«Ֆեյսբուքյան գրառումը դեռևս հիմք չէ ընտրություններ անցկացնելու կամ ընտրություններին պատրաստվելու համար». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ պատմությունից հայերը պետք է դասեր քաղեն, ազգի մեջ բաժանումներ չլինեն, ազգը չբաժանվի սևերի ու սպիտակների, նորերի, հների։

«Եթե մենք այդ գիտակցումն ունենք, ապա այլևս հայ ժողովրդի նկատմամբ որևէ ոտնձգություն որևէ մեկը թույլ չի տա»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վանեցյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության մասնակցելու հավանականությանը, Արթուր Վանեցյանը նշեց, որ ի սկզբանե կուսակցությունը հայտարարել էր, որ, եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա իրենք մասնակցելու են։

«Ընտրություններ դեռևս հայտարարված չեն, ֆեյսբուքյան գրառումը դեռևս հիմք չէ ընտրություններ անցկացնելու կամ ընտրություններին պատրաստվելու համար։ Թե ինչ ձևաչափով այդ ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը, այս պահին զերծ կմնամ մեկնաբանել։ Տարբեր կուսակցությունների հետ ընթանում են քննարկումներ, երբ լինի ընտրությունների հստակ օր, այդ ժամանակ կասենք։ Ստահոդ են այն լուրերը, թե ես փորձում եմ իշխանությունների հետ գնալ կոնսենսուսի, որևէ իրականություն չկա այդ լուրերում։ Իմ կուսակցությունը և ես մեր տեղը հստակ տեսնում ենք հակաիշխանական ճամբարում»,- հավելեց Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժմանը», Արթուր Վանեցյանը նկատեց, որ այն իր առջև դրված մի քանի խնդիրներ լուծեց, որոշ խնդիրներ չկարողացավ, իսկ  ամենակարևոր խնդիրը, որը լուծել է, դա այն է, որ այսօր հանրության գերակշիռ մասի մոտ կասկած չի մնացել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Երբ բարձրանում էի հուշահամալիր չտեսա, որ մեկը չմոտենար ու չասեր, թե երբ ենք իրենց ազատելու այս չարիքի իշխանությունից։ Ժողովրդի մոտ հստակ կա այդ մոտեցումը, որ այս իշխանությունը պետք է հեռանա, կարծում եմ՝ եթե լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Նիկոլ Փաշինյանը շարունակի իր պաշտոնավարումը, ընդդիմությունը պետք է ունենա մեկ նպատակ՝ հեռացնել նրան՝ այս դեպքում ընտրությունների միջոցով»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ապա  Արթուր Վանեցյանը նշեց, թե նրա   հետ հանդիպել է մի քանի ամիս առաջ, զրուցել են, սակայն որևէ քաղաքական հարց չեն քննարկել։

«Արցախի երրորդ պատերազմի հետ կապված՝ պետք է անցկացվի խորը քննություն, և բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն  քրեական գործերի շրջանակներում»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս