«Հայաստանում չկա մեկ բուհ, որտեղ ռեկտոր է ընտրվել մեկը, ով իշխանության թեկնածու չի եղել». Սերոբ Խաչատրյան
«Երկու օրենքների միավորումը՝ բարձրագույն կրթության և գիտության, այդքան էլ ճիշտ որոշում չէր». «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. Բուհերը դառնում են ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ թեև այդ երկուսը կապված են իրար, բայց Հայաստանում դրանք միավորելը դեռ վաղ է:
«Գոնե Հայաստանում այդ հետազոտականության գաղափարը որպեսզի լիարժեք ձևով ներդրվի բուհերում, մենք պետք է նորմալ ֆինանսավորենք համալսարանները: Շաբաթական 16-20 ժամ դաս պարապող դասախոսի համար շատ դժվար է գիտությամբ զբաղվել: Կարող է մի քանի հոդված գրել՝ լրավճար ստանալու կամ անունի համար, սակայն եկեք ընդունենք, որ լուրջ գիտությամբ զբաղվելու համար դու պետք է դասախոսին նորմալ ծանրաբեռնվածություն տաս, էլ չեմ խոսում, որ դասախոսը մի տեղ մի կոնֆերանսի գնալու համար պետք է մտածի, թե իր էդ 16 ժամն ո՞վ է փոխարինելու: Փոխհատուցման մեխանիզմներն էլ չկան: Նույն տրամաբանությամբ՝ կարող էինք հանրակրթության և բարձրագույն կրթության օրենքները միավորել, որ կրթության ամբողջականություն ապահովենք: Այս իմաստով, ես կարծում եմ, որ վաղ է այս օրենքների միավորումը, նաև զգացվում է, որ այնքան էլ լավ մերված չեն այդ օրենքները»,- ասաց Խաչատրյանը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շուրջ այս օրերի զարգացումները կրթության փորձագետին հիշեցնում են 2017-18թթ. նույն օրինագծի Կառավարության օրակարգ մտնելը:
«Այն ժամանակ էլ վերջին պահին, երբ օրենքը մտավ Կառավարություն, պարզվեց, որ ԵՊՀ-ն ստանում է հատուկ կարգավիճակ, հիմա էլ ԱԺ-ից իմացանք, որ ԵՊՀ-ին տրվում է հատուկ կարգավիճակ: Այն ժամանակ դա տրվում էր, որ ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի նախագահի հարցը լուծվեր, նույն տրամաբանությամբ՝ ես էլ հիմա տեսնում եմ, որ իմաստը ոչ թե այն է, որ ԵՊՀ-ին բարձր կարգավիճակ տրվի, այլ գուցե այստեղ էլ ռեկտորի հետ կապված ինչ-որ խնդիր կա, և փորձ է արվում առանձին կարգավորումով լուծել ռեկտորի հարցը: Ինքս էլ, լինելով ԵՊՀ դասախոս, չեմ հասկանում օրենքով որևէ համալսարանի որևէ կարգավիճակ տալու իմաստը: Ժամանակակից աշխարհում ամեն մի համալսարան ինքը պետք է նվաճի իր ռեյտինգը, իր անունը, վարկանիշը, պետք չէ դա օրենքով կարգավորել»,- ասաց Խաչատրյանը:
Կրթության փորձագետը հիշեցրեց, որ 2018 թ․ քննարկվում էր, որ բուհերի խորհուրդներում կարող ենք ունենալ մեկ-երկու քաղաքական գործիչներ, այս անգամ էլ մեկ այլ կարգավորում են ավելացրել՝ պակասեցնելով բուհերի ինքնավարությունը:
«Այդ անգամ էլ պարզ դարձավ, որ Հոգաբարձուների խորհրդում Կառավարությունն ունենում է 50+1 ձայն: Մինչև այս քննարկվում էր 50/50 տարբերակը, նախարարությունը փորձեց բուհերից ձայն խլել այն իմաստով, որ արդեն բուհի կողմից ոչ միայն պետք է առաջադրվեն դասախոսներ և ուսանողներ, այլ համագործակցող կազմակերպության ներկայացուցիչներ նաև, այդ ձևով փորձեցին բուհերի 50 տոկոսը պակասեցնել, բայց դա էլ երևի չհերիքեց, հիմա ավելի ակնհայտ գնաց 50+1:
Երբ իշխանություններն օրենք են գրում, երկու բան պետք է հաշվի առնեն՝ 1. իշխանությունը վատն է, 2. իրենք միշտ չէ, որ լինելու են իշխանության»,- ասաց Խաչատրյանը և նշեց, որ եթե նախորդ իշխանությունը մտածեր, որ ինքը հավերժ չէ, կունենար ավելի լավ դատական համակարգ, և հետևաբար՝ հիմա չէր դժգոհի դատական համակարգի աշխատանքից:
Խաչատրյանի խոսքով՝ գործող իշխանությունը պետք է մտածի, որ վաղը կարող է կորցնել իշխանությունը, և իր ընդունած օրենքներն աշխատելու են իր դեմ:
«Այս իշխանությունը պետք է մտածի, որ վաղն ինքն էլ է ընդդիմություն դառնալու, և եթե իրենցից մեկն ուզենա ռեկտոր դառնալ, և նույնիսկ, եթե ամբողջ բուհն իրենց երկրպագի, այդ 4 ձայնը չի հերիքելու, որովհետև որպես նախկին իշխանություն՝ ամեն ինչ արվելու է, որ նրանք չընտրվեն: Դրա համար միշտ պետք է մտածել, որ իշխանությունը վատն է, և օրենքները գրել այնպես, որ իշխանության վատը լինելը հնարավորինս սահմանափակվի և հակակշռվի: Իշխանությունը մտածում է, որ քանի որ իրենք լավն են, արդար են, իրենց 5 ձայն ունենալու դեպքում՝ բուհերը կունենան լավ ռեկտորներ: Ընդունենք, որ լավն են, եթե վաղը գա մի իշխանություն ու գտնի 5 մարդ, բերի՝ դնի խորհրդում, մի հատ էլ եսիմ ում բերեն դնեն ռեկտոր, ի՞նչ է լինելու, էլի համակարգն ամբողջությամբ դառնալու է կուսակցականացվա՞ծ»,- ասաց Խաչատրյանը:
Կրթության փորձագետը նկատեց, որ օրինագծի փոփոխությամբ քաղաքական գործիչները չեն կարող լինել բուհի կառավարման խորհրդի կազմում, բայց կարող են լինել, օրինակ՝ քաղծառայողները.
«Քաղծառայողը կարող է, չէ՞, լինել իշխող կուսակցության անդամ: Հիմա ի՞նչ տարբերություն, եթե առաջ նախարարն էր հոգաբարձուների խորհրդի կազմում, հիմա կգա վարչության պետը իշխանության ներկայացուցիչ, որին ավելի հեշտ է համոզել, որ ինքն ընտրի ցանկալի թեկնածու: Եկեք այդ դեպքում քաղծառայողներին էլ հանենք: Չնայած, եթե իշխանության մտքին եղավ, ապա միշտ էլ կարող են մարդ գտնել: Այնպես չի, որ այսօրվա ռեկտորներն իշխանության կողմից չեն նշանակված, դուք չեք կարող նշել Հայաստանում մեկ բուհ, որտեղ ռեկտոր է ընտրվել մեկը, ով իշխանության թեկնածու չի եղել, չկա այդպիսի բուհ: Շիրակի պետական համալսարանում ընտրություն չեղավ, որովհետև իշխանությունը թեկնածու չուներ, դա բացահայտ զգացվում էր: Բոլոր թեկնածուներն ինքնառաջադրվել էին, դրա համար ձայները բաշխվեցին: ԵՊՀ-ի դեպքում սկզբում համալսարանի և Կառավարության ներկայացուցիչները պառակտված էին, հետո հանկարծ ինչ-որ մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կոմնակիցներն էին, սկսեցին քվեարկել նրա դեմ, հիմա ո՞վ ազդեց նրանց վրա, որ դուրս եկան Սիմոնյանի դեմ: Իսկ թե ինչո՞ւ հետո ռեկտոր չընտրվեց, գուցե իշխանությունը ներսում չէր կարողանում մարդ ընտրել, որը կգնա ԵՊՀ ռեկտոր, հետո կորոնավիրուսը եկավ, խորհրդի լիազորություններն ավարտվեցին, այդպես ձգձգվեց, թեև թեկնածուներ առաջադրվել էին, և կային խոսակցություններ, թե ո՞վ է իշխանության թեկնածուն»,- ասաց Խաչատրյանը:
Կրթության փորձագետը նշեց, որ մեր բուհերը պետության բյուջեից քիչ ֆինանսավորում են ստանում, ունենք բուհեր, որոնց ֆինանսական եկամուտների ընդամենը 5-10 տոկոսն է պետական բյուջեից: Անդրադառնալով այն պնդումներին, թե կան երկրներ, որտեղ ռեկտորներն ուղիղ նշանակվում են պետության կողմից՝ Խաչատրյանն ասաց, որ այդ երկրներում կրթությունն անվճար է, պետությունը հոգում է կրթության ծախսերը, հավանաբար այդ իրավունքով էլ նշանակում է ռեկտորին: