Ինչպես ուրախանալ համավարակի թվերի վրա

Հրապարակվեցին այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական թվերը: Ինչպես և սպասվում էր, մասնագետները հանգիստ ընդունեցին դա: Անգամ իշխանության մաս կազմող տնտեսագետների մեծ մասը չփորձեց «հպարտանալ» դրանցով: Ի տարբերություն քաղաքականամերձ գործիչների: Որովհետև այս ու ապագա երկու ամսվա ընթացքում սոցիալ-տնտեսական վիճակագրությունը 2021թ․ քիչ թե շատ աշխատող տնտեսության թվերը ստիպված համադրում է 2020-ի լոքդաունի պայմաններում արձանագրված տվյալների հետ:

Արդեն մեկ տարուց ավելի է՝ մեր տնտեսական կյանքն ընթանում է համավարակի պայմաններում: Դրա համար կարելի է հիշել, որ Քովիդ-19-ով հիվանդության առաջին դեպքը մեր երկրում արձանագրվել է 2020-ի մարտի 1-ին:

Մարտի 18-ին վարակվածների թիվն անցավ 100-ից, մարտի 29-ին՝ 500-ից, ապրիլի 12-ին՝ 1000-ից, իսկ ապրիլի 29-ին արդեն՝ 2000-ից:

Հիշենք, որ առաջին վարակվածը ժամանել էր Իրանից, մինչդեռ իշխանությունները դեռ փետրվարի 23-ին էին հայտարարել Իրանի հետ սահմանը փակելու մասին: Իսկ Վրաստանի հետ սահմանը մարդատար ավտոմեքենաներով հատողների համար փակվեց մարտի 14-ին:

Հիշենք նաև, որ մարտի 1-ից փակվել էին հանրակրթական դպրոցները:

Համավարակի ընթացքն ուսումնասիրող ապագա պատմաբաններին կարող է թվալ, թե իրադրությունը շատ բուռն էր զարգանում: Որովհետև Մարզահամերգային համալիրում արագ-արագ մահճակալներ տեղադրեցին ու բուռն գործունեություն ի ցույց դնելու նպատակով այդ մասին ազդարարեցին հնարավոր բոլոր ԶԼՄ-ներով:

Հետո ինչ-որ մի օր սուսիկ-փուսիկ հավաքեցին մահճակալները: 2020թ․ մարտի 15-ին՝ վրաց սահմանը փակելու հաջորդ օրը, կառավարության որոշմամբ համարյա փակվեց Վաղարշապատ քաղաքը:

Հաջորդ օրը երկրում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց ու, կարծեմ, Պարետատուն ձևավորվեց: Ու միանշանակ չի կարելի ասել, թե ով ավելի արդյունավետ աշխատեց՝ համավարա՞կը, թե՞ Պարետատունը: Որովհետև հիվանդության արձանագրման դեպքերի օրական քանակը ապրիլի 29-ին անցավ 100-ի ցուցանիշը, իսկ մայիսի 15-ից վարակվողների օրական քանակը 200-ից ավելի էր, մայիսի 17-ին՝ 300-ից, մայիսի 24-ին՝ 450-ից:

Նշենք, որ օրական հիվանդությունների հակառեկորդ ասվածը՝ ամենամեծ քանակը, արձանագրվեց պատերազմի շրջանում՝ հոկտեմբերի 19-ին՝ 1234 հիվանդ:

Իսկ Պարետատունն իր գործունեության ընթացքում 280 որոշում կայացրեց: Կայացրեց ու առայսօր հրապարակում է իր պաշտոնական կայքում: Որոշումների ճնշող մեծամասնությունը տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին էր:

Օրինակ, վերջին՝ 280-րդ որոշումով (9 սեպտեմբերի, 2020թ․)՝ 24 ժամով արգելվում էր Արմավիրում և Արարատում գործող երկու անհատ ձեռներեցի և Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի մեկական ՍՊԸ-ների գործունեություն: Բայց մինչ այդ, երկրում արդեն հայտարարված արտակարգ դրության պարագային, Պարետատունը մարտի 24-ից արգելք դրեց որոշակի տնտեսական գործունեության վրա:

Հաջորդ օրն արդեն դադարեցվեցին բոլոր ձեռնարկությունների գործունեությունը (հասկանալի բացառություններով, իհարկե): Բնակչությանն արգելվեց առանց հիմնավոր պատճառների դուրս գալ բնակարան-տներից: Նույնիսկ արգելված էին բացօթյա ընթացող շինարարական աշխատանքները: Ու հիմա, այդ մարտի տնտեսական տվյալները համեմատելով այս տարվա ցուցանիշների հետ՝ մեր էկոնոմիկայի նախարարը ոգևորված տեքստեր է հրապարակում:

Պատկերացրեք, թե սույն այրը որքան է ոգևորվելու ապրիլի թվերը համադրելիս: Որովհետև համավարակի օրերի դաժան ընթացքին համահունչ (հիշենք՝ Քովիդ-19-ով մահվան առաջին դեպքն արձանագրվեց 2020թ․ մարտի 26-ին)՝ տնտեսական արգելք-սահմանափակումների քանակն ավելանում էր:

Մարտի 31-ին հատուկ ռեժիմը երկարացվեց 12 օրով: Այդ օրերին «հատուկ ռեժիմ» արտահայտության փոխարեն՝ օգտագործվում էր «լոքդաուն» նորահայտ օտար տերմինը, և այն արդեն հասել էր հասարակական տրանսպորտին: Հասել ու դադարեցրել էր տրանսպորտի աշխատանքը։ Մինչ այդ՝ մարտի 22-ին, օրվա Առողջապահության նախարարը հայտարարել էր. «Ամենայն հավանականությամբ, չենք գնա լոքդաունի»:

Բայց դե, շատերն արդեն պաշտոնական կանխատեսումները լուրջ չէին ընդունում: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ չընդունեցին 2020 մարտ/2021 մարտ տնտեսական համեմատությունները: Եվ առավել ևս հակված են լուրջ չընդունել նույն տարիների ապրիլ/ապրիլ հարաբերակցությունը: Որովհետև հիշում են, որ լոքդաունի ոսկրոտ ձեռքը 2020-ի ապրիլին փակել էր անգամ Երևանի մետրոպոլիտենը:

Տեսանյութեր

Լրահոս