«Արցախցիներին ժամը 6-ին հրավիրում են ավտոկայան, մարդիկ վերջում մասնավոր երթուղայիններով, գումար վճարելով են հասնում Արցախ». Հռիփսիմե Առաքելյան

Այսօր Երևանի ավագանու որոշմամբ 300 մլն դրամ ուղղվեց  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, որ որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով կազմակերպության բարձր ներգրավվածությունը համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև իր ռեսուրսներով մասնակցությունը պատերազմական շրջանում: Հարցի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ արցախցիներից բողոքներ է ստացել Երևան-Ստեփանակերտ ուղևորափոխադրողներից:

«Շաբաթ օրը «Կիլիկիա» ավտոկայանից ահազանգ ստացա: Վերջին մի քանի շաբաթը բավականին վատ է կազմակերպվում ուղևորափոխադրումների աշխատանքը: Արցախցիների հետ կապված խնդիրներ են առաջանում, մարդիկ այնտեղ կուտակվում են, ժամը 6-ին հրավիրում են նրանց գալ, 6-ին գալիս են, ասում են՝ մի ժամից, 7-ին կլինի ավտոբուսը, 7-ին չի լինում, 8-ին կլինի, և այդպես շարունակ, վերջում այս մարդիկ մասնավոր երթուղայիններով, գումար վճարելով՝ հասնում են Արցախ: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է խնդիրը, որ մեր կողմից պատվիրակված լիազորությունները լավ չի կատարվում, կան բացթողումներ»,- ասաց Առաքելյանը:

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը կատարում է պատվիրակված լիազորություն, Կառավարությունը գումարը փոխանցում է Քաղաքապետարանին, իրենք էլ կազմակերպում են փոխադրումը, վճարում են փոխադրողին: Նրա խոսքով՝ վերջին երկու ամիսներին օրական 2 ավտոբուս է գնում դեպի Ստեփանակերտ, սակայն իրենք անգամ թեժ գծերով ահազանգեր, բողոքներ չեն ստացել: Սարգսյանն առաջարկեց մասնավոր դեպքը քննարկել և հասկանալ խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս