Լինելով լավ դեմագոգ՝ նա ցանկացած հարց շրջելու է, և այլ տեղ է սլաքներն ուղղելու. Ստեփան Դանիելյան
Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք դիտարկումներ արեց նաև Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի և Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ։
«Մեր իշխանությունը, մեր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, այո, պետք է արձանագրենք, ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և ետպատերազմական վիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա, խոսելով նման պնդում անելու հիմքերի մասին, հիշեցրեց 2018թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները` ի պատասխան պատգամավորների հարցերին:
«Այդ օրը, պատասխանելով Կարեն Բեքարյանի հարցին, Սերժ Սարգսյանը ասել է` «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»: Այդ նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է` «նախ պետք է ասեմ, որ Ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ էր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար էր երկու կողմի համար էլ: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս (բանալի բառը այլևս-ն է.- Ն.Փ.) գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը` ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:
Այս համատեքստում նա նաև հիշատակեց Առաջին և Երկրորդ նախագահներին։
«Հիմա Ձեզ գաղտնիք բացեմ, թե ինչ է ասել ինձ Առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին: Մեջբերում: «Հողերը արդեն պետք է տաս»,- մեջբերման ավարտը: Ես` իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս… Առաջին նախագահի պատկերացումը, համենայն դեպս, այդ օրը ձևակերպած պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան։
Երկրորդ նախագահին անդրադառնալով էլ՝ նշեց․ «Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում` 97-98 թվականներին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակներին, այլև երաշխիք են տվել և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա չգիտեմ` վիճո՞ւմ են, թե՞ չեն վիճում, բայց մի երկու տարի առաջ վիճում էին` ով է իրենցից դուրս թողել: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը երաշխիք է եղել Ադրբեջանին, հույս և երաշխիք, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին»:
Փաշինյանի ելույթից անմասն չմնացին նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին՝ նա հայտարարեց, որ իրականության հետ աղերս չունի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե վերջինս պատերազմի չորրորդ օրը` ԱԽ նիստի ժամանակ, ներկայացրել է մեր կորուստները և գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար․«Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Ընդհակառակը, ասել է, որ խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է, ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ` Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»:
168.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ այս ելույթը վարչապետի կողմից ինքնարդարացման փո՞րձ էր, թե՞ կային կարևոր դիտարկումներ, ինչպես պնդում են իշխանական պատգամավորները։
Ս․ Դանիելյանն ի պատասխան՝ հիշեցրեց, որ, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ՝ հետո Նիկոլ Փաշինյանը միշտ փորձել է արդարանալ և պատասխանատվությունը դնել ուրիշների՝ առավելապես նախկինների և զինվորականների վրա․
«Նույնիսկ մինչև պատերազմի սկսվելը՝ նա ապագա պատերազմի պատասխանատվությունը դնում էր հենց զինվորականների և նախկին իշխանությունների վրա․ կարծեմ՝ 2019 թվականն էր՝ ինքը ասաց, որ զինվորականները և նախկինները ցանկանում են պատերազմ հրահրել, պարտություն կրել և դրա շնորհիվ փոխել իշխանությունը։ Այսինքն՝ սա նոր թեզ չէ, և նա թե՛պատերազմից հետո, և թե՛անգամ պատերազմից առաջ արդարանում էր պատերազմի համար, և մեղավորությունն իր վրայից հանում։
Նա, սակայն, հաշվի չի առնում մի շատ կարևոր հանգամանք՝ պատերազմները քաղաքականության շարունակությունն են, և եթե տեղի է ունենում պատերազմ, նշանակում է՝ քաղաքականության տապալում։ Քաղաքականության պատասխանատուն պատերազմին նախորդող երկու տարիներին ինքն է եղել, ինքն է հայտարարել, որ ինչ ուզում՝ անում է, ինքն է հայտարարել, որ իր կետից է սկսում, և, բնականաբար, պատասխանատու է և նաև պատասխանատու է պատերազմի համար, որովհետև ինքը ղեկավարն է եղել, ինքն էր այդ սպառազինությունների քաղաքականությունը վարում, ինքն էր բարձր զինվորականներ նշանակում, ինքն էր հինգ ԱԱԾ պետ փոխում, ինքն էր մի քանի շտաբի պետ փոխում, պաշտպանական բանակի հրամանատարներ փոխում։ Պատասխանատուն ինքն է, և իրեն չի հաջողվի ուրիշների վրա այդ պատասխանատվությունը բարդել»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իր իշխանությունը ժառանգել է նախապատերազմական իրավիճակ, և իր գնահատմամբ՝ փակուղային, քաղաքագետն արձագանքեց․
«Նա իշխանությունը չի ժառանգել, նա իշխանությունը նվաճել է, և նաև՝ արտաքին ուժերի օժանդակությամբ։ Նա նվաճել է իշխանությունը (սա շատ կարևոր պահ է, որ չի ժառանգել, այլ նվաճել է) և ասել է, որ տեղի են ունենում հեղափոխություններ՝ տնտեսական, քաղաքական, հասարակական։
Նա ասել է՝ իր կետից է սկսում․ այն պահից, երբ դու ասում ես՝ իմ կետից եմ սկսում, դու դրժում ես նախորդը և վերցնում ես քեզ վրա ամբողջական պատասխանատվություն։ Այս առումով՝ ինքը պատասխանատու է, բայց նա գնալու այլ տեղ չունի, խոսքը վերաբերում է նաև իր շրջապատին, և պետք է, որքան հնարավոր է՝ իշխանությունը պահեն․ սա մահապարտի հոգեբանությունն է։ Լինելով լավ դեմագոգ՝ նա ցանկացած հարց շրջելու է, և այլ տեղ է սլաքներն ուղղելու։ Մենք դա պետք է վաղուց հասկացած լինեինք, և ընդհանրապես իմաստ չկա՝ իր ամեն մի խոսքը քննարկելու․ ինքը պատասխանատու է, և վերջ»։
Հարցին, թե Փաշինյանի մոտ ինչքա՞ն կստացվի պահել իշխանությունը, Ստեփան Դանիելյանը պատասխանեց․ «Իրեն իշխանություն պահել կստացվի այնքան, որքանով մյուս քաղաքական ուժերը միմյանց դեմ պայքարեն հանուն իշխանության․ իշխանության համար գզվռտոցը միշտ է եղել Հայաստանում, և կյանքը, ցավոք սրտի, ցույց տվեց, որ այս կորուստները, այսքան զոհերը, պարտությունն անգամ չեն կարողանում փոխել այդ իրավիճակը»։