Բաժիններ՝

«Ներոն և Սենեկա» ներկայացմամբ կբացվի Պարոնյանի անվան թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 12-ին պաշտոնապես կբացվի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը:

Բացման հանդիսավոր արարողությանը հանդիսատեսը կարող է դիտել Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի հիման վրա բեմադրված «Ներոն և Սենեկա» ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ թատերասրահի բացումը լրագրողները հնարավորություն ունեցան շրջել սրահում և դիտել բեմադրական ժամանակակից լուծումներով, դերասանական վառ խաղով հագեցած ներկայացումը:

Ներկայացման բեմադրիչ և թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր հայրը՝ Երվանդ Ղազանչյանը, դեռ տասը տարի առաջ որոշել էր թատերասրահի տարածքը դարձնել փոքր բեմ: «Այստեղ շատ բան փոխվեց տնօրեն Կարո Շահբազյանի աջակցությամբ: Երկար տարիներ սրահում Թատերական ինստիտուտի ուսանողներն էին աշխատում դիպլոմային ներկայացումների վրա, թատրոնի ներկայացումների փորձերն էին արվում: Մի խոսքով՝ այն ծառայել է թատրոնին, սակայն պաշտոնապես փոքր դահլիճ չի եղել: Երվանդ Ղազանչյանի մահից հետո որոշեցինք տարածքը վերածել թատերասրահի: Տեսնում եք նստատեղերը, հատակը, տեխնիկան, որը թարմացվել է, համալրվել»,-շեշտեց Ղազանչյանը:

Նա հույս հայտնեց, որ դահլիճում, որը հետաքրքիր աուրա ունի, յուրահատուկ նախագծեր կիրականացվեն, ներկայացումներ կբեմադրվեն: Ղազանչյանի խոսքով՝ բեմադրությունները ժանրային սահմանափակումներ չեն ունենա:

Անդրադառնալով «Ներոն և Սենեկա» ներկայացմանը՝ բեմադրիչը նշեց, որ պիեսը բոլոր ժամանակների համար է: Ղազանչյանը սիրում է անտիկ շրջանի դրամատուրգիան, Շեքսպիրի, Չեխովի ստեղծագործությունները, սակայն Ռաձինսկու պիեսը յուրահատուկ է համարում: Ռեժիսորն այն առաջին անգամ լսել է Մայակովսկու թատրոնում հենց հեղինակի ընթերցմամբ: «Ուսանող էի և գուցե լրիվ խորությամբ չկարողացա պատկերացնել, թե ինչի մասին է պիեսը, բայց հիմա կարծում եմ, որ այն բոլոր ժամանակների համար է: Պիեսը ոչ թե բարոյախոսություն է քարոզում հանդիսատեսին, այլ նախազգուշացնում է»,- նշեց նա:

Հակոբ Ղազանչյանը 17 տարի առաջ «Ներոնը և Սենեկան» բեմադրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այդ ժամանակ կարծել է, որ այն մտավորականի պատասխանատվության մասին է, իսկ հիմա վստահ է՝ միայն դա չէ: «Ներկայացման մեջ Ներոնն ասում է. «Դու ընդամենը տնային շուն ես եղել ընձառյուծի մոտ»: Սա այն մտավորականների մասին է, որոնք պատրաստ են «տնային շուն» դառնալ: Հիմա, ավաղ, հատուկենտ չեն նման մտավորականները: Հատկապես քաղաքական թեժ պայքարում միշտ լինում են մարդիկ, որոնք կա՛մ աստեղ են, կա՛մ այնտեղ են և այլն: Հենց անցար որևէ ճամբար, պարտավոր ես այդ ճամբարի կանոններով շարժվել: Այդ ժամանակ կորչում է ազատությունը: Արդեն ազատ մարդ չես և օր օրի կարող ես վերանալ, ինչպես վերացավ Սենեկան: Ներոնը Սենեկայի աշակերտն է եղել: Ինչպե՞ս պատահեց, որ Ներոնը դարձավ մեծագույն մարդասպան, ինչպես ինքն է իրեն բնութագրում»,-հարցադրում արեց ռեժիսորը:

Ըստ Ղազանչյանի՝ Ռաձինսկու ստեղծագործությունները, վերլուծությունները բռնակալների կյանքի մասին խորն են: Նրա խոսքով՝ Ռաձինսկին այնպիսի թեմաներ է ընտրում, որոնք միշտ պետք է ուսումնասիրվեն, որոնց մասին պետք է միշտ խոսվի, որովհետև ոչ մեկն ապահովագրված չէ նման զարգացումներից:

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արթուր Կարապետյանը, Արմեն Սանթրոսյանը, Վարուժան Մանուկյանը, Արև Հակոբյանը, Նելլի Ճաղարյանը և Հասմիկ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս