մենք պետք է կարողանանք մեր սահմանները պաշտպանել ու պետք է հստակ հիշենք, որ Ռուսաստանի համար ձեռնտու է տարածաշրջանում ուժեղ Հայաստան, որպեսզի չձևավորվի պանթուրանական ծրագիրը, որը հետո հասնելու է, օրինակ, Բաշկիրիա և ՌԴ այլ տարածքներ։ Զավեշտալի է այն, որ կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրած իշխանությունը որևէ կերպ չի կարողանում սա հասկանալ ու գործոն դառնալ, և մեր հարցերը լուծվում են առանց մեր կողմից կայացվող որոշումների։
Այս իշխանությունը շարունակում է համառորեն չընդունել, որ իրենք երկիրը հասցրել են մի վիճակի, որ, եթե նախկինում ունեինք որոշակի դիրքեր, ինչը թույլ էր տալիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները պաշտպանելու, ապա իրենք այս երեք տարվա ընթացքում այդ եղած դիրքերի հերն անիծեցին։ Այն մարդիկ, որոնք պնդում էին, որ Արցախը կտան, հանգիստ կապրեն, այդ մարդիկ պատերազմը բերեցին մեր տուն, այն մարդիկ, որոնք պնդում են, որ հիմա հնարավոր է հարցը լուծել միայն դիվանագիտական ճանապարհով, կա՛մ չեն հասկանում՝ ի՞նչ է կատարվում, կա՛մ պատերազմ են բերում, այն մարդիկ, որոնք հույս ունեն Հայաստանի տարածքից բան զիջել ու հարցը փակել, այդ մարդիկ պատերազմը բերում են Երևան, Գյումրի, Վանաձոր և այդպես շարունակ, որովհետև պետության մասնատումը չի՛ կարող դրանից հետո կանգնել»,- խոսքը եզրափակեց Արման Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում