Փաշինյանի կապիտուլյացիան կարող է հանգեցնել իրադարձությունների շղթայի, որը Հայաստանը կմոտեցնի հարևանների ավտոկրատ հակումներին․ Freedom House
Ժողովրդավարությունը պաշարման մեջ է։ Մինչ 2020-ին մահաբեր համավարակը, տնտեսական և ֆիզիկական անապահովությունը և դաժան հակամարտությունները հոշոտում էին աշխարհը, ժողովրդավարության պաշտպաններն ավտորիտար թշնամիների դեմ պայքարում նոր ծանր կորուստներ ունեցան՝ միջազգային հավասարակշռությունը փոխելով հօգուտ բռնատիրության, «Ազատությունն աշխարհում 2021»-ի (Freedom in the World 2021) զեկույցում գրում է Freedom House-ը։
Ինչպես նշվում է զեկույցում, «ժողովրդավարական անկումը խորանում է ամբողջ աշխարհում և այս ջախջախիչ հարվածները նշանավորում է 15-րդ տարին անընդմեջ գլոբալ ազատությունների անկումը, որն արձանագրվում է 2006 թվականից ի վեր»։
Նշվում է, որ ժողովրդավարության երկարաժամկետ անկման հետևանքները գնալով ավելի գլոբալ բնույթ են ստանում: Աշխարհի բնակչության գրեթե 75 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ անցյալ տարի ժողովրդավարությունը հետընթաց է գրանցել, իսկ շարունակվող անկումն առաջ է բերել ժողովրդավարության թերարժեքության մասին պնդումներ։
«Ավտորիտար կառավարման ընդլայնումը, զուգորդված միջազգային ժողովրդավարության հիմնական ասպարեզում մարող և անհամապատասխան ներկայությամբ, ինչպես նաև քաղաքական վեճերը լուծելու համար ռազմական ուժին հաճախակի դիմելը շոշափելի ազդեցություն են ունեցել մարդու կյանքի և անվտանգության վրա:
Մինչ երկարատև հակամարտությունները բորբոքվում էին այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Լիբիան և Եմենը, Եթովպիայի և Ադրբեջանի առաջնորդներն անցյալ տարի պատերազմներ են սանձազերծել համապատասխանաբար Տիգրայի և Լեռնային Ղարաբաղի շրջաններում՝ հենվելով Էրիտրեայի և Թուրքիայի ավտորիտար հարևանների աջակցության վրա և ապակայունացնելով հարակից շրջանները: Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներն ի չիք են դարձրել Հայաստանում բարեփոխումների հույսերը։
Ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը, որը ժողովրդավարական նորմերի գլոբալ փլուզման ևս մեկ ախտանիշ է, նախորդ տարի տեսանելի դարձավ Լեռնային Ղարաբաղում։ Նոր ռազմական գործողությունները սկսվեցին սեպտեմբերին, երբ ադրբեջանական ռեժիմը, Թուրքիայի վճռական աջակցությամբ, հարձակվեց ԼՂ-ի վրա՝ կարգավորելու տարածքային վեճը, որը տարիներ շարունակ դիվանագիտությունը Հայաստանի հետ չկարողացավ լուծել»,- ասված է զեկույցում։
Նշվում է, որ ԼՂ-ում հակամարտության հետևանքով զոհվել է 6500 զինվոր և հարյուրավոր քաղաքացիական անձինք, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։
«Բացակայում էր միջազգային նշանակալից ներգրավվածությունը և պատերազմը դադարեց միայն այն ժամանակ, երբ Մոսկվան երկու կողմերին պարտադրեց խաղաղարար ծրագիր՝ ամրագրելով ադրբեջանական զինուժի տարածքային ձեռքբերումները, բայց շատ այլ հարցեր թողնելով անպատասխան։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները բացասական ազդեցություն են ունեցել ժողովրդավարության վրա։ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումից զատ, հակամարտությունը սպառնում է ապակայունացնել Հայաստանում կառավարությունը»,- գրում է Freedom House-ը։
Նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան պատերազմում բուռն արձագանք է առաջացրել որոշ ընդդիմախոսների շրջանում, որոնք նոյեմբերին ներխուժել են խորհրդարանը և ֆիզիկապես հարձակվել խոսնակի վրա։ Նման անկարգությունը սպառնում է երկրի դժվարությամբ նվաճած առաջընթացին և կարող է հանգեցնել իրադարձությունների շղթայի, որոնք Հայաստանին կմոտեցնեն իր հարևանների ավտոկրատական միտումներին»։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Բելառուսում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրությունից հետո սկսված բողոքի զանգվածային ակցիաներին։ Նշվում է՝ դրանց հետևանքով Բելռուսում ավելացել են դաժան ճնշումները, զանգվածային ձերբակալությունները և խոշտանգումները, իսկ քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները դարձել են ավելի սահմանափակ։
Խոսվում է նաև Չինաստանի մասին, որտեղ, ըստ Freedom House-ի, առկա է աշխարհում ամենահայտնի բռնապետությունը։ Նշվում է նաև, որ Չինաստանն ամրապնդել է իր գլոբալ ապատեղեկատվության և գրաքննության արշավը։