Քրեակատարողական ծառայության «սուպեր հարց լուծողը». ո՞վ է համակարգում ՔԿԾ գնումների ոլորտը  

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ), ինչպես միշտ, զարմացնում է իր աշխատաոճով, հատկապես՝ ղեկավար անձնակազմի` պետի և տեղակալների՝ քննիչ-դատախազական կոալիցիայով, ովքեր, Ծառայությունը թողած ինքնահոսի, այլևայլ կարևորության հարցեր են լուծում:

Ինչպես ՔԿԾ-ում են ասում, եթե ամիսներով աշխատանքի չգան, ոչ ոք չի իմանա, և ոչ էլ որևէ բան կփոխվի:

Պարզվում է, սակայն, որ ղեկավար «ոսկյա» եռյակից բացի, կա ևս մեկը` «սուպեր հարց լուծող» պաշտոնյան, որը, բացի իրեն վերապահված գործառույթներից, գերազանց զբաղվում է նաև կադրային նշանակումներով, դատապարտյալների ռեժիմների փոփոխություններով` ընդհուպ պայմանական վաղակետ ազատումների հարցի լուծում։

Խոսքը Ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ Վիլեն Գիշյանի մասին է։ Վերջինս 2015թ. բավականին հետաքրքիր հանգամանքներում, իր սեփական դիմումի համաձայն՝ ազատվում է ոստիկանությունից, իսկ թե ինչո՞ւ, ո՞ւմ խորհրդով` այս պահին հարկ չենք համարում անդրադառնալ, սակայն վստահ ենք՝ ազատման պատճառը պարոն Գիշյանը հաստատ չի մոռացել։

Ինչևէ, այնուհետև, ինչպես Ծառայության ներկայիս ղեկավարությունը, սևից կտրուկ անցում անելով սպիտակի, բարեկամական հովանու ներքո, տարիներ անց Վիլեն Գիշյանը հայտնվում է քրեակատարողական համակարգում, իսկ այժմ էլ լիարժեքորեն «սպիտակի» վերափոխված՝ 168.am-ի տեղեկություններով՝ ղեկավարում է մի ամբողջ համակարգի ողջ պետական գնումները, շինարարությունը, վերանորոգումները՝ ընդամենը քարտուղարի տեղակալ լինելով: Չնայած, դեռ հարց է, թե ով ում ղեկավարությամբ է աշխատում, ինչին ևս հաջորդիվ կանդրադառնանք։

Ծառայության այն բաժինները, որոնք զբաղվում են վերոնշյալ գործառույթներով, ամբողջովին համալրել է իր, ինչպես Ծառայությունում են ասում, դպրոցի, բակի, բուհ-ի ընկերներով, որոնցից շատ-շատերի գործառույթը ոչ ոք այդպես էլ չի հասկանում: Այս դեպքում ևս, ինչպես ընդունված է Ծառայությունում, գործում է քավոր, սանիկ, ընկեր, վարորդի բաջանաղ սկզբունքը:

Այս լուսանկարում Վիլեն Գիշյանի՝ Ծառայությունում տաքուկ «տեղավորված» ընկերախումբն է:

Ըստ օդում կախված լուրերի՝ իր սրընթաց քաղաքական կարիերայի համար Վիլեն Գիշյանը պարտական է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Ինչևէ, Վիլեն Գիշյանին ու նրա գործունեության դրվագներին հետագայում դեռ կանդրադառնանք, բայց «սուպեր հարց լուծողին» մեկ խորհուրդ ամեն դեպքում չի խանգարի:

Լինելով ի պաշտոնե ՔԿԾ գլխավոր քարտուղարի տեղակալը՝ Ձեր դե յուրե ղեկավար պարոն Արտակ Ղազարյանին հուշեք, որ պետք չէ լրատվամիջոցից պահանջել նույն հարցմամբ երկրորդ անգամ դիմել, մերժման այլ ձև գտեք։

Կամ երբ լրատվամիջոցի հարցմանը 8 էջանոց PDF ֆայլով եք պատասխանում, տվեք դրա word տարբերակը, երբ խնդրում են, որ ողջ դաշտում ծիծաղի առարկա չդառնաք: Լրատվամիջոցի աշխատանքն անհարկի բարդացնելը հաստատ ձեր շահերից չի բխում և փոքրոգության ու մանրախնդրության ցցուն արտահայտություն է: Այդպես չեն աշխատում:

Առավել ևս ապշեցուցիչ է, որ հանրային կապերի բաժնի հետ լուսանկարահանումներ իրականացնելու ժամկետները հստակեցնելուց բացի, պետք է անվտանգության և պահպանության հետ կապված հարցեր քննարկենք։

Հասկանալի է, իհարկե, նման վարքագծի պատճառը, բայց կրկնում ենք, այդպես չեն աշխատում:

Ինչ վերաբերում է լուսանկարահանումներին, ուղղակի ցանկանում էինք հանրությանը ներկայացնել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկի վերափոխված 2-րդ տեղամասում իրականացված վերանորոգման աշխատանքները:

168.am-ը խնդրել էր ներկայացնել նաև, թե ի՞նչ շինարարական աշխատանքներ են իրականացվել, ինչին ի պատասխան՝ մեզ հորդորել էին gnumner.am կայքում գտնել մեզ հետաքրքրող տեղեկությունը, որտեղ, բացի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության անունից, մասնակիցների թվից և գումարի չափից՝ այլ տեղեկություն չկար:

Չնայած, ըստ «Արմավիր» քկհ-ից ստացված տեղեկությունների, ոչ բոլոր խցերն են վերանորոգվել, այլ ընդամենը՝ մոտ երկու տասնյակ։ Կամ մի քանի քառակուսի մետր սալիկ կպցնելու, պատերը ներկելու, մի քանի մետր պատ շարելու համար դժվար թե, ըստ մեր աղբյուրների, մոտ 30 միլիոն դրամ գումար պահանջվեր։

Ըստ վերը բերված փաստաթղթի՝ «Սևան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում շինաշխատանքներ կատարելու տենդերը շահել է «Բիդեք» ՍՊԸ-ն: Հենց այս ՍՊԸ-ն է շահել նաև «Աբովյան» ՔԿՀ-ում շուրջ 50 միլիոն դրամի շինվերանորոգման աշխատանքներ կատարելու տենդերը:

Ինչ վերաբերում է Ծառայության կարիքների համար ձեռք բերվող վառելիքին, ապա ներկայացնենք gnumner.am կայքում հրապարակված փաստաթուղթը, և թող ընթերցողը հասկանա, թե որտեղ է օգտագործվում այսքան վառելիքը։

Թեպետ, եթե ՔԿԾ պետին երկու մեքենա է սպասարկում, ավելի ճիշտ՝ ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը դրանք իր անձնական կարիքների համար է շահագործում, իսկ առաջին տեղակալի մեքենան ամբողջ օրը կրկին սպասարկում է իր ընտանիքին, մյուս տեղակալինը՝ նույնպես, և այսպես շարունակ, էլ չենք խոսում ՔԿՀ պետերի մասին, երևի թե հազիվ էլ հերիքի:

Այժմ անդրադառնանք «Արմավիր» ՔԿՀ-ում ջեռուցման հետ համատեղված օդափոխման և օդորակման համակարգի կառուցման շինարարական աշխատանքներին, որի համար բավականին կլորիկ գումար է անհրաժեշտ։

Հայտարարված տենդերին մասնակցել են մի քանի ընկերություններ, հաղթել է «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ն, որի թելերը, ըստ Ծառայությունում տարածված լուրերի, բերում են դեպի ՔԿԾ կենտրոնական մարմին:

Առաջիկայում թեմայի շուրջ բավականին ուշագրավ բացահայտումներ կլինեն, որոնք վերջնական հստակեցումներից հետո նույնպես կներկայացնենք հանրության ուշադրությանը։

Տեսանյութեր

Լրահոս