«Դո՛ւ ես մեղավոր, թիվ մեկ մեղավորը դո՛ւ ես․ ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը, որ Պուտինը քեզ դիմել է»․ Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, բանակցային գործընթացին՝ պնդելով, որ իր իշխանությունն Արցախի հարցը ժառանգել է նախապատերազմական փուլում։
«Առնվազն 2011թ․ սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե համոզել է Ադրբեջանին, որ՝ արի կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ գիտես, ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ»,- հավելեց Փաշինյանը։
44-օրյա պատերազմին անդրադառնալով՝ նա վստահեցրեց, որ իրականության հետ աղերս չունի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե վերջինս պատերազմի չորրորդ օրը` ԱԽ նիստի ժամանակ, ներկայացրել է մեր կորուստները և գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար․
«Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Ընդհակառակը, ասել է, որ խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է, ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ` Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:
Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել մի պարզ պատճառով, որովհետև 2020թ.-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի ունեցած ելույթում, զեկույցում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին` 2020 թ. օգոստոսի 21-ին, հավաստիացրել է` Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին»։
Նրա խոսքով, սակայն, սա չի նշանակում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու համար՝ ԱԺ ամբիոնից հիշեցնելով 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի վերաբերյալ երեք պաշտոնական հայտարարություններն ու պայմանավորվածությունները:
168.am-ը Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին խնդրեց անդրադառնալ Փաշինյանի հնչեցրած մի քանի հայտարարությունների:
Ի պատասխան՝ նա նկատեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը միայն մեկ բան պետք է անի՝ «դիմումը գրի ու թողնի գնա»։
«Լուրջ մարդիկ ենք՝ ո՞ւմ ենք մեկնաբանում՝ Ալիևի առջև ծնկի եկածի՞ն, քաղաքական մուտիլովչիկության պապաների՞ն։ Ինքը կանգնում-ասում էր՝ Շուշին բանակցվել է, հետո իր ԱԳՆ-ն իրեն հերքեց, ոտքից գլուխ՝ խաբել է․ հիմա մենք նրա ի՞նչն ենք մեկնաբանում, ի՞նչն ենք քննարկում, մի մարդու, որի ամբողջ քաղաքական կապիտալը սուտասանությո՞ւնն է։
Ինքը չի՞ ասել՝ իմ կետից եմ սկսում, ինքը չի՞ ասել՝ Ալիևը կառուցողական է, ինքը չէ՞ր ասել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, ինքը չէ՞ր ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ինքը չէ՞ր ասում, թե ինչու ենք թշնամի․․․․ միտինգները մի քիչ դադարել են, դուխավորվե՞լ է, դու Հայաստանում տեղ չունես, դու գնալու ես։ Դու ղեկավար չես լինելու մեր երկրում, որովհետև քո ղեկավար լինելը նշանակում է՝ Հայաստանը վերածվի թուրքական վիլայեթի։
Տո կապիտուլյանտն էլ ես, դավաճանն էլ ես, հողատուն էլ ես, Ալիևի քաղաքական սպասարկուն էլ ես, ու ես փաստերով եմ խոսում։ Սերժն է մեղավոր, Քոչարյանն է մեղավոր, Պողոսն է մեղավոր, Պետրոսն է մեղավոր․․․ դո՛ւ ես մեղավոր, թիվ մեկ մեղավորը դո՛ւ ես․ ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը, որ Պուտինը քեզ դիմել է»։
Էդուարդ Շարմազանովը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին ու դրանց վերաբերյալ վարչապետի որակումներին չանդրադարձավ՝ փոխարենը հիշեցրեց, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ․
«Ես Օնիկ Գասպարյանի հետ գործ չունեմ․ ես՝ Էդուարդ Շարմազանովս, հոկտեմբերի 12-ին՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման օրը, առաջարկել եմ, պահանջել եմ, խնդրել եմ, ասել եմ՝ դիմի Պուտինին՝ պատերազմը կանգնեցվի։
Հետո իմանանում ենք՝ հոկտեմբերի 19-ին Պուտինն իրեն առաջարկել է, ինքը մերժել է, ինչո՞ւ է մերժել։ Հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է, Նիկոլի խղճի վրա է։ Ի դեպ, Պուտինն ասում է, որ այնտեղ Շուշիի հարց չի քննարկվել։
Ես իրեն հոկտեմբերի 19-ին ուղիղ հարց եմ տվել՝ ասել եմ՝ ի՞նչ ես բանակցում, քո դիմաց ի՞նչ են դրել, ի՞նչ առաջարկ կա, պարո՛ն վարչապետ, ասել է՝ բացառապես 5+2․ բա որ 5+2 էր հոկտեմբերի 19-ին, ինչո՞ւ 5000 զոհից ավել տվեցիր, ինչո՞ւ 7 շրջանները տվեցիր՝ դրա հետ՝ նաև Հադրութն ու Շուշին, Մատաղիսն ու Թալիշը։
Եկել է, ինքն է հարցեր բարձրացնում՝ այ քեզ բան․․․ սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում»։