Շառլ Միշելը կրկին Վրաստանում է. ինչու է եվրոպացի պաշտոնյան անտեսում Հայաստանն ու Արցախյան հարցը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն աշխատանքային այցով կրկին Վրաստանում է ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով: Եվրոպացի պաշտոնյայի վրացական այցից ակնկալիքներն այս անգամ էապես շատ են` հաշվի առնելով հանգամանքը, որ այցից մեկ օր առաջ քաղաքական ուժերը համաձայնել են կարգավորման Միշելի կամ Արևմուտքի պլանին:
Շառլ Միշելը, ըստ եվրոպացի վերլուծաբանների գնահատականների, փոխզիջումային լուծում է կազմել, որը հաշվի է առնում նաև ընդդիմության պահանջներն ու շահերը:
Ըստ այդ պլանի՝ Միշելն առաջարկում է ընտրական բարեփոխումների, արդարադատության ոլորտում փոփոխությունների անցկացում, խորհրդարանում լիազորությունների բաժանում, քաղբանտարկյալների ազատ արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, եթե առաջիկա աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող ուժը չկարողանա հավաքել քվեների 43 տոկոսը։ Դեռ լիովին հայտնի չէ Միշելի այցի արդյունքները, սակայն ուշագրավն այն հանգամանքն է, որ սա Միշելի երկրորդ այցն է Վրաստան այդ երկրի ներքաղաքական ճգնաժամի կես տարվա ընթացքում:
Առաջին այցը տեղի ունեցավ ամիսներ առաջ Միշելի՝ ԱԼԳ երկրներ կատարած շրջագայության շրջանակում: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 28-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում այցելել էր ԱլԳ անդամ մի քանի երկրներ՝ Ուկրաինա, Վրաստան և Մոլդավա: Հատկանշական է նաև այն, որ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 6-ին պաշտոնական այցով Թուրքիայում էին, և մեզ համար ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ եվրոպացի առանցքային պաշտոնյաները և հատկապես Շառլ Միշելը, վերջին ամիսներին 3 անգամ լինելով տարածաշրջանում, որևէ այց չեն նախատեսում Հայաստան, որը ծանր պատերազմից հետո կանգնած է դիվանագիտական, հումանիտար, քաղաքական բարդագույն խնդիրների առջև:
Սա էլ ավելի տարօրինակ է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունները վերականգնելու՝ Երևանի, Վաշինգտոնի և Փարիզի շահագրգռության, ինչպես մարտի 1-ից լիարժեքորեն ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ֆոնին:
168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ստեղծված իրավիճակն ունի իր հստակ բացատրությունը:
Նրա խոսքով, նախ Վրաստանի ներքաղաքական կյանքում ԵՄ-ի հետ հարաբերությունների և արտաքին քաղաքական վեկտորի հարցում որևէ տարաձայնություն չկա, ուստի ԵՄ պաշտոնյաները կարող են ազատորեն դիտարկել միջնորդական ջանքեր ներքաղաքական ճգնաժամը հարթելու գործում, ու այստեղ, ըստ նրա՝ նրանք որևէ բարդույթ չունեն:
«Սա, կարծում եմ, էական հանգամանք է: Վրաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, ում եվրաատլանտյան վեկտորն անբեկանելի ու հստակ է, Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում իրավիճակն այլ է: Հարավային Կովկասի բոլոր երկրները ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի մաս են կազմում, սակայն Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, այսինքն՝ ռուսական պրոյեկտների լիիրավ անդամ է, սա ինչ-որ առումով որոշիչ հանգամանք է:
Իսկ պատերազմն էլ ավելի խորացրել է այդ հանգամանքն ու նեղացրել արտաքին քաղաքականության հնարավորությունները: Այսինքն՝ «և-և»-ն այսօր դժվար պատկերացնելի է»,- ասաց նա:
Վերլուծաբանի կարծիքով, կան զուտ եվրոպական պատճառներ ևս:
«Առավել շատ ծրագրեր կան Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավայի հետ, որոնք Ասոցացման համաձայնագրեր ունեն և ձգտում են ավելիին, իսկ ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ կան ԱլԳ մյուս երկրների հետ խորը համագործակցության հարցով, հատկապես, երբ Հայաստանը, Բելառուսը լիովին այլ գոտում են: Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց այդպես է: ԵՄ-ն հասկանում է, որ պատերազմից հետո հարցերը լուծում է Ռուսաստանը, կա աշխատանք Թուրքիայի հետ, իսկ Ղարաբաղի ուղղությամբ աշխատում է Վաշինգտոնը, իր դերը ԵՄ-ն այս ամենում չի տեսնում, ըստ իս, հենց այդ պատճառով կարծես հեռավորություն է պահպանվում Հայաստանից ու Ադրբեջանից, թեև տրամաբանությունը հուշում է, որ պատերազմից հետո պետք է այցեր լինեին ու հստակ ծրագրեր: Սրան զուգահեռ՝ նշեմ, որ կարծես ավելի ցածր մակարդակով աշխատանք կա»,- ասաց նա: