Նախկին միլիարդները չտեսանք, հիմա էլ նոր միլիարդներից են խոսում
Տարբեր առիթներով կառավարությունը հայտարարել է, որ քննարկվում են բազմաթիվ ներդրումային ծրագրեր։ Խոսվում է միլիարդավոր դոլարների հասնող փաթեթների մասին, բայց այդպես էլ այդ ծրագրերը չենք տեսնում։ Դրանք չեն իրականանում։ Փոխարենը՝ մշտապես լսում ենք, որ ներդրումները կրճատվել են, իսկ նախորդ տարի նույնիսկ հասել են կատաստրոֆիկ ցածր մակարդակի։
Դժվար է հիշել, թե վերջին 2-3 տարում Հայաստանում քիչ թե շատ հայտնի ինչ ներդրումային ծրագիր է իրականացվել։ Եթե նույնիսկ իրականացվել է, ապա միայն ֆոն ապահովելու համար։ Այդ ծրագրերը մեկնարկից կարճ ժամանակ հետո փակվել են։
Դեռ 2 տարի առաջ հատարարվում էր ընդհուպ մինչև 3,5 մլրդ դոլարի հասնող փաթեթների մասին։ Բայց ժամանակը գնում է, իսկ միլիարդների հասնող ծրագրերը քննարկումներից այն կողմ այդպես էլ չեն անցնում։
Որպես այդպիսին, ներդրումներ Հայաստանում գրեթե չեն կատարվում կամ շատ սուղ են։ Դա պատերազմի հետևանքը չէ։ Մինչև պատերազմն էլ այդպես էր։ Պատերազմից հետո հայտնվել ենք սարսափելի վատ վիճակում։ Եվ ոչ միայն ներդրումների ծավալների, այլև միջավայրի առումով։
Ներդրումային միջավայրը Հայաստանում նախկինում էլ գրավիչ չի եղել։ Այժմ պարզապես վանում է ներդրողներին։ Հասկանալի է, որ խելքը գլխին ներդրողն այս պայմաններում չի գա ու ներդրումներ չի անի Հայաստանի տնտեսության մեջ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ եվրոբոնդերի վերջին թողարկումը վկայում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները վստահում են Հայաստանի տնտեսությանը։
Թե ինչքանով են ներդրողները, առավել ևս՝ օտարերկրյա ներդրողները, վստահում մեր տնտեսությանը, երևում է կատարված ներդրումների ծավալներից։ Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը ոչ մի կերպ չի համընկնում ներդրողների վարքագծի հետ։ Այդպես էլ Հայաստանի տնտեսությունը չտեսավ ոչ միայն խոստացված բումը, այլև կորցրեց ու շարունակում է կորցնել եղած ներդրումները։
Դա նոր չի սկսվել, և ոչ էլ համավարակից հետո։ Մինչ այդ էլ տնտեսությունը կորցնում էր ներդրումները։
Եթե 2018թ. Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 154 մլն դոլար, ապա 2019թ. կազմեցին 100 մլն դոլար՝ նվազելով 54 միլիոնով։ Բայց նվազումն այդքանով չավարտվեց։ Անցած տարի մեկ այլ հակառեկորդ գրանցվեց՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն 9 ամսում կազմեցին ընդամենը 600 հազար դոլար՝ նախորդ տարվա 79 մլն դոլարի դիմաց։ Տարբերությունն ահռելի է։
Ու այսքանից հետո կառավարությունը ներդրումներից է խոսում։ Վերջին օրերին այդ թեման կրկին օրակարգ է բերվել։
Նպատակների մասին շատ չխոսենք, որովհետև նպատակները հասկանալի են. կառավարությունը վստահության լուրջ դեֆիցիտ և հասարակությանը ստերով կերակրելու միջոցով իր գոյությունը երկարացնելու կարիք ունի։ Ներդրումների թեման ապագայի նկատմամբ հույսեր արթնացնելու լավագույն միջոցներից մեկն է, ինչից փորձում է օգտվել կառավարությունը։ Այլ հարց է, թե այս անգամ դա նրան որքանով կհաջողվի։
Նախկինում իշխանություններն այս թեման շատ են շահարկել։ Միլիարդավոր դոլարի հասնող ներդրումային ծրագրերի մասին են խոսել, բայց այդ ծրագրերը չկան։
Հիմա նման ծրագրեր իրականացնելու հետ կապված ռիսկերն անհամեմատ ավելի մեծ են, և սպասել, որ այս անգամ դրանք կիրականանան, հավանականությունները շատ փոքր են, եթե նույնիսկ կան։ Ամեն դեպքում, կառավարությունը չի ուզում ներդրումների թեման շահարկելու հնարավորությունը ձեռքից բաց թողնել։
Օրերս Փաշինյանի մասնակցությամբ ներդրումային ծրագրերի վերաբերյալ մի խորհրդակցություն տեղի ունեցավ Էկոնոմիկայի նախարարությունում։ Հայտարարվեց, որ Ներդրումների աջակցման կենտրոնը ներդրողների հետ քննարկում է 6 տասնյակ կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնց գինը հասնում է 1,5 մլրդ դոլարի։
Ի՞նչ ներդրումային ծրագրեր են դրանք և ե՞րբ կիրականանան, այդպես էլ ոչինչ չասվեց։ Պարզ է, թե ինչու։ Ասելիք չկա։
Ներդրողները հակված չեն Հայաստանում ներդրումներ կատարել նույնիսկ այն պարագայում, երբ պետությունն է պատրաստ մասնակցել դրանց։ Այդ գաղափարը ժամանակին առաջ քաշվեց՝ համավարակի հետևանքները մեղմելու միջոցառումների շրջանակներում։ Պարբերաբար կառավարությունում խորհրդակցություն են հրավիրում՝ քննարկելու, թե ի՞նչ է արվել և ինչպիսի՞ ծրագրեր կան։ Անցել է շուրջ 1 տարի, բայց այդպես էլ մինչև հիմա պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում որևէ մի ծրագիր չի իրականացվել։
Այս ընթացքում հայտարարվել է ընդամենը մեկ ծրագրի հավանություն տալու մասին։ Խոսքը վերաբերում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն կազմակերպելուն։ Ծրագրի արժեքը 4 մլն դոլարի կարգի էր, որի շրջանակներում պիտի արտադրվեին կորեական ավտոբուսներ։ Սարքավորումները պիտի բերվեին, Հայաստանում հավաքվեին։
Ոչինչ, որ ծրագիրը շատ խնդրահարույց էր, ու տարօրինակ էր, որ կառավարությունը համաձայնություն էր տվել մասնակցել դրան, հիմա ավտոբուսների արտադրության մասին այլևս չեն էլ խոսում։ Հավանաբար հասկացել են, որ ծրագիրն ապագա չունի։
Պարզապես զարմանալ կարելի է իշխանությունների տրամաբանության վրա. հիմա ի՞նչ ներդրումային ծրագրերի իրականացման մասին կարող է խոսք լինել, երբ նույնիսկ պետության ապագան է ռիսկի տակ։ Էլ չենք խոսում իշխանությունների ապագայի մասին։ Վստահության այն մեծ դեֆիցիտը, որ կա իշխանության նկատմամբ, թույլ չի տալու Հայաստանում ներդրումներ կատարել այնքան ժամանակ, քանի դեռ նոր իշխանություն չի ձևավորվել։ Դեռ հարց է, թե նոր իշխանություններից էլ որքան ժամանակ ու ջանքեր պիտի պահանջվեն՝ ներդրողներին համոզելու և Հայաստան բերելու համար։ Ի՞նչ հիմքով հիմա ներդրողները պիտի գան ու ներդրումներ կատարեն մեր երկրում, երբ իշխանությունը երաշխիք չունի նույնիսկ իր ապագայի նկատմամբ։
Այդպիսի պայմաններում անիմաստ է ներդրումային ծրագրերի հետ կապված հույսեր փայփայելը։ Որքան էլ ուզենանք կամ ոչ, սա պետք է ընդունել և քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը երկրում լիցքաթափելու համար։ Բայց հանձին օրվա իշխանության՝ մենք գնում ենք մի ճանապարհով, որը երկիրը տանում է առճակատման խորացման և լարվածության երկարաձգման։
Սա ոչ թե ներդրումների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման, այլ ներդրումների փախուստի ճանապարհ է, ինչը միայն խորացնելու է ճգնաժամը մեր երկրում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ