Բաժիններ՝

Ելուզակները Նիգերիայում 2,1 մլն դոլար են պահանջել 23 ուսանողներին ազատելու համար

Ելուզակները, որոնք ապրիլի 21-ին Նիգերիայի հյուսիսի Քադունայի նահանգում պատանդ էին վերցրել Գրինֆիլդ համալսարանի ավելի քան 20 ուսանողների, նրանց ազատելու համար պահանջել են 800 միլիոն նայր (2,1 միլիոն դոլար) փրկագին: Ապրիլի 22-ին այդ մասին հայտնել է Vanguard թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հրոսակախումբն ապրիլի 21-ին հարձակվել է Գրինֆիլդ համալսարանի վրա՝ սպանելով նրա աշխատակիցներից մեկին և պատանդ վերցնելով 23 ուսանողների: Երեք տարի առաջ հիմնված բուհի ուսանողների ծնողներից հանցագործները պահանջել են 800 միլիոն նայր փրկագին:

Դա երկրորդ նման դեպքն է նահանգում ընթացիկ տարում: Մարտի 11-ին ելուզակները Քադունա քաղաքի անտառտնտեսության պետական քոլեջից առևանգել են 39 ուսանողների: Նրանցից ազատ է արձակվել սոսկ ինը մարդ: Առևանգիչները մնացածների համար պահանջում են 500 միլիոն նայր (1,3 միլիոն դոլար): Բուհերի և դպրոցների վրա հարձակումները մարդկանց առևանգման նպատակով հետագա փրկագնի համար վերջին ամիսներին սկսել են հաճախակի տեղի ունենալ Նիգերիայում:

Փետրվարի 26-ին Զամֆարայի նահանգի Ջանգեբե քաղաքում աղջիկների գիշգերօթիկից առևանգվել էին 279 աշակերտուհիներ: Նրանց մարտի 2-ին ազատել են բանակցություններից հետո: Կացինայի նահանգում ելուզակները 2020 թվականի դեկտեմբերի 11-ին 344 տղաների էին առևանգել գիշերօթիկ դպրոցից: Վեց օր անց նրանք բոլորն ազատ են արձակվել: Տեղի իշխանությունների որոշմամբ Նիգերիայի հյուսիսում մարտ ամսից փակ են բոլոր 600 դպրոցները: Դրանց սովորողները տեղափոխվել են այլ ուսումնական հաստատություններ երկրի ավելի անվտանգ շրջանններում: Միաժամանակ ուժեղացված են անվտանգության միջոցները գործող դպրոցներում և բուհերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս