«Լրագրողներին անձնապես և ընտանիքներին թիրախավորող այս խմբակի գործունեությունը րոպե առաջ պետք է արժանանա համապատասխան գնահատականի». Աստղիկ Մաթևոսյան

Antifake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Հեղափոխության պահապաններ» կոչվող իշխանական խմբակը, որը քարոզարշավներ է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոյի ներքո, թիրախավորել է AntiFake.am-ին և մեր լրագրող Մարի Ամիրջանյանին. տարածել են մեր լրագրողի անձնական էջի լուսանկարն ու ֆեյսբուքյան օգտահաշվի հղումը՝ անձնական վիրավորանքներով։

Բռնության հետ սերտ աղերսներ ունեցող այս խմբակի գրառումների ներքո է՛լ ատելության կոչեր են, է՛լ սեռական բնույթի հայհոյանքներ, է՛լ սպառնալիքներ։ Երեկվանից Մարիի էջը այդ խմբակի հետ կապ ունեցողների կողմից հարձակումների է ենթարկվում։

Երեկ մեկ, այսօր երկու՝ խմբակը թիրախավորել է նաև լրագրող Անի Գևորգյանին։ Ստորությունը հասել է այնտեղ, որ տարածել են նաև Անիի մանկահասակ երեխայի լուսանկարը՝ հայհոյախառն գրառումներով։
Տեղեկացնում եմ, որ երեկվանից մենք հավաքում ենք բռնության հետ սերտ կապեր ունեցող այս խմբակի գրառումների ներքո առկա ատելության խոսքերը, սպառնալիքներն ու վիրավորանքները և պատրաստվում ենք դիմել պատկան բոլոր մարմիններին՝ ՀՀ ոստիկանությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։

Բռնության հետ աղերսներ ունեցող և լրագրողներին իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու համար անձնապես և ընտանիքներին թիրախավորող այս խմբակի գործունեությունը րոպե առաջ պետք է արժանանա համապատասխան գնահատականի, այդ թվում՝ իրավական, որ այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է որևէ ձևով թիրախավորել իր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողին»։

Տեսանյութեր

Լրահոս