«Ո՞ւր է մեր Պաշտպանության նախարարը, ԱԻՆ-ը, ինքնապաշտպանության առումով ինչ-որ մի բան պե՞տք է անեն, թե՞ ոչ»

Ադրբեջանի կողմից  2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված Արցախյան պատերազմի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ կորցրեցին իրենց տունը, ունեցվածքը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատի տալու համար իրականացվում է փաստաթղթերի հավաքագրում: Խոսքը Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմի արդյունքում փախստական դարձած քաղաքացիների մասին է:

«Գործընթացը կա, բայց թե որքանով է արդյունավետ տարվում՝ տեղյակ չեմ: Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով փախստական դարձածների խնդիրները ՄԻԵԴ-ը կարող  է լուծել, սակայն նույնը չենք արող ասել 1988-92թթ.փախստականների մասին, քանի որ ՄԻԵԴ դիմելու  ժամկետն անցել է, հետևաբար՝ ստացվում է, որ պետք է դիմենք որևէ այլ միջազգային դատարան, օրինակ՝ ՄԱԿ-ի: Մեզ պետք է տան քայլերի մշակված թերթիկ, որոնց համաձայն՝ 1988-92թթ. փախստականները հավաքեն փաստաթղթեր, և փորձենք արդեն  պետական մակարդակով դատի տալ: Իսկ 2020 թվականի պատերազմի հետ կապված՝ հայկական կողմը փախստականների հարցերով շտապում է, որպեսզի առաջիկա 1-2 ամսում հանձնի պատրաստի փաթեթը: Հավելեմ, որ 1988-92թթ. փախստականներն արդեն համայնքով պետք է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնեն միջպետական դատարան: Ի դեպ, քանի որ  Ադրբեջանին և, հատկապես, իր հոգեկան առաջնորդին մի կերպ պետք է պատժել, տեղյակ եմ, որ պատրաստվում ենք հայատյացության հիմքով հայց ևս ներկայացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Ավագյանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողն անդրադարձավ նաև 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության 7-րդ կետին, որով ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո՝ նկատելով. «Հատկապես Արցախի մեր իշխանավորներին որ լսում եմ՝ ահավոր պարտվողական հոգեվիճակում են: Մինչև հիմա չեն գնահատել նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքները: Այնտեղ կա նաև հայանպաստ կարևոր կետ՝ 7-րդ կետը, սակայն բոլոր հակահայ կետերն են իրականացվել, ռազմագերիների վերադարձ մինչ օրս չկա, խայտառակ վիճակ է, ու այստեղ նաև միջնորդ երկրի վարկանիշի հարցն էլ կա, որը շատ ավելի պարտված հոգեվիճակում է, չի կարողանում նույնիսկ իր պարտավորությունը կատարել, ռազմագերիներին վերադարձնել»:

Մարիամ Ավագյանը հիշեցրեց՝ 2010 թվականին ԵԱՀԿ  Մինսկի խմբի եռանախագահները ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակի երկու փորձագետների հետ  գնացել են Քարվաճառ ու Լաչին, և ֆիքսել են, որ այդտեղ 14.000 էթնիկ հայեր են ապրում, որոնք տեղահանվել են Ադրբեջանից:

«Վերջերս Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ ես նրան ասացի, որ դեռևս 2010թ. ֆիքսել են, որ այդտեղ 14.000 էթնիկ հայեր են ապրում, որոնք տեղահանվել են Ադրբեջանից: Այսինքն, փախստական են: Հիմա, ի՞նչ եղավ 2020թ. սանձազերծված պատերազմից հետո, ռուսական խաղաղապահ ուժերի սպառնալից հայացքի տակ Քարվաճառն ու Քաշաթաղը առանց մեկ կրակոցի տվեցինք և հայ խաղաղ բնակչին այնտեղից քշեցինք: Այդ խաղաղ բնակիչները, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակի երկու փորձագետների՝ 14.000 փախստականներն էին, որոնք դարձան կրկնակի փախստական:  Եվրամիությունը պարտավոր է խաղաղապահներով ապահովել, քանի որ Ռուսաստանի համար մենակ թուրքական յաթաղանի դեմ դժվար է լինելու, ու նրանք ամեն ինչ կանեն, որ 7-րդ կետն իրականություն չդառնա: Պետք է վերականգնվի նաև ստատուս-քվոն, որը կար մինչև 2020թ. պատերազմը, և սկսվի խաղաղ բանակցային գործընթաց՝ Մինսկի խմբում, այլապես կստեղծվի նախադեպ, որ ցանկացած կոնֆլիկտ աշխարհում  լուծեն ագրեսիայի ձևով, ընդ որում՝ շատ մարդատյաց, ագրեսիվ քաղաքականությամբ: ԵՄ-ում հանդիպման ժամանակ իմ հարցերից մեկն էլ այն էր, որ հայությունը վտանգված է Արցախի այդ բեկորի վրա, սակայն ինձ հակադարձեցին, թե այնտեղ կա ռուս խաղաղապահ: Ասացի՝ Կիլիկիայում էլ ֆրանսիական խաղաղապահ կար, բայց  մի գիշեր 8 միլիոն ֆրանկի դիմաց ձիերի սմբակները փաթաթեցին փալասներով և դուրս եկան, որ 20.000 քրիստոնյա արաբներ և 40.000 հայեր չլսեն, որ ֆրանսիացիները գնում են ու դառնան թուրքական յաթաղանի բաժին: Իսկ 1988թ. Սումգայիթում խորհրդային զորքերը 4 օր ուշացան: Հիմա էլ կարող է ռուս խաղաղապահը ուշանա, հետևաբար՝ արցախցիները պետք է օր առաջ սովորեն ինքնապաշտպանվել, ինչպես նաև զենք ստանան»,- նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը:

Խոսելով փախստականների խնդիրների մասին՝ Մարիամ Ավագյանը  հայտնեց, որ հումանիտար օգնություն ստանում են, ֆինանսական  աջակցության սխեմաները ևս կան, իսկ թե որքանով է սա իրողություն դառնում՝ կախված է կոնկրետ համայնքի ղեկավարի աշխատանքից:

«Արցախի շտաբում  հաճախ եմ լինում և տեսնում եմ, որ կան համայնքի ղեկավարներ, որոնք թույլ են աշխատում, մարդիկ տեղյակ չեն լինում, ցուցակները ճիշտ կազմված չեն: Կամ «Արցախբանկ»-ից մարդկանց վիրավորում ու այլ բանկ են ուղարկում: Ես նաև մեկ ուրիշ վտանգավոր բան եմ տեսնում: Չգիտեմ, թե ապաստարաններն ինչ վիճակում են: Չեմ լսում, որ Ստեփանակերտում ապաստարանները կարգի են բերում կամ մյուս շրջաններում կառուցում են: Ես չեմ տեսնում, որ Երևանում կամ այլ շրջաններում ապաստարանները կարգի են բերում: Ես շարժ չեմ տեսնում Արցախում, ուր մնաց՝ Հայաստանում: Ո՞ւր է մեր Պաշտպանության նախարարը, ԱԻՆ-ը, ինքնապաշտպանության առումով ինչ-որ մի բան պե՞տք է անեն, թե՞ ոչ»,- եզրափակեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը:

Տեսանյութեր

Լրահոս