Խուզարկուի ինստիտուտի օրինականացո՞ւմ, թե՞ անձնական կյանքի միջամտությունների նոր շղթա. իմքայլական պատգամավորի նոր նախագիծը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը խորհրդարանին է ներկայացրել «Մասնավոր խուզարկության գործունեության մասին» օրենքի նախագիծ։
ՀՀ իրավական համակարգում մասնավոր խուզարկուի ինստիտուտի ներդրումը պատգամավորը հիմնավորում է մի քանի հանգամանքով: Ըստ հեղինակի` ՀՀ-ում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, նման գործունեությունը թույլատրող կամ արգելող իրավանորմերը բացակայում են, որն էլ առանց իրավական կարգավորման է թողնում նման գործունեությունը, ու ըստ իմքայլական պատգամավորի, հանգեցնում է փաստացի իրականացվող այդպիսի գործունեության բացարձակ ազատության:
Ըստ Արթուր Դավթյանի` համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը խոչընդոտում է խուզարկուների մասնագիտական միավորման ստեղծմանը ու դրա միջոցով ոլորտի կարգավորմանն ու համակարգմանը:
Այս կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ-ում օրենքով թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելը, ներդնել մասնավոր խուզարկուների արտոնագրման համակարգ, սահմանել խուզարկուների իրավունքները, պարտականությունները, ստեղծել Խուզարկուների միություն, ինչպես նաև՝ դրան կից մարմիններ:
Նախագծի ընդունումը կենթադրի, որ Խուզարկուների միավորման անդամ, միևնույն ժամանակ՝ խուզարկուի արտոնագիր ստացած յուրաքանչյուր մեկը, ով օրենքի նախագծի համաձայն՝ չի հանդիսանում տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների համակարգի մաս, այլ պարզապես մասնավոր գործունեության տեսակ է, հետևաբար՝ խուզարկուական գործունեություն իրականացնելիս անկախ է ու չի ենթարկվում տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման որևէ մարմնի, չի ենթարկվում պետությանը, կկարողանա հավաքագրել յուրաքանչյուրի մասին տեղեկություններ, ապա այդ տեղեկությունները տրամադրել իր հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած քաղաքացուն, կառույցին կամ ատյանին, այլ կերպ ասած` այն անձին, ով պատվիրել է նշված տեղեկությունների հավաքագրումը:
Այս նախագիծը նաև հնարավորություն է տալիս խուզարկուին անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար դիմել պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, իսկ վերջիններս էլ պարտավոր են խուզարկուին 10-օրյա ժամկետում տրամադրել հարցվող տեղեկություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանց պատճենները` բացառությամբ այն դեպքերի, որբ դրանց տրամադրումը սահմանափակված է օրենքով կամ պարունակում է գաղտնիք:
Խուզարկուի գործունեության շրջանակներում ներառված է տարաբնույթ տեղեկությունների` փաստերի, ապացույցների հավաքագրումը, հետազոտությունների իրականացումը, որոնք վերաբերում են ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև իրավաբանական կազմակերպություններին: Խուզարկուին նաև իրավունք է տրվում բացահայտել ֆիզիկական անձանց անձնական հատկանիշները, բնավորության գծերը, կենսագրական տվյալները, շրջապատը, շփման շրջանակը, նախասիրությունները, վարքագիծն ու այլ հատկանիշներ:
Ու չնայած օրենքի նախագծում մեկ նախադասությամբ հիշատակված է, որ խուզարկուական գործունեության շրջանակներում խուզարկուն պարտավոր է հարգել ու պահպանել այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, չկա որևէ տող, գոնե նախադասություն այն մասին, թե ով է իրականացնելու այս կառույցի կամ անհատի վերահսկողությունը, որպեսզի խուզարկուի անժամկետ արտոնագիր ստացած անձը չոտնահարի քաղաքացու` Սահմանադրությամբ երաշխավորված անձնական կյանքի իրավունքը:
Ստացվում է, որ միայն մի այս օրենքի ու դրան հետևող մի քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում խուզարկուի արտոնագիր ստացած մեկը կարող է իմանալ ամեն ինչ յուրաքանչյուրի մասին: Իսկ թե ո՞վ է վերահսկելու այս ամբողջ ընթացքը, անհայտ է:
Պարզապես հիշեցնենք, որ այսօր, երբ Սահմանադրությամբ երաշխավորված են մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, մարդու անձնական կյանքին միջամտությունը շատ դեպքերում թույլատրվում է միայն դատական վերահսկողության շեմը հաղթահարելու արդյունքում:
Օրինակ, Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների որոշ տեսակներ, անգամ արտաքին, ներքին դիտումը, որը պայմանավորված է տեխնիկական միջոցների օգտագործմամբ, հնարավոր է կատարել բացառապես այն դեպքերում, երբ անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, և երբ առկա է Դատարանի թույլտվությունը (հոդված 34):