Փաշինյանը՝ Պուտինի ցուցակից դուրս

Գաղտնիք չէ, որ ՌԴ ղեկավարության համար Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակն առանձնահատուկ պատմաաշխարհաքաղաքական նշանակության թեմա է, և հաղթանակի տոնակատարությունները ևս առանձնակի շքեղությամբ ու քաղաքական փաթեթավորմամբ են աչքի ընկնում, որոնց անբաժանելի մասն են դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդների հետ շնորհավորական հեռախոսազանգերը: Ամեն տարի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցների շարք է ունենում գործընկեր երկրների ղեկավարների հետ: Այս տարի՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձը ևս բացառություն չէր:

ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ից սկսած տվյալ թեմայի շրջանակում հեռախոսազրույցներ է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Ղազախստանի նախագահԿասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ավելին, այսօր ՌԴ նախագահը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իսկ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մայիսի 9-ին աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ ռուս գործընկերոջ հետ բանակցություններին զուգահեռ՝ մասնակցեց նաև հաղթանակին նվիրված զորահանդեսին: Kremlin.ru-ում կարելի է գտնել միայն հրապարակում այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին:

Հարկ է նշել, որ այս ուղերձն ուղղվել է նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդավայի, Թուրքմենստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի ղեկավարներին:

Եվ ուշագրավն այն է, որ կարելի է ասել՝ ավանդույթի համաձայն, որևէ հեռախոսազրույց տեղի չունեցավ Փաշինյանի և Պուտինի միջև, նրանք բավարարվել են միմյանց շնորհավորելով հեռակա ուղերձներով:

Սա դժվար է համարել բնականոն երևույթ՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների բնույթը և Խորհրդային Հայաստանի և հայերի մասնակցությունը Հայրենական պատերազմին: Հատկապես հետպատերազմյան շրջանում, ժամանակ առ ժամանակ շրջանառվում են տեսակետներ, թե ՌԴ նախագահի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ փոխվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, ՌԴ ղեկավարությունն իբրև թե աջակցում է Փաշինյանին ընտրություններին ընդառաջ:

Սակայն նկատում ենք, որ նախկին խնդրահարույց դրվագները հայ-ռուսական բարձրաստիճան շփումների օրակարգից չեն հեռացել: Եվ հետպատերազմյան շրջանում Փաշինյան-Պուտին շփումներն առավելապես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մասին են, իսկ մինչ պատերազմը՝ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում, Պուտին-Փաշինյան հեռախոսային շփումները չափազանց հազվադեպ էին: Նշենք, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին հայկական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել իրավիճակին Ղարաբաղի շուրջ, էներգետիկ ոլորտին, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին:

Նախորդ տարի ևս ուշադրություն էինք հրավիրել այս առիթի շրջանակում հեռախոսազրույցի բացակայությանը: Ավելին՝ 2020 թվականի մայիսի 16-ի իր ասուլիսի ընթացքում հարցին՝ արդյո՞ք այդ խնդիրներն էին պատճառը, որ մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, հեռախոսազրույց չի կայացել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև, Փաշինյանն ասել էր.

«Կարծում եմ՝ խնդիրներ ասելով՝ արդեն պարզ է, թե ինչի մասին է խոսվում: Դրանք աշխատանքային խնդիրներ են, որոնք միշտ էլ կան և միշտ էլ լինելու են, դա նորմալ է: Ինչ վերաբերում է մայիսի 9-ին, ապա գիտեք, որ այդ ժամանակ ես գտնվել եմ Արցախի Հանրապետությունում, ընդ որում, արդեն 3 տարի շարունակ մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում: ՌԴ նախագահի հետ ըստ անհրաժեշտության կապի մեջ ենք, այդ թվում՝ հեռախոսային: Այսքանը»:

Այս պատասխանից կարելի էր ենթադրել, որ ՀՀ-ում գտնվելու դեպքում նման հեռախոսազրույց տեղի կունենար, սակայն այս մայիսի 9-ին Փաշինյանը ՀՀ-ում էր, և պարզ դարձավ, որ ո՛չ իր, ո՛չ էլ Պուտինի նախաձեռնությամբ որևէ հեռախոսազրույց տեղի չունեցավ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսին է ՌԴ ղեկավարության վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ, կամ ինչպիսին են իրականում հայ-ռուսական հարաբերությունները՝ Փաշինյանի ջանքերի «շնորհիվ»:

Տեսանյութեր

Լրահոս