Մենք Արցախի հարցը ժառանգել ենք նախապատերազմական փուլում. Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, «պատեհ առիթ» ունենալով պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու», անդրադարձավ, իր խոսքով՝ այն շահարկումներին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո:
«Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ` ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով, հասնենք հրադադարի: Եվ այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ընդդիմադիր, ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետև այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադարձության վրա դրական չեն ազդի: Ավելին, ասեմ նաև` Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ ես չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ էր տեղի ունենում:
Որից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափի պայմանով, մի պայման, որը նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներում: Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ, և նա ասել է՝ մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել, սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ մենք նույն կերպ ենք ձևակերպում կամ ունենք ընդհանուր ձևակերպում` իրադրության հաղթահարման: Գիտեք, որ այդտեղ փաքստականների վերադարձի հարց է եղել, ադրբեջանցի ներքին տեղահանվածների հարց է եղել` վերադարձի Լեռնային Ղարաբաղ, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք Լեռնային Ղարաբաղի ճշգրտման պրոցեսի հետ:
Որից հետո Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդը` պահանջում է, որպեսզի անկախ ներքին տեղահանվածների հարցը որևէ ձևով, վերադարձի հարցը` այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ, և նաև սա նոր դետալ է, որ ես նախկինում չեմ ասել այս դետալի մասին, նաև ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ` գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ: Դա ասվել է՝ որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնվենք: Եվ այս մանրամասները ինչո՞ւ եմ նշում, որովհետև Ադրբեջանը, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում ըստ էության չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման օրակարգը, և սա եղել է, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, այսինքն՝ Ադրբեջանը ընդհանրապես կտրականապես մի իքս պահից հրաժարվել է օրակարգ մտցնել կամ, ավելի ճիշտ, օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և սա եղել է, ուշադրություն դարձրեք, 2016թ. 4-օրյա և 2020թ. 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա նշեց, թե հենց այս փաստն է նկատի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրն ԱԺ ամբիոնից արված իր հայտարարությունն անելիս, ու ներողություն խնդրելով՝ սկսեց ինքն իրեն մեջբերել:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարել եմ` «Ըստ էության Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին` այսինքն՝ 7 շրջանները, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում՝ նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը նույնը կլինի կամ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից: Ես ուզում եմ` մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ, որ լինելու են հարցեր և հարցադրումներ` արդյո՞ք կարող էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այդ իրավիճակից: Սա շատ կարևոր նյուանս է: Պիտի անեինք մի բան, համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, ինքնավար մարզ, գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանը արձանագրի, և ես ուղիղ հարց եմ տալիս` մենք համաձա՞յն ենք այսպիսի լուծման: Եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այս հարցը»: Եվ այս հայտարարությունը արել եմ՝ պատգամավոր Ուլիխանյանի հարցին ի պատասխան:
Ինչո՞ւ եմ ես այսպես դրել հարցը: Որովհետև մենք, մեր իշխանությունը, մեր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, այո, պետք է արձանագրենք, ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և ետպատերազմական վիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա, խոսելով նման պնդում անելու հիմքերի մասին, հիշեցրեց 2018թ.-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած երկու հայտարարությունները` ի պատասխան պատգամավորների հարցերին:
«Այդ օրը, պատասխանելով Կարեն Բեքարյանի հարցին, Սերժ Սարգսյանը ասել է` «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործըթնացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»: Այդ նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է` «նախ պետք է ասեմ, որ Ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ էր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար էր երկու կողմի համար էլ: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս (բանալի բառը այլևս-ն է.- Ն.Փ.) գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը` ուժող լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:
Մենք, ըստ էության, արդեն իսկ 2017 թվականին ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր այդ կարմիր գծերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի դիտարկմամբ` սրա մասին է վկայում Սերժ Սարգսյանի 2016թ. նոյեմբերի 7-ին Россия сегодня լրատվական գործակալությանը տված հարցազրույցը: Մի մեջբերում էլ Փաշինյանն արեց այս հարցազրույցից, ապա այդ հարցազրույցում հնչեցրած միտքը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Այսինքն, եկեք արձանագրենք` ուր ենք մենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, երբ որ հայկական կողմը ասում ա` «Ադրբեջան, 7 շրջանները քեզ եմ վերադարձնում», Ադրբեջանն ասում ա` «ոչ, ավելին պիտի տաս»: Հասկանո՞ւմ եք: Բանակցային գործընթացը հասել ա մի կետ, երբ որ հայկական կողմը, ընդ որում, ես ասում եմ, որ շատ կարևոր է, որ սա իմ մեկնաբանությունը չի, հայկական կողմը ասում է` Ադրբեջան, վերադարձնում եմ 7 տարածքները, հանձնում եմ քեզ 7 տարածքները, Ադրբեջանն ասում է` «ոչ, ավելին պիտի տաս»»,- ասաց Փաշինյանը:
Հետո էլ որոշեց առիթը բաց չթողնել ու անդրադառնալ Սերժ Սարգսյանի մեկ այլ հարցազրույցի, որը 2017 թվականի հուլիսի 16-ին նա տվել էր «Արմենիա» հեռուստաընկերությանը:
«Ես այս մեջբերումները արեցի՝ ցույց տալու համար, որ այն, ինչ ասել եմ պատգամավորի հարցին ի պատասխան այս ամբիոնից ՀՀ ԱԺ-ի առաջ, ժողովրդի առաջ, դա ոչ թե իմ գնահատականն է եղել, այլ բանակցային օբյեկտիվ իրադրություն, որն ապացուցվում է բազմաթիվ փաստերով, այդ թվում՝ բերված մեջբերումներով»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում