Վարուժան Ավետիսյանն իր բարոյականության հետ վերջնահաշվարկ արած անհաջող ինքնասպան է. բանտից դուրս եկած Արմեն Բիլյանը խոստանում է փակագծեր բացել

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Բիլյանը կալանավորված է եղել մինչև 2021 թվականի փետրվարի 24-ը:  Ազատության մեջ է հայտնվել խափանման միջոցը փոխվելուց հետո:  Այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ հայտարարելու, որ ինքը ոչ մի կապ չունի «Սասնա ծռեր» կուսակցության և այդ բևեռի հետ։

«Ես 2016 թվականի հուլիսին գործողության գնացել եմ ամբողջական համոզումով և մինչև այս րոպեն հավատարիմ եմ մնում այդ համոզմունքներին, և սխալ է 2018 թվականին ստեղծված կուսակցությունը նույնականացնել ՊՊԾ գունդը գրաված խմբավորման հետ»,- ասաց Բիլյանը՝ նշելով, որ չի կարող իրեն նույնականացնել անբարոյականության հետ, իսկ «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդները հենց այդպիսին են։

«Չեմ ուզում այս պահին փակագծերը բացել, բայց դեռ գնդի գրավման օրերին և գործողության ընթացքում ինձ մոտ հարցեր են առաջացել գործողությունները վարելու և փոփոխվող պահանջների վերաբերյալ»,- ասաց Բիլյանը՝ շեշտելով, որ մերժում է «Սասնա ծռեր» կուսակցությունը, բայց  շարունակում է իրեն համարել համանուն խմբավորման անդամ։

Այնուհետև Արմեն Բիլյանը ներկայացրեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանի  հեղինակած և 26.02.2018 թվականին  հրապարակված «Բրիտանական Ռոբսոնը Սերժ Սարգսյանի տրոյական ձին է» վերտառությամբ հոդվածն ու հարց հնչեցրեց՝ իսկ ինչպե՞ս հասկանանք, որ Ժիրայր Սէֆիլյանը հիմա գոռում է, թե՝ Նիկոլ, բանագնաց ուղակիր Արմեն Սարգսյանի մոտ։

«Ծանոթացեք այդ հոդվածին ու  ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Նրանք ազգայինի հետ որևէ կապ չունեցող մարդիկ են։ Այսօր  Վարուժան Ավետիսյանն իրենց, իբրև թե, վարչապետի թեկնածուն է դարձել։ Շատ ասուլիսներ են դեռ լինելու, շատ բաներ են բացվելու։ Անբարոյականությունը մի տեսակի չի լինելու, եթե մարդն անբարոյական է, ինքը չի կարող արդարության մարտիկ լինել, ինքը կարող է փախնել։ Հիմա փակագծեր չեմ բացի, թող մի քիչ մտածեն, հիմա ուղղակի չեմ ասի, թե ով է եղել ծախվածը, իսկ  Վարուժան Ավետիսյանն իր բարոյականության հետ վերջնահաշվարկ արած անհաջող ինքնասպան է. փակագծերը հետո կբացեմ»,- ասաց նա։

Բիլյանը նաև հարց հնչեցրեց, իսկ հիմա որքան է ֆունտ ստեռլինգը։

Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք այս հարցով ակնարկում է, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայից, Բիլյանը պատասխանեց.

«Մամուլից կտեղեկանանք, երկրի նախագահն էր, չէ՞, ասում, թե մամուլից իմացավ, թե ինչ է եղել, այնպես որ, հիմա էլ մամուլից կիմանանք»։

Բիլյանը կոչ արեց բոլորին համախմբվել, քանի որ պատերազմն ավարտված չէ, թուրքը շարունակում է համարվել մեր թշնամին ու շարունակում է ցանկանալ մեր դեմ պատերազմել։

Ըստ նրա՝ պետք է ժամանակ չվատնել որևէ այլ բանի վրա, ինքն էլ հենց դա է անում և պատրաստվում է ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներին ու մտնում է պայքարի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս