Արցախում «վաճառքի է հանված» պաշտոնները, կոչումներն ու մեդալները
Հետպատերազմյան Արցախում քաղաքականությունը կանգ է առել: Առաջին հայացքից թվում է, որ դա պայմանավորված է պատերազմի շոկով, գերհագեցած մարդկային կենցաղով ու վշտով տառապող հազարավոր մարդկանցով: Սակայն իրականում Արցախը ոչ միայն կորցրեց իր տարածքների մեծամասնությունը, այլ հպարտությունը, դիմադրելու ունակությունը, տեղ-տեղ` արժանապատվությունը:
Սրանք այն որակումներն են, որով կարելի է բնութագրել Արցախի գործող իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր «առևտրի» մեջ մտան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Այն իրականությունը, որի հետ բախվում ես Արցախ մուտք գործելիս կամ այնտեղ ապրող մարդկանց հետ շփվելիս, սարսափելի է թվում ոչ այնքան՝ տեղի ունեցածի, որքան՝ ստեղծված իրավիճակի պատճառով:
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, Արցախի քաղաքական ուժերը, քաղաքացիական տարբեր խմբեր հանդես եկան բավականին կոշտ հայտարարություններով՝ որպես գլխավոր նպատակ հռչակելով Արցախի իշխանությունների հրաժարականը:
Արայիկ Հարությունյանը, ում հայաստանյան հանցակից Նիկոլ Փաշինյանը որոշակի ժամանակ բունկերից բունկեր փախուստի մեջ էր, այնքան էր ընկճված, որ պատրաստ էր ընդունել անձնական կապիտուլյացիայի ցանկացած պայման:
Դրա շրջանակներում նա հանդիպումների շարք սկսեց իրեն քննադատող, հայհոյող շրջանակների հետ, նույնիսկ խոստացավ, որ ողջամիտ ժամկետում կհեռանա: Սակայն տարօրինակ իրադարձությունների շարք սկսեց:
Հրաժարական պահանջողների բանակն աստիճանաբար նվազեց՝ ի հաշիվ պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում պաշտոններ ստանալու և կլորիկ աշխատավարձեր ստանալու:
Համակարգից արագ հեռացվեցին բոլոր նրանք, որոնց պաշտոնների վրա աչք ունեին «խիստ ընդդիմադիր» դեմքերը, արդյունքում՝ 1-2 ամիս առաջ Արայիկ Հարությունյանի հեռացումը պահանջողները նույն Հարությունյանի հետ հայտնվեցին միևնույն թիմում: Նախարարներ և փոխնախարարներ, խորհրդականներ և օգնականներ, միջին օղակի պաշտոններ, և այլն:
Մյուս մասը բավարարվեց, ինչպես Արցախում են պնդում, «քեշ» փող ստանալու, վարկերը «ջրելու», տարատեսակ մեդալներ ստանալու ծարավը հագեցնելով:
Պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանը պաշտոնապես 40 խորհրդական, խորհրդատու, օգնական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ ունի: Մարդիկ պարտությունը, սուգը «խեղդեցին» նոր պաշտոններում, նոր եկամուտների, արտոնությունների, մեդալների գրկում:
Ովքեր էլ չմիացան պաշտոնների մրցապայքարին, այսօր լռում են: Մի մասը՝ հիասթափությունից, մի մասը՝ անճարությունից, մի մասը՝ լավ օրվա սպասումով:
Դժվար է հանդիպել, խոսել այնպիսի արցախցու հետ, ով չի հայհոյում Արայիկ Հարությունյանին, նրանք հայհոյում են Հարությունյանին նույնիսկ ինչ-որ բան պոկելուց ու վայելելուց հետո:
Իսկ այս իրականությունից դուրս արցախցին մենակ է՝ իր հոգսերով, խնդիրներով, վշտով, որովհետև իսկական արցախցու համար իշխանությունից բան պոկելը սրտի մխիիթարանք չի, որովհետև արցախցին հայրենիք է կորցրել, իսկ դրա վրեժը լուծելը մեդալներ ստանալով կամ իշխանություններից արտոնություններ ստանալով չի լուծվի:
Արցախը ընկել է արայիկհարությունյանների, նրա ձեռքից ողորմություն վերցնողների ու աչքեր փակողների, նիկոլփաշինյանների համար ծառայություններ մատուցողների պատճառով և Արցախը ոտքի կկանգնի այս զանգվածների բացակայության և որակապես նոր իշխանությունների ու իրավահարաբերությունների արդյունքում:
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ