«Եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ էին մինչև 2018 թ․ հրաժարվում բոլոր այդ առաջարկներից»․ Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Politique Internationale-ին տված հարցազրույցում մանրամասն անդրադարել է 2008-2018 թվականների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումներին։ Ըստ Է․ Նալբանդյանի՝ եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, որ հիմնահարցը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա միջազգային հանրությունը համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի Հանրապետության շուրթերով հայտարարում էր, որ հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա, որոնք մեկ ամբողջականություն են կազմում։ Դրանք են՝ ուժի, կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Ընդ որում, ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ համանախագահներն ընդգծում էին, որ այս սկզբունքներից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կխաթարեն խաղաղության գործընթացը։

«Հանգուցալուծման երեք սկզբունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը, ընդգրկվել էին, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» նախագիծում, որը եռանախագահ երկրները ներկայացրել էին 2007թ.-ի նոյեմբերին Մադրիդում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում։ Դրանք հայտնի դարձան Մադրիդյան փաստաթուղթ, կամ Մադրիդյան սկզբունքներ անվամբ։

Այդ սկզբունքները պաշտոնապես հնչեցվել են Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում, որոնք 2009-2013 թվականներին ընդունվել են Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում և կարևոր հիմք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

Հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, այդ երեք սկզբունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքն, ընդգրկվել են եռանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ, որն ընդունվեց 2009թ.-ի դեկտեմբերին Աթենքում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում։ Այսինքն, երեք սկզբունքների, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքի տակ իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանը։ Թեև հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից, այնուամենայնիվ, համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում մինչև 2018 թվականը իրենց հայտարարություններում անընդհատ շեշտում էին հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա»,– ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը։

Հարցին, թե ինչպե՞ս էր Ադրբեջանը հետ կանգնում ձեռք բերված համաձայնություններից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է․ «Մինչև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված Մայենդորֆյան հռչակագիրը, Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ 2008թ.-ի դեկտեմբերից մինչև 2011թ.-ի հունիսի 24-ին Կազան քաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը կողմերը, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ ՄԽ համանխագահների միջնորդությամբ, բանակցություններ էին վարում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման ուղղությամբ։ Տեղի ունեցան նախագահների մակարդակով 12 երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան և եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև նախարարների մակարդակով շուրջ երեք տասնյակ հանդիպումներ։ Ամեն անգամ Ադրբեջանը հետ էր կանգնում ձեռք բերված համաձայնություններից։ Կիզակետ հանդիսացավ Կազանյան գագաթաժողովը, երբ ակնկալիքներին հակառակ, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն իսկ համաձայնեցված տեքստից՝ առաջարկելով 12 փոփոխություններ։

Այն աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները կազմել էին 2007թ.-ի նոյեմբերից մինչև 2011թ.-ի հունիս հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների տեսքով, որը նպատակ էր հետապնդում դրանց համաձայնեցնելուց հետո, այդ հիմքի վրա մշակելու խաղաղության պայմանագիրը, որն իրավական պարտադիր ուժ կունենար, ի պահ տրվեցին Վիեննայում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին։

Հայաստանը բազմիցս է ընդգծել, որ համապարփակ ու հարատև հանգուցալուծումը անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Եվ սա արտացոլված էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում»։

Լրագրողի դիտարկմանը, թե այսպիսով բանակցային գործընթացը փակուղի մտավ, Նաբանդյանն արձագանքում է․ «Ամենևին՝ ոչ։ Թեև ադրբեջանական կողմը մերժում էր համանախագահների փաստորեն բոլոր առաջարկները, չի կարելի ասել, թե բանակցային գործընթացը փակուղում էր։ Ավելի շուտ Ադրբեջանն էր ինքն իրեն ավելի ու ավելի փակուղի մտցնում։

2011թ.-ից հետո էլ մինչև 2018թ.-ը շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները՝ տաս գագաթաժողով, ավելի քան երեք տասնյակ հանդիպում արտգործնախարարների մակարդակով, տասնյակ առանձին հանդիպումներ համանախագահ երկրների միջնորդ դեսպանների հետ։

2011-2013 թվականներին չնայած համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բազմաթիվ կոչերին՝ շարունակել, արագացնել, ավարտել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց եռանախագահների բոլոր առաջարկները՝ հայտարարելով, որ անօգուտ է համաձայնեցնել «Հիմնարար սկզբունքները» և առաջարկեց անցնել անմիջականորեն խաղաղության համաձայնագրի մշակմանը։

Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին, որ հնարավոր է մշակել համաձայնագիրը, այն պայմաններում, երբ դեռ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնարար սկզբունքները»։

Հարցին էլ, թե՝ ի՞նչ եղավ հետո, Էդվարդ Նալբանդյանը պատասխանում է․ «2014-2018 թվականներին Ռուսաստանը և համանախագահները շարունակեցին կարգավորման ուղիների որոնման ջանքերը բարձրաձայն մտորումների ձևաչափով։ «Հիմնարար սկզբունքների» նախագծից հետո, որը քննարկվել էր Կազանի գագաթաժողովում և որը աշխատանքային վերջին փաստաթղթի կարգավիճակով  ի պահ էր տրվել ԵԱՀԿ քարտուղարությունում, բանակցային սեղանին չի եղել մի փաստաթուղթ, որը կողմերի միջև բանակցային փաստաթուղթ հանդիսանար։ Պատահական չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարը քանիցս հայտարարել է, որ «որևէ փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ի պահ են տրվել ԵԱՀԿ քարտուղարությունում գոյություն չունի։ «Լավրովի փաստաթուղթ», կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ չկա… Ընթանում է որոնում, «մտավոր գրոհ»՝ գաղափարների մակարդակով», հայտարարել է Լավրովը։

Բոլոր այդ գաղափարները, մշակումները, առաջարկները կողմերին փոխանցվել են «Non Paper»-ի տեսքով։ Դրանք բոլորը տարբերվում էին միայն ձևաչափով, բայց՝ ոչ բովանդակությամբ այն փաստաթղթից, որը քննարկվել էր 2011թ.-ին Կազանի գագաթաժողովում։ Օրինակ, այդ «Non Paper»-ների վերջին տարբերակներից մեկը ձևակերպված էր որպես մեկ ամբողջություն ներկայացնող, փոխկապակցված երեք փաստաթղթերի տեսքով՝ միասնաբար պահպանելով Կազանի փաստաթղթի սկզբունքորեն բոլոր տարրերը։

Այդ ստեղծարար մոտեցումը իրականություն դարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական տաղանդի շնորհիվ, որը նպատակաուղղված էր գտնելու փոխզիջումային տարբերակներ։ Այս մոտեցմանը սատարում էին մյուս երկու համանախագահները։ Բոլոր այդ մշակումներն իրենցից կուռ հիմք էին ներկայացնում, որում ամրագրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման համապարփակ մոտեցումը։ Ընդ որում, Երևանը հայտարարել էր, որ համանախագահների այս մոտեցումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը և որ հայկական կողմը պատրաստ է այս հիմքի վրա շարունակել բանակցությունները՝ հասնելու համար կարգավորմանը։ Սակայն, Բաքուն չընդունեց նաև այս առաջարկները…

Փաստացի հրաժարվելով եռանախագահների բոլոր առաջարկներից, նախաձեռնություններից, պարբերաբար հետ քայլ կատարելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնություններից, Ադրբեջանը հիմնահարցի կարգավորման նկատմամբ իր մոտեցումներով հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև ողջ միջազգային հանրությանը։

Միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում էին նույն լեզվով. հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման վրա և նրա անվտանգության երաշխավորումը այլընտրանք չունեն»։

Հարցին, թե որոշ աղբյուրների համաձայն, Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներն առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն՝ ո՛չ կարգավիճակ, ո՛չ անվտանգության երաշխիքներ, Էդվարդ Նալբանդյանը բացասական պատասխան է տալիս՝ ասելով․

«Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության։

Շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ի.Ալիևը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ»։

Տեսանյութեր

Լրահոս