Համաճարակաբանը՝ պատվաստանյութերի նմանության ու տարբերության, հետպատվաստումային ռեակցիայի, առանց վարակվելու վախի շրջելու ժամկետի մասին
«Այս պահին գործող պատվաստանյութերը բնույթով՝ կառուցվածքով, պատրաստման տեխնիկայով նույնն են․ թե՛ «Sputnik-V»-ն, թե՛ «AstraZeneca»-ն։ Դրանք կոչվում են վեկտորային պատվաստանյութեր»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը՝ հավելելով, որ դա նման է նրան, որ ուղևոր նստեցնես մեքենա ու հասցնես համապատասխան վայր։
Այդ ուղևորը կորոնավիրուսի սպիտակուցն է, իսկ մեքենաները փոխվում են, դա վեկտորն է․ ադենովիրուսի վրա դնում են այդ սպիտակուցն ու հասցնում իմուն համակարգին։ Սա է մեխանիզմը։
Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը, որպես նվիրատվություն՝ կստանա Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը 100․000 դեղաչափով՝ Չինաստանից։ Սա, համաճարակաբանի խոսքով, այլ բնույթի պատվաստանյութ է, ավելի ավանդական ձևով սարքած վակցինա է, վեկտորային չէ, պարունակում է կովիդի սպանված հարուցիչ՝ առանց հիվանդություն առաջացնելու ունակության:
Նրա փոխանցմամբ՝ նման ընթացակարգ չկա, թե պետք է նախապես ստուգվել, հակամարմիններ հանձնել, հետո պատվաստվել։
Իսկ եթե մարդն ունի ուղեկցող հիվանդություններ, նա առավել ևս պետք է պատվաստվի։
«Պատկերացրեք՝ եթե հիվանդությունների մի ամբողջ փունջ ունեցող մարդը հիվանդանա՝ ի՞նչ բարդությունների առջև է կանգնելու։ Իսկ պատվաստման դեպքում շատ փոքր հավանական բարդությունը 250․000-ից մեկի մոտ թրոմբոզն է, այն էլ՝ ցածր տարիքային խմբում է հանդիպում, ոչ թե մեծերի, և տեղային ցավը, ջերմային ռեակցիան, որը հաճախ է լինում, մեկ օր է տևում ու ինքն իրեն անցնում է։
Մարդիկ, ցավոք, ինչ ասես կարդում են, բժշկի մեկնաբանությունը չեն լսում ու միայն մտածում են՝ հաստատ այդ 250․0000-ից մեկը ես եմ լինելու, ավելի լավ է՝ չպատվաստվեմ։ Բայց դա սխալ է։ Ես ինքս առաջիններից մեկն եմ եղել, ով պատվաստվել է։ Մի փոքր հետպատվաստումային ռեակցիա գրանցվել է, բայց անգամ դրանից ուրախացել եմ, դա նշանակում է, որ օրգանիզմս պայքարել է։ Լինում է մի փոքր գլխացավ, ջերմություն, մկանային ցավ, ինձ մոտ անգամ «Sputnik-V»-ով պատվաստվելուց հետո համի փոփոխություն արձանագրվեց մեկ օրվա ընթացքում, բայց հետո ինքն իրեն վերականգնվեց հաջորդ օրը։ Դրանով եմ պատվաստվել, քանի որ այս տարիքային խմբում էի»,- մանրամասնեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Համաճարակաբանի փոխանցմամբ՝ պատվաստվելուց հետո առանց վարակվելու վախի մարդիկ կարող են շրջել դեռևս 6 ամիս, սակայն հույս ունեն, որ պատվաստանյութերն ավելի երկարաժամկետ ազդեցություն կունենան։
«Այս պահին 6 ամիսը հաստատ ենք ասում։ Կարծում եմ՝ դրանից ավելին կլինի, և չի լինի գրիպի պատվաստման նման մեկ տարի, կունենա ավելի երկարաժամկետ ազդեցություն, և սա՝ պայմանավորված նրանով, որ կորոնավիուսի հարուցիչն այդքան ինտենսիվ մուտացիայի չի ենթարկվում, ինչպես գրիպի վիրուսը։ Բայց այս պահին կարևորը մահերի նվազեցումը, ծանր դեպքերի կանխումն է»,- նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Հարցին՝ արդյո՞ք պարտադիր է պատվաստվելուց հետո դիմակ կրել, համաճարակաբանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ պետք է դիմակ կրել, քանի որ հակամարմիններն անմիջապես չեն արտադրվում։
«Մենք հակամարմիններ ունենում ենք 3-րդ շաբաթից սկսած։ «AstraZeneca»-ն ասում է՝ 2-րդ դեղաչափից 14 օր հետո նոր կարելի է առանց դիմակի փոքր խմբերում շփվել, իսկ «Sputnik-V»-ի 2-րդ դեղաչափից հետո՝ 21 օր անց։ Բայց մեր հանրությանը խորհուրդ կտամ շարունակել դիմակ կրել հատկապես փակ տարածքներում։ Դիմակը մի փոքր պատնեշ է, նպաստում է, որ պիկ չլինի։ Մեկ մարդը վարակում է 1-ից ավելի հոգու, ու ունենք այդ գործընթացի աճ, դրա համար մեզ գոնե 30 տոկոս պատվաստումային ընդգրկվածություն է պետք, որ վիճակի կայունացման միտում ունենանք։ Խորհուրդ կտամ, որ մարդիկ վստահ գնան պատվաստման։ Սա ելք է․ երբ նայում ես՝ Հնդկաստանում այս պահին ինչ է կատարվում, Աստված չանի, որ մենք մոտ գանք այդ վիճակին։ Իրենց մոտ հումանիտար ճգնաժամ է․ հիվանդանոցների առջև խարույկ են անում ու մահացածների դիակներն այրում»,- նկատեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Հավելենք, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 29-ի կառավարության նիստի ժամանակ նշեց, որ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիր գտնվում է հիվանդանոցներում: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 16 մահ: Մահերի թիվն արդեն իսկ անցել է 4000-ը:
Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ մեր երկրում հասանելի են պատվաստանյութերը 18 տարին լրացած քաղաքացիների համար: Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի խմբաքանակ՝ 14000 անձի համար (առաջին բաղադրիչը):
Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15․000 դեղաչափ՝ 7500 անձի համար։ Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100.000 դեղաչափ Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող՝ Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը: