Թուրք զինվորականները կրակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող ռուսական զորամասերի վրա
Երեկ թուրքական զինված ուժերը կրակ են բացել սիրիական Այն Իսսա քաղաքում և նրա մերձակայքում տեղակայված 3 զինվորական օբյեկտների տարածքում գտնվող ռուս զինծառայողների ուղղությամբ:
Ինֆորմացիոն-տեղեկատվական Avia.pro ռեսուրսի ձեռքի տակ հայտնված տվյալների համաձայն՝ հարվածները հասցվել են գիշերը, ակնհայտորեն, որպեսզի չգաղտնազերծեն, թե որտեղից է իրականացվում հարձակումը:
Հարթակը գրում է նաև՝ հայտնի է, որ հրթիռային հարվածներ հասցնելու արդյունքում սիրիական Այն Իսսա քաղաքի մերձակայքում տեղակայված ռուս զինծառայողները չեն տուժել, սակայն հարվածները հասցվել են ռուսական ռազմական բլոկպոստից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա:
Քրդական մի շարք զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Այն Իսսայի ուղղությամբ հարվածները կարող են ռուս զինվորականների գործողությունների հակազդեցությունը լինել՝ փաստացի դառնալով ռուսական կործանիչների հասցրած հարվածների պատասխանը, ինչպես նաև դա կարող է լինել սիրիական հակաօդային միջոցների գործողություններին տրված պատասխանը, ովքեր վերջերս փորձել են խփել թուրքական 3 Bayraktar TB2 հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքերը:
Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիան առաջին անգամ չէ, որ հարձակում է գործում Այն Իսսայի շրջակայքում գտնվող ռուս զինվորականների ուղղությամբ, թեպետ Անկարան բազմիցս նախազգուշացվել է, որ դրանով վտանգի են ենթարկվում ռուս զինվորականները:
Հիշեցնենք, որ կարծիք կա, որ ռուսական և սիրիական համապատասխան զորամիավորումները խնդիրներ ունեն Bayraktar TB2-ները ոչնչացնելու հարցում: Այդ մասին անգամ Bayraktar TB2-ներ արտադրող «Բայքար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքդարն էր հայտարարել ս/թ փետրվարի 28-ին՝ պնդելով, որ ռուսական ռադիոէլեկտրոնային միջոցներն ի զորու չեն պայքարել Bayraktar TB2-ների դեմ:
«Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցներն ի վիճակի չեն եղել կանգնեցնել Bayraktar TB2-ն անգամ մեկ ժամով»,- պնդել է նա՝ հավելելով, որ իր ղեկավարած ընկերությունն այդ ԱԹՍ-ների համար ռադիոէլեկտրոնային պայքարի դեմ պաշտպանական միջոց է ստեղծել, և դրա համար էլ Bayraktar TB2-ը միշտ կլինի օդում:
Փորձագետները, սակայն, նշում են, որ Ռուսաստանն ունի թուրքական ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետ տեխնիկա, որոնցից է, օրինակ, «Тор-М2КМ»-ը, որ հայտնաբերում է միաժամանակ 48 թիրախներ, ուղեկցում 10-ին և խոցում 4-ը, և Bayraktar TB2-ը փրկվելու հնարավորություն չունի:
Նշվում է նաև, որ «Панцирь-С1» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրները ևս հարվածային ԱԹՍ-ների դեմ պայքարի կատարյալ միջոցներ են:
Բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ նշված համալիրների՝ Սիրիայում և Լիբիայում կիրառելու ժամանակ ոչնչացվել են հարյուրավոր ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև թուրքական Bayraktar TB2-ներ:
Գոհար Սավզյան