«Օրեր առաջ թունաքիմիկատների գերեզմանոցում էի, իմ ու ընկերոջս ամբողջ մարմինը քոր էր բռնել, մեր գիտակցությունը շատ վատ էր». Արմեն Ներսիսյան

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօրվա նիստի ընթացքում ելույթ ունեցավ և պատմեց, թե ինչ է տեղի ունեցել օրերս Էրեբունի վարչական շրջան այցելելուց հետո.

«Մոտ երկու օր առաջ ես նորից այցելել եմ Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի «թունաքիմիկատների գերեզմանոց», նույն զգացողությունն ունեցա, ինչ ունեցել եմ երկու տարի առաջ: Իմ ու իմ ընկերոջ ամբողջ մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունը շատ վատ էր: Ես, երկու տարի է, խոսում եմ թունաքիմիկատների գերեզմանոցի մասին, ուսումնասիրեք, թե այդ ԴԴՏ թունաքիմիկատն ինչքան վտանգավոր է, ես տեղեկացնում եմ, որ այն ուռուցքածին է, մեռելածին է, շատ տարածված հիվանդություններ կան այդ թունաքիմիկատից, մարդիկ մահանում են:  5 մլն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է՝ լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո այդ գումարից արդեն կամաց-կամաց ծախսվել է, և ընդհանուր առմամբ փորձարկումներ են անում, լաբորատոր աշխատանքներ են անում, ևս մի 5 տարի հետո, կարծում եմ, այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, և այդ ԴԴՏ թունաքիմիկատը նորից կթունավորի մեր Երևան քաղաքը, մեր գետերը, Հայաստանը: Ես մտահոգված եմ այս հարցի շուրջ: Շատ հիվանդներ ունենք Հայաստանում, միգուցե պատճառը սա է»,- ասաց Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ այս խնդիրները երկար տարիներ ընդհանրապես անտեսված են եղել, իրենք ունեն ծրագիր ԵՄ-ի հետ, որը, սակայն, առնչվում է կենցաղային վտանգավոր թափոններին, իսկ Ներսիսյանի նշած թափոններով Քաղաքապետարանը չէ, որ պետք է զբաղվի.

«Կարծում եմ՝ այստեղ այլ գերատեսչություն պետք է աշխատի, դա մեր ոլորտը չէ»:

Տեսանյութեր

Լրահոս