Բաժիններ՝

Հայերեն են թարգմանվել Սեթ Գոդինի բեսթսելերները

«Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերը թարգմանվել են հայերեն:

Գրքերի շնորհանդեսը տեղի կունենա Գործարարի օրը՝ մարտի 3-ին Wine Time-ում:

Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:

«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Սեթ Գոդինի գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքերը, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն:

«Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացելու տարբերակ է»,-իր գրքում փաստում է Գոդինը:

Իսկ «Մանուշակագույն կով» գրքին, ապա այն դասական բեսթսելեր է, որը բիզնեսի ամբողջ աշխարհին սովորեցրեց, որ ապահովը ռիսկային է, շատ լավը՝ վատ, և որ ամենակարևորն է, կա երկու տարբերակ՝ աչքի ընկնել կամ մնալ անտեսանելի: «Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր»,-նշում է հեղինակը:

«Սա է մարքեթինգը» թարգմանել է Աստղիկ Օսկանյանը, իսկ «Մանուշակագույն կով»-ը՝ Աստղիկ Աթաբեկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս