Հայրապետյաններին պատկանող «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը 2021թ. օրինապահ հարկ վճարողների ցանկում է. antifake.am

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի առաջին եռամսյակի օրինապահ հարկ վճարողների ցանկը, որտեղ տեղ են գտել 66 կազմակերպություններ։ Օրինապահ հարկ վճարող կազմակերպությունների ցանկում է նաև Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն։

2018 թվականի իշխանափոխությունից հետո բացի այն, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանն անցնում են տարատեսակ քրեական մեղադրանքներով, որոնք փաստաբանները քաղաքական հետապնդում են որակում, նաև Հայրապետյաններին պատկանող ընկերություններն են ստուգումներ անցնում։ Իրավապահ մարմինները փորձում են ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել ձեռնարկություններում և միակ բանը, որը կարողացել են գտնել, դա Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ասոցացվող մի մեքենայի տխրահռչակ պատմություն է։

Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը՝ Գռզոն, հայտարարել էր, թե արդեն ավելի քան մեկ տարի է՝ «Բջնի» հանքային գործարանի շուրջ «որոշակի գործընթաց» է ընթանում. գործարանի աշխատակիցներին հարցաքննության են կանչում։  «Գործարանը ապօրինաբար զավթվել է՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա», – հայտարարել էր Սուքիասյանը, ում ընտանիքին պատկանում էր ձեռնարկությունը մինչև 2008 թվականը։ Նա հայտարարել էր, թե գործող իշխանությունները իրավական ճանապարհով պետք է ընկերությունն իրեն վերադարձնեն։

Սուքիասյանի հայտարարությունից հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ պահել է բոլոր այն տեսանյութերն ու լուսանկարները, որոնք վկայում են, թե ինչ ձևով են իրենք 2010 թվականին գնել գործարանը։ «Բացի դրանից՝ Խաչատուր Սուքիասյանն անընդհատ ասում է՝ իրեն ճնշել են, խլել են գործարանը, բայց այդ հայտարարությանը պետք է մի օր վերջ տալ»,- նշել էր Հայրապետյանը և փաստեր հրապարակել «Բջնի» հանքային ջրերի գործարանի՝ 1996-2000 թվականների գործունեության վերաբերյալ։ Ըստ Հայրապետյանի՝ նշված տարիներին գործարանը պետությանը հարկեր չի վճարել։

«Եթե ուշադրություն դարձնեք, 2008 թվականին են ամենամեծ հարկը տվել՝ 420 մլն դրամ, այն պատճառով, որ փետրվար ամսից ստուգում է եղել գործարանում, և ստիպված են եղել մուծել: Այս անօրինականության դեպքում պետությունն ակտեր պետք է գրե՞ր, թե ոչ»,- ասել էր նա և հավելել, որ 12 տարվա ընթացքում ընդամենը 917 մլն դրամ հարկ է վճարել այդ ընկերությունը:

Հայրապետյանը ցույց էր տվել հարկային մարմիներից ստացված այլ փաստաթուղթ, որով արդեն երևում էր, թե որքան հարկ է վճարել Բջնի գործարանն իր գնելուց հետո:

Համաձայն այդ փաստաթղթի՝ «ՌՌՌ» հանքային ջրերի ՓԲ ընկերությունը 2010թ.-ից առ 2019թ.-ի 3-րդ եռամսյակը ներառյալ վճարել էր մոտ 3.600.000.000 ՀՀ դրամ հարկեր։

«Բջնի» հանքային գործարանի կողմից իր ղեկավարման տարիներին հարկեր թաքցնելու առնչությամբ Գռզոն հայտարարել էր, թե դրանով արդեն զբաղվում են իրենց փաստաբանները և հաշվապահները: «Մեր փաստաբանների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն»։ Մինչդեռ այս հայտարարություններից շուրջ 1,5 տարի անց Սուքիասյանի փաստաբանների և հաշվապահների կողմից հանրությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։

Հաշվի առնելով դա, ինչպես նաև հանգամանքը, որ «ՌՌՌ» ընկերությունը հայտնվել է օրինապահ հարկ վճարողների 2021 թվականի առաջին եռամսյակի կազմակերպությունների ցանկում, կարելի է հետևություն անել, որ գործող իշխանության կողմից իրենց «սրտին ոչ ցանկալի» գործարարների ընկերություններում չարաշահումներ հայտնաբերելու մոլուցքով կատարված ստուգումներն այդպես էլ արդյունք չեն տվել։ Իսկ իշխանության «սրտի» օլիգարխների հայտարարությունները՝ «նախկիններ-թալան» «մասկի շոու»-ի բաղկացուցիչ մասն է կազմել։

antifake.am

Տեսանյութեր

Լրահոս