«Էդ մարդը հիվանդ է, ստախոս, և հաջորդը՝ անգրագետ է․ չի հասկանում, թե ինչ է նշանակում զորահավաք և ինչ է նշանակում մարտական կոչ»․ Մովսես Հակոբյան
Գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, նշեց․ «Էդ մարդը հիվանդ է և ստախոս, և հաջորդը՝ անգրագետ է, շատ տգետ է, չի հասկանում , թե ինչ է նշանակում զորահավաք և ինչ է նշանակում մարտական կոչ ՝մեկը մյուսի հետ կապ չունի»։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Փաշինյանի այս հայտարարությունների առնչությամբ իրավական գործընթաց սկսել, նա պատասխանեց․ «Հիվանդ մարդուն տանում ես` ի՞նչ անես, պիտի տանես բուժես»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում՝ ի թիվս 44-օրյա պատերազմին առնչվող այլ դիտարկումների, հայտարարել է, թե պատերազմի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել Արցախի յոթերորդ պաշտպանական շրջանը:
Նա այս մասին խոսել՝ անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը պատերազմի ընթացքում հրահանգել է դադարեցնել զորահավաքը:
«Պատկերացնում եք մի իրավիճակ, երբ ուղիղ եթերում հանդես ես գալիս մարտակոչով, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում հեռախոսը վերցնում, ասում ես՝ դադարեցրեք: Հայտարարությունն անհեթեթ է: Երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ, կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ ՊՇ-ն մինչ օրս հայկական զինված ուժերի տրամադրության տակ է»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որն ինքը կայացրել է: