427.7 միլիոն դրամ` նոր հեռուստաալիք ստեղծելու համար. Կառավարության հերթական ծախսատար որոշումը

Պետությունն ամեն օր առերեսվում է տնտեսական վայրիվերումների, տարատեսակ աղբյուրներից ահազանգվում է պետական բյուջեի պակասուրդի մասին, գնաճն այլևս անկառավարելի է, հետպատերազմական Հայաստանում հարյուրավոր զինվորներ պատշաճ բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն, իսկ Կառավարությունը որոշում է կայացնում նոր հեռուստաալիք բացել, որոշման գինը՝ 427.7 միլիոն դրամ։

Ապրիլի 15-ին տեղի ունեցած Կառավարության նիստին որոշվեց հենց 427.7 միլիոն դրամ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել Հանրային հեռարձակող խորհրդին, որպեսզի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք ստեղծվի, որի նպատակը պետք է լինի օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցման ապահովումը: Ստորագրված որոշումը հասանելի է հետևյալ հղումով

Օպերատիվ ու անաչառ լրատվություն մատուցելու բարի նպատակն իրագործելը, չգիտես՝ ինչու, Կառավարությունը քողարկել էր Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մութ անկյունում։

Գուցե նպատակն այդքան էլ բարի չէ։ Համենայն դեպս, ըստ որոշմանը կցված փաթեթի՝ Ֆինանսների նախարարությունն առնվազն հորդորել է զերծ մնալ նմանատիպ նոր ծախսեր անելուց, իսկ նոր պարտավորության ընդունման դեպքում՝ վերջինիս  իրականացման հարցը քննարկել ոլորտային/ծախսային առաջնահերթությունների վերանայման և ըստ այդմ՝ պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում։ Վերը նշված առաջարկը, սակայն, հաշվի չի առնվել:

Թե ինչո՞ւ է հենց հիմա Կառավարությունը պետության համար կենսական բազմաթիվ կարևոր հարցերին լուծումներ տալու փոխարեն՝ նման խոշոր գումարային հատկացում անում նոր հեռուստաալիք ստեղծելու համար, տարակուսելի է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ՝ հունվարի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ մի շարք ալիքներ զրկվեցին հանրապետական/մայրաքաղաքային սփռման լիցենզիաներից, որոշներն էլ՝ ընդհանրապես հեռարձակվելու իրավունքից, մինչդեռ այժմ Կառավարությունը, ըստ էության, նախաձեռնում է ստեղծել պետական բյուջեից ֆինանսավորվող հեռուստաալիք, բայց դրա «պետական» ծագման փաստը գաղտնի է պահում։

Այս որոշումը տարակուսելի է հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների համատեքստում։ Թեև դեռ ընտրությունների անցկացման օրն արձանագրված չէ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, առկա չէ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Ազգային ժողովն էլ շարունակում է իր բնականոն աշխատանքը, բայց կարելի է ենթադրել, որ ներկայիս քաղաքական ուժի նախաձեռնությամբ նոր հեռուստաալիքի ստեղծումը միտված է միջոց դառնալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլ»-ի շահերից բխող  քարոզչություն վարելուն։

Պարզ չէ, թե ինչու է պետական բյուջեի պահուստային ֆոնդից 427.7 միլիոն դրամով ստեղծվող նոր հեռուստաալիքը, որի նպատակն անաչառ ու օպերատիվ լրատվության տրամադրումն է, նախատեսված միայն մայրաքաղաքային հեռարձակման համար։

Մի՞թե մարզերում անաչառ ու օպերատիվ լրատվություն ստանալու կարիք չկա։ Այս փաստն իր հերթին է ապացուցում հեռուստաալիքի նպատակային այլ նշանակության մասին՝ թիրախավորված մայրաքաղաքի լսարանի վրա։

Հետաքրքրականն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ, յուրաքանչյուր անգամ առիթը բաց չթողնելով, խոսում են գրպանային լրատվամիջոցների մասին, կարևորում լրատվամիջոցների «իրական» սեփականատերերի բացահայտումն ու հանրայնացումը, վերջին շրջանում առավել հաճախ ընդգծված ագրեսիվ վերաբերմունք դրսևորում իրենց ոչ հաճելի լրատվամիջոցները ներկայացնող լրագրողների նկատմամբ և միաժամանակ ՀՀ հարկատուների միջոցներով միայն մայրաքաղաքի լսարանի համար նախատեսվող նոր հեռուստաալիք ստեղծելու որոշում ընդունում՝ չհարցնելով այդ նույն հարկատուների կարծիքը։

Տեսանյութեր

Լրահոս