Վարչապետի աշխատակազմի հայտնի ՊՈԱԿ-ը 60 միլիոն դրամանոց ծրագիրը տապալել է. ՊՈԱԿ-ից ծրագիրը վերցրել, տվել են Սինանյանի գրասենյակին
Հայաստանի Կառավարությունը 2021 թվականի պետբյուջեով 60 միլիոն դրամ էր հատկացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Հայաստանում Սփյուռքի ներգրավվածության բարձրացման, հայրենադարձության, Սփյուռքից ներդրումների, Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրերի ներկայացման ուղղություններով հեռուստահաղորդումների, տեսանյութերի պատվիրման, սոցիալական տարբեր հարթակներում առաջմղման համար։
Պարզվում է, սակայն, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 60 միլիոն դրամի դիմաց ստանձնած պարտավորությունները կատարել է ոչ արդյունավետ, ուստի հիմա կառավարությունը որոշում է ընդունել վերցնել այս բոլոր միջոցառումների իրականացման պարտավորությունը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վրայից ու հանձնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին։
Միևնույն ժամանակ հաստատված բյուջեն՝ 60 000 000 ՀՀ դրամը, վերանայվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, որի արդյունքում բյուջեն կազմել է 35 709 600 ՀՀ դրամ, իսկ տարբերությունը՝ 24 290 400 ՀՀ դրամը, վերադարձվել է ՀՀ պետբյուջե: