«Մարդիկ թթվասերը չեն տարբերում փոխարինիչով պատրաստվածից. տեսնում են՝ որի գինը մի 10 դրամ էժան է, դա են վերցնում»
Որպեսզի սպառողը կաթնամթերք գնելիս մոլորության մեջ չհայտնվի, անարատ կաթով ու փոխարինիչով պատրաստված մթերքը որոշ սուպերմարկետներում առանձնացվել է, այդպես պետք է լինի նաև մնացած խանութներում, որպեսզի գնորդը հասկանա, որ այս կամ այն ապրանքը ոչ թե պարունակում է բնական 100 տոկոսանոց կաթ, այլ բուսական յուղ:
Փաթեթավորման վրա տեսանելի տեղում ու ընթեռնելի պետք է գրված լինի` պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկած այս փոփոխությունը մայիսի 13-ին հավանության է արժանացել կառավարության հերթական նիստում` առանց զեկուցվելու։
Բացի այդ, կառավարությունն առաջարկում է նաև փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում։ Ըստ այդմ` մակնշման պահանջը խախտող տնտեսվարողներն առաջին անգամ կզգուշացվեն, երկրորդ անգամ` կտուգանվեն 30.000 դրամով։ Օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի կարծիքով, կառավարության այս որոշումը սպառողին մոլորությունից զերծ պահելու համար քիչ է:
«Բացի բաժին առանձնացնելուց, պետք է տուփի ձևը, գույնը տառատեսակը, չափսը փոխել: Թթվասերն ու յոգուրտը չեք շփոթի, իսկ այս դեպքում այդպես չէ. երկուսի վրա էլ գրված է՝ թթվասեր: Նույնն են թե՛ տառատեսակը, թե՛ գույնը, մանր տառերով միայն գրված է, որ կաթնայուղի փոխարինիչով արտադրված է:
Մեր սպառողներն այդքան էլ ուշադիր չեն լինի, որ տեսնեն՝ դարակն առանձնացված է: Դրա համար առաջարկում ենք Ստանդարտների ազգային ինստիտուտին և Որակի տեսչությանը, որ նպաստեն կարևոր փոփոխությունները կատարելուն: Տեսեք, երկու տեսակի թթվասեր կա. Մեկը՝ կաթնայուղի փոխարինիչով, մյուսը՝ անարատ կաթով: Պետք է առաջինի գույնն ու տուփի ձևը փոխել, տառերը լինեն խոշոր: Անհրաժեշտ է փոխել նաև անունը՝ չգրել՝ թթվասեր փոխարինիչով, այլ բան թող գրեն, օրինակ՝ բուսական յուղով կաթնամթերք: Ի՞նչ է նշանակում՝ թթվասերային մթերք»,- նշեց Ռուբեն Հայթյանը:
Ինչ վերաբերում է մակնշման պահանջը խախտող տնտեսվարողներին 30.000 դրամով տուգանելուն՝ նկատեց. «Տուգանքի չափը շատ քիչ է, որովհետև խոսքը սպառողին մոլորեցնելու մասին է, հետևաբար՝ նվազագույն աշխատավարձի չափով կամ եռակի պետք է տուգանել: Սակայն մենակ տուգանելը և բաժին առանձնացնելը քիչ է: Պետք է լրիվ տարբերվի, որ անտեղյակ մարդը ևս կարողանա զանազանել, տեսնի, որ թթվասեր չէ, ոչ թե առնի ու գնա: Սուպերմարկետներում օրերս շրջեցի. մարդիկ գալիս են, տեսնում են՝ գինը մի 10 դրամ էժան է, դա են վերցնում. մեկին հարցրեցի՝ գիտե՞ս, թե դա ինչ է, թե բա՝ թթվասեր է, էլի: Ասացի` թթվասեր չէ, թթվասերային ապրանք է գրված, իսկ դա սխալ է, ու սկսվեց վիճաբանությունը: Հիմա ես ամեն անգամ հո թշնամի չե՞մ ստեղծելու ինձ համար. դրա համար ամեն ինչ պետական մակարդակով պետք է արվի»: