Ի՞նչ է մտածում Արտակ Բուդաղյանը

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունից հետո, որի ժամանակ նա հրահանգեց հատուկ գործողություններ կիրառել իրեն ծափերով չդիմավորած կամ հայհոյանքներով ողջունած, երբեմն՝ արդարացված որակումներ թույլ տված սյունեցիների նկատմամբ, ինչը միանգամից ի կատար ածվեց, առաջինը միտքս եկավ Փաշինյանի միջնորդությամբ գեներալ-մայոր դարձած Արտակ Բուդաղյանը, որը զբաղեցրած կարգավիճակից ելնելով՝ նախօրեին մեծ սիրով ընդունել էր Փաշինյանին:

Նշենք, որ Բուդաղյանը մեկն է այն գեներալներից, ով ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈւ հայտարարության տակ:

Ինչո՞ւ է այս պարագայում հետաքրքիր հենց Արտակ Բուդաղյանի կարծիքը, դիրքորոշումը, նախ, որովհետև նա սյունեցի է՝ Գորիսից է ծնունդով, երկրորդ՝ 1990թ. մասնակցել է Կուբաթլուի, Լաչինի ազատագրման մարտերին, որոնք թուրքին են հանձնել գործող իշխանությունները, երրորդ՝ 2013 թվականին ՊԲ զորամասի հրամանատար էր, անձնական հաշիվներ մաքրելու համար հրացանով գնացել էր Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տուն, տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վիրավորումով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց 120.000 դրամ տուգանք: Կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նաև նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:

Այս ամենը, ըստ էության, տեղի ունեցավ հանրային ճնշման արդյունքում, բարձրաստիճան զինվորականները ևս աջակցություն դրսևորեցին, թեպետ միջանձնային նման դեպքերը դատապարտում էին. օրինակ, այդ ժամանակ ՊՆ Սեյրան Օհանյանը:

2014 թվականին Բուդաղյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ արդեն 2019-ին՝ նույն կորպուսի հրամանատար: Այսօր, երբ Սյունիքի համայնքի պաշտոնյաներ, շարքային սյունեցիներ, որոնք անցել են պատերազմի միջով, իրավապահ մարմինների կողմից նվաստացվում են, երբ նրանց վերագրվում են արարքներ, որ չեն գործել՝ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում, հետաքրքիր է՝ ի՞նչ մտածում պարոն գեներալը, ում թիկունք էին կանգնում ժամանակին՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետի, որին մեղադրում էին մարզում վախի մթնոլորտ ստեղծելու մեջ:

Այն, որ վախի մթնոլորտ կար, դա ոչ ոք չի հերքում, բայց ինչ է այսօրվա տեղի ունեցածը, եթե ոչ ռեպրեսիաներ՝ երկրի ղեկավարի անմիջական և հրապարակավ հրահանգով, միայն որովհետև մարդիկ մտահոգված են իրենց մարզի անվտանգությամբ: Վերադառնալով ՀՀ ԶՈՒ հայտարարությանը՝ հիշեցնենք՝ Արտակ Բուդաղյանը ստորագրել է մի հայտարարության տակ, որտեղ գրված է՝ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Ադեկվա՞տ է համարում Բուդաղյանը Նիկոլ Փաշինյանի հատուկ գործողության այս հրահանգը:

Տեսանյութեր

Լրահոս