Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն անհատական ցուցահանդեսով կպատմի Արցախյան 44-օրյա պատերազմի մասին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աշխատանքներում արտացոլված են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկանց ապրած ցավը, կորուստը, խորտակված երազանքները, բայցև ապրելու վճռականությունը, հավատն ապագայի հանդեպ:
Հեղինակն իր լուսանկարչական աշխատանքները Երևանում կներկայացնի ապրիլի 8-ին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ղահրամանյանն ասում է, որ լուսանկարներում մարդկային կյանքեր են, ավերակներ, զինվորներն են մարտական գործողությունների ժամանակ, փրկարար ծառայության աշխատակիցները:
«Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսն ամեն ինչի մասին է. և՛ ուրախություն կա, և՛ տխրություն, և՛ պայքար, կա նաև հաղթանակի մեծ հույս: Նկարում էի այն հույսով, որ գնում ենք դեպի հաղթանակ: Մինչև վերջին օրն այդպես էի կարծում: Նոյեմբերի 9-ին էլ Շուշիի մատույցներում արված լուսանկարներ ունեմ»,- նշում է Դավիթն ու հավելում, որ ցուցահանդես են կազմակերպել կատարվածի մասին պատմելու համար:
Ըստ Ղահրամանյանի՝ հայ զինվորները չեն պարտվել, նրանք պատվով կատարել են իրենց խնդիրը և կկատարեին մինչև վերջ, եթե ամեն բան այդպես չավարտվեր:
Նա վստահ է՝ ինչքան էլ մեզ պատմեն պատերազմի մասին, լուսանկարները կարող են ավելին ասել: «Հիմա մի փուլ է սկսվել, որ ինչպես 1990-ականներին, այնպես էլ մեր օրերում հայերի դեմ պատերազմ է հայտարարաված, և Արցախյան 44-օրյա պատերազմն ընդամենը սկիզբն էր: Լուսանկարներում ընդգծվում է, թե ինչպես էին քաղաքացիները, զինվորները պայքարում, ապրում»,- շեշտում է Ղահրամանյանը:
Լուսանկարիչը հնարավորություն չի ունեցել լինել Արցախի բոլոր կետերում, քանի որ եղել են նաև արգելված գոտիներ, բայց այնտեղ, որտեղ եղել է, մարտական գործողությունների ականատես է դարձել և տեսախցիկով որսացել է պահերը, նկատել, որ զինվորները ժպիտով են մարտնչում, հաղթանակի հույսով: «Ես վախի զգացում ունեցել եմ, բայց հստակ գիտակցում էի, որ եթե եկել, հասել ես այդտեղ, չպետք է վախենաս: Պետք է խոստովանեմ, որ զինվորները թույլ չէին տալիս շատ վախենալ, քանի որ կրակի կարկտի տակ իրենց գործն էին անում, և ես նրանց կողքին փոքր մարդ էի ինձ զգում, ինձ թույլ չէի տալիս արտահայտել վախս. այդպես կարող էի խանգարել, կոտրել նրանց»,- պատմում է լուսանկարիչը:
Նա տեղեկացնում է, որ աշխատանքների ցուցահանդես է կազմակերպելու նաև Ստեփանակերտում, հետագայում՝ արտերկրում:
Երևանյան ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը: