«Դե, ես պետք է ճոխ անեմ, հո դու իմ պես չե՞ս կարա անես»․ Գագիկ Ծառուկյանը՝ որդու հարսանիքի մասին
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր շարունակվում է։ Օրվա երկրորդ կեսին Ծիծեռնակաբերդ այցելեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ԲՀԿ-ն կոալիցա է կազմելու գործող իշխանության հետ․
«Դրանք ավելորդ խոսակցություններ են, հերյուրանքներ են, որ տարածում են, լուրջ մի ընդունեք»։
Դիտարկմանը, որ Արցախյան վերջին պատերազմից 5 ամիս անց իր որդու հասանիքն այդպիսի ճոխությամբ նշելը հանրությամն կողմից մեծ քննադատության արժանացավ, Ծառուկյանը պատասխանեց, որ, եթե անգամ մեկուկես տարի հետո էլ լիներ իր որդու հարսանիքը, մեկ է՝ քննադատողներ լինելու էին, և, որ «դա պատվեր էր կոնկրետ լրատվամիջոցներին»․
«Ես մինչև այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել բոլորի համար։ Որ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը բերդում էր, ես 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ՝ մեր բանակի, մեր հզորության համար։ Այդ մասին այդ լուրեր տարածողները կամ դրանց տերերը սկի չեն էլ խոսում։ Մենք գիտենք՝ էդ տարածողներն ովքեր են, տերերն ովքեր են, ուզում են լուրեր հավաքեն, դիվիդենտ հավաքեն, բայց իրենք հարսանիքի էլ են մասնակցում, ուտել-խմելու, քեֆերի էլ են մասնակցում, և երբեք չի եղել, որ նրանք կարողանան որևիցե մի հարցով, որևիցե ոլորտի աջակից լինեն կամ մասնակից լինեն»։
Հարցին՝ այնուհանդերձ, կարծում եք՝ ճի՞շտ էր նման ճոխությամբ նշել հարսանիքը, երբ շատ մայրեր չեն կարողացել անգամ հողին հանձնել իրենց որդիների մարմինները, ու այդ ճոխ հարսանիքի կադրերն են նայում, Ծառուկյանն ասաց, որ ամեն ծնող էլ իր երեխայի համար ուզում է լավ հարսանիք անել։ Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը նման ճոխության մասին է, Ծառուկյանը պատասխանեց․
«Դե, ես պետք է ճոխ անեմ, հո դու իմ պես չե՞ս կարա անես, ամեն մարդ՝ իրա հնարավորության սահմանում․․․»։
Անդրադառնալով առաջիկայում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Ծառուկյանն ասաց
«Դա ոչ միայն ես գիտեմ, բոլոր ժողովուրդն էլ գիտի՝ ակնկալիք էլ ունենք, խնդիրներն էլ գիտենք, պրոբլեմներն էլ գիտենք, դրա լուծումն էլ գիտենք և արդեն երկար տարիներ գիտենք, որ մենք երկրորդ քաղաքական ուժն ենք։ Այսօր խնդիրը, պրոբլեմը, լուծումը մե՛նք գիտենք, ե՛ս գիտեմ և ժողովրդին ներկայացրել եմ, ասել եմ, ասել եմ, որ մենք գնում ենք մենակ, գնում ենք հաղթելու, գնում ենք մեր ծրագիրն իրականացնենք, ժողովրդին, պետությանն այս վիճակից հանենք»։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կհամագործակցե՞ք, Ծառուկյանը պատասխանեց․
«Նորից եմ ասում, ես գնում եմ հաղթելու։ Ժողովուրդը տեսնելով մեր ծրագիրը, մեր մոտեցումը, մեր վարած քաղաքականությունը, նա, ասենք թե, ում կընդունի, ում կհավատա, ում կվստահի՝ կտա, նրանից էլ կպահանջի»։