Բաժիններ՝

ԵՄ-ն պլանավորում է թույլատրել COVID-19-ի դեմ պատվաստում ստացած ԱՄՆ-ի զբոսաշրջիկների ազատ մուտքը

Եվրամիությունը պլանավորում է այս ամռանը թույլատրել ամերիկացի այն զբոսաշրջիկների ազատ մուտքը, որոնք լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:

«Ամերիկացիները, որքանով ես կարող եմ դատել, օգտագործում են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերը»,-թերթը մեջբերում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքը:

«Դա թույլ կտա ապահովել ազատ տեղաշարժը և ուղևորությունները Եվրոպական միություն»,-նշել է նա:

Թեև Եվրամիությունը հանձնարարելու է դա, անդամ պետությունները դեռևս կարող են պահպանել ավելի խիստ սահմանափակումները, ներառյալ կարանտինը, ընդգծում է հրատարակությունը: Ուղևորությունների վերսկսումը կախված կլինի «համաճարակաբանական իրադրությունից, բայց իրադրությունը բարելավվում է Միացյալ Նահանգներում, հույս ունեմ՝ նաև Եվրամիությունում»,-հավելել է ֆոն դեր Լյայենը, դրա հետ մեկտեղ չհայտնելով ավելի կոնկրետ ժամկետներ:

Միության կարգավորիչը հավանություն է տվել ԱՄՆ-ում օգտագործվող երեք պատվաստանյութերի՝ Pfizer-ի, Moderna-ի և Johnson & Johnson-ի: Ներկայում ԱՄՆ-ի բնակչության շուրջ 42 տոկոսն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժին, իսկ 28,5 տոկոսը լիովին պատվաստվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս