Տարածաշրջանում Վաշինգտոն-եռյակ դիմակայությունը խորանալու է. Տարասով
Վաշինգտոնը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար ավելի արդյունավետ է համարում պայմանավորվածությունները ԵԱՀԿ-ի՝ «այն կազմակերպության հետ, որը ստեղծվել է դրա համար, և դա ԵԱՀԿ-ն է»։ Թուրան գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ջորջ Քենթը Սենատի Միջազգային հարաբերությունների ենթահանձնաժողովի առջև իր ելույթում ասել է, որ վերջին քառորդ դարում շրջանակներ են ստեղծվել Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների լուծման համար, և դա ԵԱՀԿ-ն է։
«Սա համապատասխանող կառույց է, որի բոլոր մասնակից երկրներն անդամներ են ու կիսում են հավատարմությունը միասնական արժեքների ու գործընթացների նկատմամբ։ Բայց Ռուսաստանի առաջարկած 3+3 ձևաչափը մեծ նահանջ է այդ արժեքներից»,- ասել է Քենթը։
Նա ակնարկել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի ծավալումը խաղաղապահների տեսքով նշանակում է, որ Ռուսաստանը դիրքեր ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։ Թուրքական ու ռուսական զորքերը ներկայում գլխավորում են Ադրբեջանում հրադադարի պահպանման կենտրոնը։ Քենթի կարծիքով, 3+3 տարածաշրջանային ձևաչափը, որն առաջարկել են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, «փորձում է օգտվել այդ նոր դինամիկայից տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության հետագա ուժեղացման համար»։
«Ներկայում մենք ուսումնասիրում ենք միջոցները, որոնց օգնությամբ ԱՄՆ-ը կարող է ավելի սերտ համագործակցություն հաստատել Հարավային Կովկասի երկրների միջև՝ պահպանելով նրանց ինքնիշխանությունն ու գործողությունների ազատությունը»,- նշել է Քենթը։
Վաշինգտոնը կարծում է, որ Վրաստանի արևմտյան կողմնորոշման ամրապնդման ուղղությամբ ջանքերը «առանձնահատուկ կարևոր են Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ինտենսիվ ռազմական գործողություններից հետո»:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Քենթի մեկնաբանություններին, ասաց, որ 3+3-ը եղել է սկզբնապես Անկարայի նախաձեռնությունը, որի վերաբերյալ տարածաշրջանում դեռևս կոնսենսուս չկա նախատեսվող բոլոր մասնակիցների միջև, տարաձայնությունները դեռ շարունակվում են, թեև տարածաշրջանը նոր էներգետիկ, տրանսպորտային քարտեզի ձևավորման մեկնարկային փուլում է:
Սակայն, նրա որակմամբ, Վաշինգտոնը հասկանում է, որ Հարավային Կովկասում կարող է ամուր առանցք ձևավորվել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի մասնակցությամբ, ինչն ավելի կթուլացնի արևմտյան ներկայությունը տարածաշրջանում:
Տարասովի որակմամբ՝ տարածաշրջանում հետաքրքիր խաղ է գնում, ամեն ինչ դեռ զարգանում է:
«Վերջին ամիսներին Իրանն էլ ավելի մեծ ուշադրություն է հատկացնում Ղարաբաղյան հակամարտությանը, Թուրքիայի և Ռուսաստանի հետ համագործակցությանը տարածաշրջանային խնդիրների շուրջ, Իրանը ցանկություն ունի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, որը ևս կարևորագույն քայլ կդառնա ռեգիոնում: Ընդհանուր առմամբ պատերազմով և դրան հաջորդած որոշումներով տարածաշրջանում փոխվել է ստատուս-քվոն, որում ակտիվ դերակատարություն ունի Ռուսաստանը, ինչ–որ տեղ՝ նաև Թուրքիան, որոշ փորձեր է անում ակտիվության Իրանը, քննարկվում է տարածաշրջանային տնտեսական ապաշրջափակումը, որը ներառում է ողջ տարածաշրջանը և այս բոլոր երկրներին Վրաստանի համաձայնության դեպքում: Մինչ այս պահը տեսնում ենք, որ Վրաստանը հեռու է մնում, և Արևմուտքը, բնականաբար, ամեն կերպ նպաստելու է այդ դիրքորոշման ամրապնդմանը, սակայն տարածաշրջանում նոր տրանսպորտային սխեմայի դեպքում նվազելու է Վրաստանի տարածաշրջանային տարանցիկ-տնտեսական նշանակությունն Ադրբեջանի և Թուրքիայի համար:
Ավելի կարևորն այն է, և դա փոխում է ողջ աշխարհը, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան դեմ չեն աշխատել կոալիցիայով, սակայն դեռ ժամանակ է հարկավոր հասկանալու համար նաև այն, թե նրանց այս ձգտումներն իրավիճակայի՞ն են, թե՞ ավելի խորքային: Բնականաբար, այն, ինչ ասում է ամերիկացի պաշտոնյան, հասկանալի է՝ ԱՄՆ-ը պետք է փորձի թուլացնել սա՝ ճնշումներ գործադրելով այս երեքի նկատմամբ պատժամիջոցներով և այլ հնարավոր միջոցներով:
Այլ տարբերակ չունենալով՝ Արևմուտքը կրկին առաջին պլան է փորձում բերել Ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբով, սակայն տարածաշրջանում ստատուս-քվոն փոխվել է և, ենթադրաբար, ԱՄՆ-ը փնտրում է միջոցներ նոր իրավիճակին միջամտելու և դրա վրա ազդելու համար: Թե ինչու դրա համար չօգտագործվեց պատերազմյան փուլը կամ դրան նախորդած փուլը, հայտնի չէ, այնուամենայնիվ, ներկայումս քաղաքականությունն ուրվագծվում է, և դա կանխատեսելի էր: Իհարկե, նրանում, թե ինչպես կձևավորվի տարածաշրջանային համագործակցությունը, մեծ դեր կունենա Արևմուտքի պահվածքը, ու, բնականաբար, որքան շատ ճնշումներ լինեն, այնքան շատ գոնե իրավիճակային համագործակցություն կլինի»,- ասաց Տարասովը:
Ըստ նրա, եթե Արևմուտքը և այլ կողմեր ցանկանում են աշխատել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ապա Ռուսաստանը հայտնել է, որ դեմ չէ, կարող է այդ աշխատանքը վերսկսվել:
«Բայց ինչպես տեսնում ենք՝ որևէ նախաձեռնություն դեռ չկա, կարծես որևէ հանդիպում ծրագրված չէ, ՄԽ-ն, ավելին, ոչինչ չկարողացավ անել պատերազմի ընթացքում, իսկ հիմա ինչ կարող է անել, գուցե ժամանակը ցույց տա, երբ բոլորը հասկանան, թե ինչ օրակարգով է պետք առաջ շարժվել: Կարծում եմ՝ դա վերաբերում է այս հարցում նաև ԱՄՆ-ին, որը ցանկանում է դեր ունենալ, բայց չգիտի դեռ՝ ինչպես: Այնուամենայնիվ մի բան հաստատ կարող ենք ասել, որ աջակցության միջոցով քայլեր կլինեն, իսկ դիվանագիտությունն ինչպես կաշխատի՝ դժվար է ասել: Այնուամենայնիվ, Վաշինգտոն-եռյակ դիմակայությունը խորանալու է, և Վաշինգտոնի արձագանքը դա ցույց տվեց»,- ասաց նա: