Նիդերլանդների պատգամավորներն աշխատելու են համոզել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները ցավում են, որ իրենց կառավարությունը դեռևս խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդարանի պատգամավոր Ռայմոնդ վան դե Ռունը նշել է, որ Նիդերլանդների Ազատություն կուսակցությունը աշխարհի շատ մարդկանց հետ միասին ոգեկոչում է 1915 թ. հայերի, արամեացիների և հույների հանդեպ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա հիշեցրել է, որ Նիդերլանդների խորհրդարանը տարիներ առաջ արդեն իսկ ճանաչել է դա որպես ցեղասպանություն, սակայն Նիդերլանդների կառավարությունը մինչ օրս՝ ոչ: «Մենք աշխատելու ենք համոզել մեր կառավարությանը, որ նույնպես ճանաչի 1915 թ.-ի իրադարձությունները՝ որպես ցեղասպանություն: Այս տարի մենք հիշատակում ենք նաև Արցախի Հանրապետության դեմ հարձակման արդյունքում զոհվածներին: Հուսով եմ, որ այս տարին և գալիք տարիները արգասաբեր կլինեն ձեզ համար»,-ասել է պատգամավորը:
Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի կկարողանան ներկա գտնվել Երևանում անցկացվող ոգեկոչման արարողությանը:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջասպեր ֆան Դայկն էլ, խոսելով Սոցիալիստական կուսակցության անունից, նշել է, որ կուսակցությունը տարիներ շարունակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Քանի որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պարբերաբար նսեմացվում է, պայքարը շարունակում է անհրաժեշտություն լինել։ Ցավալի է նաև այն, որ Օսմանյան կայսրությունում՝ ներկայիս Թուրքիայում, հայերի նկատմամբ ցեղասպանությունից խոսելիս անգամ Նիդերլանդների կառավարությունն է շարունակում օգտագործել «հարց» տերմինը»,-ասել է Ջասպեր ֆան Դայկը:
Նա վստահեցրել է, որ Սոցիալիստական կուսակցությունը հորդորելու է կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Իմ կուսակցությունը չի հանգստանա, քանի դեռ մեր կառավարությունն արդար կերպով չի առերեսվում պատմությանը։ Քաղաքական նկատառումները չպետք է արգելք հանդիսանան այս հարցում»,-նշել է պատգամավորը:
Եվրախորհրդարանի՝ Նիդերլանդներից պատգամավոր Աննի Սխրայեր-Պիրիկն էլ կարևոր է համարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով ցեղասպանության հարցին կրկին ու կրկին անդրադառնալը՝ այդ թվում Եվրոպայից և, մասնավորապես, Նիդերլանդներից։ Նա նկատել է, որ ցեղասպանությունը ճանաչելով, թույլ չեն տա դրա կրկնությունը: «Եվ հենց դա է պատճառը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այդքան կարևոր է։ Այսուհանդերձ, մենք դեռևս լիարժեքորեն չենք անում դա»,-նշել է ԵԽ պատգամավորը:
Նիդերլանդների «Դեմոկրատներ 66» կուսակցությունից Շուրդ Շուրդսման էլ նկատել է, որ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց կա մտորելու, հիշելու, բայց ամենից շատ ճանաչման պահ: «Մենք պետք է ճանաչենք վայրագություններն այնպես, ինչպիսին դրանք կան: Մենք պետք է ընդունենք, որ սա ցեղասպանություն էր: Ապագա ցեղասպանությունը կանխելու համար մենք պետք է կարողանանք նայել անցյալի աչքերի մեջ, պատմության մութ էջերին և ամբողջությամբ ճանաչել կատարվածը: Հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է»,-նշել է նա:
Նա վստահեցրել է, որ «Դեմոկրատներ 66»-ը կանգնած է բոլոր նրանց կողքին, ովքեր դեռ զգում են այդ սարսափելի իրադարձությունների հետևանքներ