Բաժիններ՝

«Դեռևս նախորդ տարվանից սկսված տնտեսական ճգնաժամը ոչ միայն չի կանգնել, այլև ավելի է խորանում». Տնտեսագետ

Չնայած այն հանգամանքին, որ տարբեր փորձագետներ բազմիցս նշել են, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է անկումային վիճակում, այդուհանդերձ ոլորտի քաղաքականություն մշակողներն ու վարողները հակառակն են ասում, թե տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե տնտեսությունը վերականգնվում է, և այս տարի երկնիշ տնտեսական աճ է նախատեսվում, Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էլ նախարարին լրացնելով՝ փաստում է, որ՝ այո՛, երկրում տնտեսությունը վերականգնվում է։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասաց, որ տնտեսությունը վերականգնվելու որևէ նախանշան ցույց չի տալիս, դա է վկայում նաև Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող պաշտոնական վիճակագրությունը։

«Ակնհայտ է, որ դեռևս նախորդ տարվանից սկսված տնտեսական ճգնաժամը ոչ միայն չի կանգնել, այլև ավելի է խորանում։ Վերջին վիճակագրական տվյալները ևս դրա մասին են փաստում։ Հետևաբար՝ ինձ համար անհասկանալի են պետական պաշտոնյաների նման հայտարարությունները, որովհետև փաստացի նույն պաշտոնական վիճակագրությունը մեկ այլ պետական մարմին՝ ի դեմս Վիճակագրական կոմիտեի, բոլորովին այլ պատկեր է ներկայացնում»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Հարցին՝ պաշտոնյաների նշած տնտեսության վերականգնումը քաղաքացիները ե՞րբ  կզգան իրենց վրա, տնտեսագետը պատասխանեց, որ իրականում քաղաքացիների վրա տնտեսական արդյունքն արդեն իսկ նկատելի է՝ սոցիալական այն ծանր բեռի տեսքով, որն ընկած է հասարակության լայն շերտերի ուսերին։

«Այս ամենը մի կողմից՝ պայմանավորված է եկամուտների անկմամբ, մյուս կողմից՝ գների բարձրացմամբ, հատկապես սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են էապես աճել։ Հետևաբար՝ այս համատեքստում խոսել, որ հասարակության, բնակչության համար դրական միտումներ են սպասվում, ցավոք, չենք կարող»,- հավելեց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի նշած երկնիշ տնտեսական աճին, ապա Կառլեն Խաչատրյանը համոզված է, որ այս տարի տնտեսությունը գրեթե չի աճելու, կամ աճը չնչին է լինելու, 3 տոկոսը չի գերազանցելու։

«Իմ դիտարկումներով՝ 2021 թվականին մենք լավագույն դեպքում 0-3 տոկոսանոց տնտեսական աճ կարող ենք ունենալ, սա ոչ թե գուշակությունների մակարդակով է, այլ այն միտումներով, որ մենք վերջին 1-1,5 տարվա ընթացքում ունեցել ենք։ Նաև՝ առաջիկայում սպասվող միջոցառումներին նայելով։ Եթե մենք հաշվի ենք առնում այն միտումները, որոնք կան, և այն, որ որևէ բան չի ձեռնարկվում տնտեսության մեջ աշխուժություն մտցնելու համար, այսինքն՝ իշխանությունների վարվող տնտեսական քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում, որ իրավիճակը քիչ թե շատ լավանա։ Սա արդեն իսկ վկայում է  այն մասին, որ ճգնաժամը գնալով խորանալու է»,- շեշտեց տնտեսագետը։

Անդրադառնալով Հայաստանում գրանցված գնաճին և պաշտոնյաների հավաստիացումներին, թե ամբողջ աշխարհում է գրանցվել գնաճ, Կառլեն Խաչատրյանն ընդգծեց, որ ճիշտ է, ամբողջ աշխարհում գնաճ կա, սակայն, ոչ այն չափերի, ինչպես Հայաստանում է։

«Մարտ ամսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 5,3 տոկոսով, նույն ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում՝ 1,4 տոկոսով, հարևան Վրաստանում՝ 2,8, Թուրքիայում՝ 0,5 տոկոսով, և այլն։ Այսինքն՝ երբ համադրում ենք աշխարհի միտումները, ակնհայտ է, որ մեզ մոտ ընդհանուր առմամբ գների մակարդակն առնվազն 3 անգամ ավելի է աճում, երբեմն՝ 4-5, քան տարածաշրջանային մյուս երկրներում։ Հետևաբար՝ այդ պնդումը մոլորություն է»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս