«2018 թ. հանդիպեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, ասաց՝ «հողերը արդեն պետք է տաս»». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, «պատեհ առիթ» ունենալով պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու», հիշեց նախկիններին, մեղադրեց նրանց Արցախյան առաջին պատերազմի ձեռքբերումները ոչնչացնելու, ժողովրդի կրած զրկանքները տանուլ տալու, բանակցային գործըթնացը տապալելու համար, վերջում էլ խոստացավ, թե Հայաստանն ու Արցախն ապագա ունենալու են, ինչին իմքայլականներն արձագանքեցին՝ հոտնկայս ծափահարելով:
«Եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահը հայտարարել, որ Դուք ազգակործան պատուհաս եք: Նա ամբողջ, փաստորեն, բանակցային գործընթացին հրաշալի տիրապետում էր և է, և եթե նման հայտարարություն է անում, գո՞ւցե իրապես մտորելու կամ ինքնախոստովանություն անելու կարիք ունեք: Փաստ է, որ բանակցությունները պատշաճ չեն ընթացել, և հանգուցալուծում չեք ապահովել, և որի ելքն էլ եղավ պատերազմը»,- Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ում դիտարկմամբ՝ Փաշինյանի այսօրվա ելույթն իր ու իր քաղաքական թիմի կրած պարտության համար պատասխանատվությունը մեղմելու հերթական անհաջող փորձն էր, ու, որ Փաշինյանն առաջնորդվում էր իր իշխանությունը պահպանելու անթաքույց մոլուցքով:
Փաշինյանը նախ ասաց, որ, եթե իշխանություն պահելու մոլուցք ունենային, դեռ 2020 թվականի դեկտեմբերին չէին առաջարկի գնալ արտահերթ ընտրությունների, ասաց, թե «մոլուցքով ոչ թե սեփական, այլ ժողովրդի իշխանությունն են պահում», ապա որոշեց պատգամավորի հարցերին ի պատասխան՝ իրեն «իրավունք վերապահել ավելի շատ փակագծեր բացել»:
«Առաջին նախագահը ունի Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997 թվականի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով: Բայց ես ուզում եմ Ձեզ մի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին: Հետո այդ օրակարգը ձևակերպվել է՝ որպես 1996 թվականի նախագահական ընտրությունների, ձախողված ընտրությունների, կներեք, ժամանակակից տերմինաբանությամբ ասած` exit stratagem:
Դուք գիտեք, որ 2018 թվականի ամռանը Առաջին նախագահի հետ հանդիպում է տեղի ունեցել, և ես Ձեզ կարող եմ ասել, որ, այո, Առաջին նախագահը… և ավելին ասեմ` Առաջին նախագահը, ես դեռևս 2016 թվականի հուլիսին եմ այդ մասին հայտարարել Խորենացի փողոցում տեղի ունեցած իմ ելույթում, առնվազն 2016թ.-ին Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում: Եվ դա կարող եք տեսնել նաև 2017 թվականին Առաջին նախագահին, խորհրդարանական ընտրությունների ընթացքում նրա տված հարցազրույցը դիտելով` Հանրային հեռուստաընկերությանը: Եվ ես Ձեզ կարող եմ ասել, թե ինչ է ասել, ես հիմա Ձեզ գաղտնիք բացեմ, թե ինչ է ասել ինձ Առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին: Մեջբերում: «Հողերը արդեն պետք է տաս»,- մեջբերման ավարտը: Ես` իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս… Առաջին նախագահի պատկերացումը, համենայն դեպս, այդ օրը ձևակերպած պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում