Բաժիններ՝

Հացի, ալյուրի, ձվի, մսի գնի թեկուզ 10 դրամով բարձրացումը բեռ է մեր բնակչության համար և այդ մասին պետությունը պետք է մտածի. Ռուբեն Հայթյան

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակների գները չեն նվազում: «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ ընդհանրապես թանկացումները լինում են հիմնավորված, մասամբ հիմնավորված և չհիմնավորված, և իր կարծիքով՝ հիմա մի շարք ապրանքների թանկացումը մասամբ է հիմնավորված, որովհետև դա ավելի շատ ոչ թե միջազգային շուկայի գներից  է կախված, այլ մեզ մոտ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի հարաբերությունից:

«Հացի, ալյուրի, ձվի, մսի գնի թեկուզ 10 դրամով բարձրացումը բեռ է մեր բնակչության համար, և այդ մասին պետությունը պետք է մտածի, և այն գործարարները, ովքեր զբաղվում են հացահատիկի ներկրմամբ, ալյուրի արտադրմամբ, նրանց պետք է հավելավճար տա, որպեսզի սպառողի վրա չազդի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայթյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե ալյուրի գինը զգալի բարձրացել է. օրինակ, 10 կգ ալյուրի գինը 2400 դրամից բարձրացել է՝ դառնալով 2800 դրամ, իսկ ցորենի բարձր որակի ալյուրի 50 կգ-ն արժե 12․400-13․500 դրամ, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր մոտ 12.000 դրամով, նկատեց.

«Ալյուրը վաղուց է թանկացել: Հացն էլ երևի մոտ 2 ամիս առաջ սկսեց թանկանալ: Հետաքրքիրն այն է, որ բացի այն, որ հացի գինը բարձրացրեցին, քաշն էլ որոշ տեղեր նվազեցրեցին: Ու ստացվեց, որ թանկացումը ոչ թե 10 տոկոս, այլ 20 տոկոս եղավ: Ի դեպ, շատ տեղերում, որ գնապիտակը փակցնում են, ինչի արդյունքում քաշը չի երևում, բայց երբ ասում ես՝ ցույց տվեք քաշը, տեսնում ես, որ  նվազել է:

Նույն թանկացումները նաև Ռուսաստանում են. ձեթը, շաքարավազը և ալյուրը ՌԴ-ում մոտ 50 տոկոսով բարձրացել են, ու ավտոմատ մեզ մոտ էլ այդպես եղավ, քանի որ զգալի մասը հիմնականում ներկրում են Ռուսաստանից: Սակայն ՌԴ կառավարությունը տնտեսվարողներին առաջարկեց, որ շեմ դնեն ու գինը ավելի շատ չբարձրացնեն»:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց՝ հավկիթի գինը սկսել է նվազել, արդեն հնարավոր է շուկայից գնել 80-85 դրամով՝ նախկին 110 դրամի փոխարեն:

Հավելենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 7.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.9% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9% գնաճերը: Մրգի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է՝ 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 6.9% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է՝ 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ՝ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է՝ 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է՝ 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ՝ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է՝ 2.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ:

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ՝ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է՝ 3.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ: 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է՝ 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%): 2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի 0.7% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս