Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հաստատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ: «Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել: Ակնկալում եմ, որ նա օրվա առթիվ հանդես կգա հայտարարությամբ, սակայն չեմ կարող ոչինչ հաստատել դրա բովանդակության առնչությամբ ձեր ենթադրությունների վերաբերյալ»,- ասել է Պսակին՝ պատասխանելով հնչեցված հարցին:
Ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ, հենվելով սեփական անանուն աղբյուրների վրա, շարունակում են հոդվածներ հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հարցի առնչությամբ լրատվամիջոցները հարցումներ էին ուղարկել Սպիտակ տուն, սակայն այստեղից որևէ մեկնաբանություն չի տրվել: