«Մենք էնքան «ղազ» ենք, որ 200 հոգու հարցը չենք կարողանում լուծե՞լ, ՀԱՊԿ-ին խնդրում ենք՝ եկեք, էդ 200 հոգուն մեր մոտից հանե՞ք». Գրիգոր Գրիգորյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման և սահմանագծման համար՝ ասելով, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ի՞նչ սահմանագծման մասին կարող է խոսք լինել, երբ կա հստակ ճանաչված պետական սահման:
«Երկրիդ ղեկավարը պետք է հստակ ասի՝ սա իմ պետական սահմանն է, սահմանս խախտել է, և վերջ, պետք է համապատասխան միջոցներ կիրառենք, ինչը մենք չենք արել: Մի բանակ ունենք, դա էլ են քանդում»,- շեշտեց նա:
Իսկ թե որքանո՞վ են ՀՀ տարածքում հավանական պատերազմական գործողությունները՝ հարցին, պահեստազորի գնդապետն արձագանքեց՝ 90 տոկոս:
«Առջևում մեծ վտանգներ կան: Եթե քարտեզը նայեք, կտեսնեք՝ Մեղրիից սկսած մինչև Եղեգնաձոր՝ աքցանի մեջ է՝ երկկողմանի: Եվ այսօրվա պայմաններում Ադրբեջանը կարող է հարված հասցնել երկկողմանի: Արդեն այսօրվա իրավիճակում մեր զորքերը պետք է լրիվ բացազատած լինեինք, մոբիլիզացիան արած լինեինք, մինչդեռ մենք ոչ մի բան չենք անում: Շատ են ասում՝ բանակ չունենք, ունե՛նք, ինչի՞ չունենք: 90-ականներին մենք ոչինչ չունեինք, բայց այն ժամանակ կար կամք, ցանկություն հաղթելու, և հաղթեցինք: Այսօր մենք ավելի շատ բան ունենք և ի վիճակի ենք հաղթել, եթե լինի ղեկավարում և կազմակերպվածություն»,- ընդգծեց ազատամարտիկը:
Հակադարձմանը՝ պատերազմից հետո զուտ ճանապարհների առումով այլ իրավիճակ է, ձեր ասած՝ աքցանի մեջ ենք, բանակը կարո՞ղ է այս դեպքում կտրուկ գործողությունների գնալ, Գրիգորյանը պնդեց՝ պետք է ամբողջ ազգը մոբիլիզացնել:
«Չպետք է սպասել վերջին օրվան, ինչի՞, օրինակ, դա տասն օր առաջ չանել, ինչի՞ հինգ օր առաջ չենք արել: Սպասում են՝ ամեն ինչ սկսվի, նո՞ր անեն: Պետք է հասկանանք, որ պատերազմի ժամանակ բանակն իր խնդիրն է կատարում, բայց գոյություն ունեն հաստիքներ պատերազմի և խաղաղ ժամանակ: Եթե պատերազմ է, պետք է համալրում լինի՝ բացի աշխարհազորից, նաև զորամասերը պետք է համալրվեն համապատասխան, այսպես ասած, պատերազմական հաստիքներով, որպեսզի մարտական գործողություններ իրականացնեն: Մենք այսօր նման համալրում չենք անում: Օրինակ, եթե զորամասը խաղաղ պայմաններում 70 տոկոսով է համալրված, պատերազմական պայմաններում էն 30 տոկոսով չեն համալրում, սպասում են վերջին օրվան»,- մանրամասնեց Գրիգորյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը «բաց» տեղ է գտել և ճնշում է գործադրում ՀՀ-ի վրա, այդ «բաց» տեղը Փաշինյանի կառավարությունն է:
«Գողական օրենքներով նման մի բա կա՝ խոսք ես տվել, պիտի անես, ոնց ուզում ես՝ խոստումդ կատարի, ինձ չի հետաքրքրում: Չարեցիր՝ տակից չես կարող դուրս գալ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Այս համատեքստում անդրադառնալով աշխարհաքաղաքական խաղերին, Գրիգորյանն ասաց, որ այստեղ և՛ Իրանի գործոնը կա, և՛ Թուրքիայի, և՛ իսրայելապաղեստինյան:
«Այս ամենը սցենարի մեջ է, սպասելի էր, և դեռ շատ բաներ են լինելու: Այս տարածաշրջանում ամեն մեկը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել: Երկու թև է՝ ՆԱՏՕ և ՌԴ, իրենց համար կապ չունի, թե որ երկիրը կկործանվի, տնտեսական վատ իրավիճակում կհայտնվի, այդ երկրներում քանի մարդ կզոհվի, կարևորը իրենց երկրների շահերն են»,- հավելեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելուն՝ Գրիգորյանը հարցադրում արեց՝ ՀՀ-ում պատերա՞զմ է, ինչի՞ ենք դիմել:
«200 հոգի մտել են մեր տարածք, էդ 200 հոգուն չե՞նք կարողանում ոչնչացնել կամ գերեվարել, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին: Ի՞նչ է՝ մենք բանակ չունե՞նք: Այսինքն, դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ մենք էնքան «ղազ» ենք, որ 200 հոգու հարցը չենք կարողանում լուծե՞լ, խնդրում ենք՝ եկեք, էդ 200 հոգուն մեր մոտից հանե՞ք: Սա խայտառակություն է: Ուրիշը չպիտի բանակցի, դու պիտի միանգամից մտնես ու էդ 200 հոգուն բռնես, որովհետև քո պետական սահմանն են խախտել: Թող մեկը փորձի ՌԴ-ի պետական սահմանը խախտի, տեսեք՝ ինչ կլինի»,- արձագանքեց պահեստազորի գնդապետը:
Չանտեսելով Արցախի հատվածում առաջխաղացումների մասին խոսակցությունները, Գրիգոր Գրիգորյանը նշեց՝ Ադրբեջանն ամեն ինչ պահանջում է, եթե, կոպիտ ասած՝ կպավ՝ կպավ, բայց որ ուժեղ բանակի հանդիպեն, կասեն՝ կներեք, սխալվել ենք, շփոթվել ենք, էս սարի մասին չէր խոսքը:
«Եթե ունենանք հզոր ղեկավար, ամեն հարց կլուծենք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այսօր, ավելի քան երբևէ, պետք է մարտունակ բանակ ունենանք:
«Յուրաքանչյուր ստորաբաժանում, զորատեսակ իր բնագավառում պիտի լինի պրոֆեսիոնալ: Երկրորդ՝ զինվորին պիտի զինվոր սարքենք, այսօր զինվոր հասկացողություն չկա: Զինվորին մի բան ես ասում, միանգամից «թեժ գիծ» է զանգում: Զինվորը պիտի հասկանա, որ ինքը զինվոր է, և իր պարտքն է՝ ծառայել հայրենիքին անշահախնդիր»:
Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը՝ Վարդենիսում դիրքերի լինել-չլինելու հետ կապված, ազատամարտիկն ասաց՝ Քարվաճառը որ հանձնել են, մեր դիրքերը լրիվ Վարդենիսում են:
«Վարդենիսում էնքան դիրք ունենք: Դե որ ՊՆ-ն Վաղարշակը Հարությունյանը լինի, ԳՇ պետը՝ Արտակ Դավթյանը, Ջալալ Հարությունյանն էլ՝ հերոսը, նման բաներ կասեն: Թող գնան՝ տեսնեն՝ Վարդենիսում դիրք ունե՞նք, թե՞ ոչ, այլ հարց է, որ բաց մնացած տարածքներ կան»,- եզրափակեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահը: