Անողոք ու անխիղճ գնաճը
Քաղաքական անհոդաբաշխության աստիճան անհավանական իրավիճակը ստվերել է ամեն ինչ: Ներառյալ՝ տնտեսական խնդիրները: Առայժմ հայտնի են միայն հունվար ամսվա սոցիալ-տնտեսական իրավիճակը ներկայացնող մակրոտնտեսական թվերը: Անկումների ցուցանիշները, մեր գործող իշխանությունների երբեմնի բառապաշարով ասած, աննախադեպ են:
Եթե հիշում եք, իշխանության գալու առաջին օրերից գործող իշխանություններն իրենց բոլոր քայլերը հենց «աննախադեպ» էին որակում: Տևական ժամանակ: Հիմա, իհարկե, դժվար է վիճարկելը, որ ռազմաքաղաքական ոլորտում նրանց գործունեության արդյունքներն իսկապես «աննախադեպ» են: Ու, թերևս, այդ աննախադեպ ծանր հետևանքների պատճառով հասարակությունը չի նկատում սոցիալ-տնտեսական ոլորտի աննախադեպ արդյունքները: Պարզապես թվարկենք տնտեսական անկման պաշտոնական հաշվետվության թվերը:
Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կրճատվել է 7.5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 18.8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 15.1, միջին աշխատավարձը երկրում կրճատվել է 3.8 տոկոսով, արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 16.8 տոկոսով:
Արտահանումը կրճատվել է 11.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 20 տոկոսով: Սրանք մակրոտնտեսական հիմնական անկումներն էին: Իսկ աճ արձանագրվել է գնաճի ոլորտում: Բնականաբար: Ընդ որում՝ հունվարին սննդամթերքի գներն աճել էին 4.5 տոկոսով, իսկ արդյունաբերական ապրանքների գնաճը 5.5 տոկոս էր: Ու հիմա պաշտոնապես արդեն հայտարարվում է «Սպառողական գների ինդեքսը 2021թ. հունվար-փետրվարին»:
Գնաճը չի կանգնել: Ցավոք: Սննդամթերքի հունվարյան 4.5 տոկոսանոց գնաճը հունվար-փետրվարին շարունակել է աճել՝ դառնալով 5.1 տոկոս: Պաշտոնական վիճակագրությունը գնաճի պես տխուր լուրերը նրբագեղ փաթեթավորմամբ մատուցելու շնորհ ունի:
Նախ՝ մեզ տեղեկացնում են, որ սպառողական գների ինդեքսն անցած տարվա համեմատ աճել է 5.3 տոկոսով: Հետո նոր տեղեկացնում, որ այդ միջին 5.3 տոկոսը ձևավորվել է՝ սննդամթերքի 7.9 տոկոսանոց, ոչ պարենային ապրանքների 6.7 և ծառայությունների 1.6 տոկոսանոց աճերի ցուցանիշների «միջինացման» արդյունքում:
Հիմա բերենք միայն ուղղակի տվյալներ պաշտոնական վիճակագրությունից.
«2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 7.8%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ»:
«Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ»:
«Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.5% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է 50.4%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4%)»:
Բայց ինչպես ասվում է հանրահայտ հեռուստագովազդում՝ «Սա դեռ ամենը չէ»: Արևածաղկի ձեթի 50.4 տոկոսանոց անկման փաստին կից նմանատիպ այլ փաստեր էլ կան: Օրինակ, «Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է համապատասխանաբար՝ 8.4% և 13.3%»:
Կամ այլ օրինակներ՝ «2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.5%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով»:
Եվ, վերջապես, բոլոր իշխանությունների ու ժամանակների ամենասիրելի մոնոպոլիստական ապրանքախումբը. «Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ»:
Բայց չկասկածեք, որ առաջին անհրաժեշտության ապրանքների (օրինակ, ձեթի՝ 50.4 տոկոս, շաքարի՝ 40.6 տոկոս և այլն) գնաճի կողքին մեր իշխանությունները կգտնեն կահույքի հատակի առանձնահատուկ գորգերի գներ, որոնք գնանկում են արձանագրել: Դրանցով սպառողական գների 2-3 տոկոսանոց գնաճ կմիջինացնեն:
Կմիջինացնեն ու կհպարտանան իրենց աշխատանքով: